Փաստաբան. Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան. ընտրությունները չեն հետաձգվի![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, հավելելով, որ այսպիսով ընտրությունները չեն հետաձգվի: Փաստաբանի այս հայտարարությունից քիչ անց ասուլիսի սրահ մտավ նաև ինքը՝ Պարույր Հայրիկյանը: «Ես եկա ցույց տալու, որ ներկա եմ` ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հենց ֆիզիկապես այստեղ: Փորձել են սպանել ոչ թե ինձ, այլ արժեքները», - ասաց նա: Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքն արդեն «գործի մեջ է»: «Թող ամեն հայ իմանա, որ որևէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքը չի կարող շեղել բնականոն ուղուց», - հավելեց նախագահի թեկնածուն: ԱԻՄ կուսակցության միջազգային կապերի պատասխանատու Կարո Եղնիկյանը հայտնեց, որ նոր ընտրություններ կազմակերպելն իրենք բացառեցին, քանի որ ոճրագործների նպատակը հենց Հայրիկյանին ոչնչացնելն ու նոր ընտրություններ անցկացնելն էին: «Մեր գործն է այդ նպատակները խոչընդոտելը», - ասաց Կարո Եղնիկյանը: Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա հինգ օր առաջ մահափորձ էր իրականացվել: Հրազենային հարձակման արդյունքում վիրավորվել էր նրա աջ անրակը: Վիրահատությունից հետո թեկնածուն իրավունք ուներ դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու պահանջով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |