Հայաստանը կանցնի իր ուղին դեպի Եվրոպա

Կարեն Բեքարյան.

Հայաստանը կանցնի իր ուղին դեպի Եվրոպա

PanARMENIAN.Net - Եվրոպական արժեքների համակարգը Հայաստանին հարազատ է, եւ ԵՄ-ի հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցելու ծրագիրը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի վրա: Այն մասին, թե Հայաստանին ինչ է սպասվում այդ ծրագրի հաջող իրականացման դեպքում, PanARMENIAN.Net-ին պատմել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
Ի՞նչ կտա Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրագործումը:

Հայկական հանրությունում բավականին սխալ են պատկերացնում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագիրը: Մարդկանց մեծամասնությունը այնպիսի տպավորություն ունի, թե դա Milleniumi-ի նման հերթական դրամաշնորհն է: Իրականում, սա ավելի շուտ քաղաքական համագործակացություն է, եւ միայն հետո` տնտեսական: Գործողությունների ծրագիրը եվրաինտեգրման ճանապարհին իրական ուղու քաղաքականությունն է: Ինչպես հայտնի է, այս ծրագրով ԵՄ-ն անհատական ձեւաչափով աշխատում է 17 երկրների հետ, այդ թվում եւ Հարավային Կովկասի երկրների հետ: Սկզբնապես, Հարավային Կովկասի երկրները դիտարկում էին որպես մի ընդհանրություն, այդպիսի մոտեցումը նկատվում էր անկախության առաջին տարիներին: Սակայն հետագայում ընդունվեց, որ դա շատ սխալ մոտեցում է. այն շատ սուբյեկտիվ է, նման մոտեցման դեպքում բացակայում է առողջ մրցակցությունը: Այսինքն ստացվում էր, որ ուժեղ երկիրը իր ետեւից կտանի թույլին: Ներկայումս ԵՄ-ն ճշգրիտ ծրագրով է աշխատում` նախատեսված առանձին երկրների համար: Այո, նրանք իրենց շահերն ունեն, սակայն մենք եւս կարող ենք սեփական շահերն առաջ տանել: Դա քաղաքական տեսանկյունից: Իսկ տնտեսական... Որքան էլ տարօրինակ թվա, Եվրոպայի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կանգնած է առջին տեղում, ապա ԱՊՀ երկրները, եւ միայն հետո Ռուսաստանը: Մեր գլխավոր առեւտրային գործընկերը Եվրոպան է: Սակայն իրավական դաշտ չկա, օրենսդրությունը կարգավորված չէ: Եւ հնարավոր է ծրագրի հաջորդ քայլը լինի հենց օրենսդրության եւ իրավական նորմերի համախմբումը: Կա եւս մեկ, կարեւոր հանգամանք: Մենք, ցավոք, ընդհանուր սահման չունենք, ու դա ինչ-որ չափով արգելակում է ինտեգրման գործընթացը: Սակայն ես կարծում եմ, որ Հայաստանը կանցնի իր ուղին դեպի Եվրոպա: Պետք է մի շատ կարեւոր հանգամանք ընդգծել. ԵՄ ծրագրի Գործողությունների ծրագիրը ոչ մի դեպքում չի ենթադրում վերջում անդամակցություն Եվրամիությանը: Դրանք բացարձակ տարբեր բաներ են եւ նրանք, ովքեր դրանք կապում են, սխալ ուղու վրա են եւ ապակողմնորոշում են հասարակությանը:

Հայաստանում տարբեր կարծիքներ գոյություն ունեն ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության դեպքում: Ինչ եք կարծում, ինչպիսի՞ հետեւանքներ դա կունենա մեզ համար:

Թուրքիան պետք է լինի Եվրամիության անդամ: Բազմաթիվ անգամներ ասվել է, որ այդ դեպքում մենք Եվրոպայի հետ ընդհանուր սահման կունենանք, մենք կանխատեսելի հարեւան կունենանք: Սակայն դա այն դեպքում, եթե Թուրքիան իր ստանձնած պարտավորությունները կատարի, որոնք նրա առջեւ դնում է Եվրամիությունը, իսկ դա մի քանի տարվա աշխատանք չէ, դա երկար գործընթաց է: Թուրքիան պետք է ինտեգրվի եվրոպական հասարակություն եւ բաժանի նրա արժեքները: Թուրքիան շատ մեծ երկիր է եւ նրա համար դա ավելի բարդ է, քան, ասենք, Հայաստանի համար: Փոքր եւ միաէթնիկ երկիրը, ինչպիսին մերն է, ինտեգրման ավելի մեծ շանսեր ունի, քան մեծ երկիրը: Ահա ԵՄ-ն պատրաստվում է ընդունել Ալբանիային եւ այդ մահմեդական երկրի օրինակով տեսնել, թե ինչ դուրս կգա, այսինքն` ինչպես իրեն կպահի իսլամական երկիրը, Եվրոպայում «վետո»-ի իրավունք ստանալու դեպքում:

Ի՞նչ կարող է բերել Հայաստանին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը:

«Բարի քեռիներ» ոչ մի տեղ չկան. ոչ ԱՄՆ-ում, ոչ Ռուսաստանում, ոչ ԵՄ-ում: Ամեն բան, ինչ արվում է, արվում է սեփական շահերը հաշվի առնելով: Սակայն «եվրոպական ընտանիքն» ունի արժեքների իր համակարգը: Երբ նա հեռանում է դրանից, պարտվում է: Եթե հիշում եք, ժամանակին Հայաստանի հարցով երկու զեկուցում է եղել. Եժի Յասկերնիի եւ Դեվիդ Ատկինսոնի, որոնք ուղղակիորեն հակասում էին միմյանց: Երբ նման բան է տեղի ունենում, կորում է հանրության վստահությունը: Այս կապակցությամբ, շատ ուսուցողական է Ֆրանսիայի օրինակը, որը, ընդունելով օրինագիծը, ցույց տվեց, թե որտեղ է գտնվում ժողովրդավարության բնօրրանը: Այո', Հայոց ցեղասպանության մասին օրենքը բարձրացվում է այն ժամանակ, երբ որեւէ երկիր ցանկանում է առաջ քաշել իր շահերը եւ դա այնքան էլ լավ չէ Հայաստանի համար: Սակայն եթե մենք ցանկանում ենք, որպեսզի մեր շահերն էլ լսվեն եւ հաշվի առնվեն, մենք պետք է հստակ կատարենք մեր պարտավորությունները: Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրես ներկայացված բանաձեւին, ապա այն հանդիսանում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եւս մեկ միջոց, եւ այդ տեսանկյունից, ԱՄՆ-ն վատագույն օրինակն է: Ես չգիտեմ, թե ինչով ամեն բան կավարտվի, գուցե Կոնգրեսն իրոք ընդունի բանաձեւը, սակայն ցանկալի է ընդգծել, որ Թուրքիայի համար ոչ թե ԱՄՆ-ն է հանդիսանում «ռազմավարական» գործընկեր, ինչպես դա սիրում են պնդել, այլ Ռուսաստանը:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---