Հայաստանի Ռազմական դոկտրինը ուղարկվել է միջազգային փորձաքննության Ռուսաստան, ՆԱՏՕ եւ ԱՄՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ռազմական դոկտրինը ներկայացվելու է նախագահի հաստատմանը 2007 թվականի դեկտեմբերին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, չորեքշաբթի ելույթ ունենալով Պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում` Ռազմական դոկտրինի նախագծի փորձագիտական եւ հասարակական քննարկումներին: Նրա խոսքերով, Ռազմական դոկտրինի մշակման ժամանակացույցին համապատասխան, որը հաստատվել է Հայաստանի նախագահի կողմից, փաստաթուղթը ուղարկվելու է միջազգային փորձաքննության Ռուսաստան, ՆԱՏՕ եւ ԱՄՆ:



«Մինչեւ հոկտեմբերի վերջ մենք կստանանք փորձաքննության արդյունքները, ինչից հետո Ռազմական դոկտրինի նախագիծը կներկայացվի կառավարությանը, կանցնի լսումներ Ազգային ժողովում եւ կքննարկվի Ազգային անվտանգության խորհրդում: Դրա արդյունքում մենք կկարողանանք ներկայացնել փաստաթուղթը Հայաստանի նախագահի հաստատմանը 2007 թվականի դեկտեմբերին»,- ասել է Հարությունյանը:



Նա նշել է, որ Ռազմական դոկտրինը հանդիսանում է Հայաստանի առջեւ դրված ռազմական սպառնալիքներին եւ դրանց չեզոքացմանը, պետության պաշտպանության կազմակերպմանը, դրա կառուցվածքին, խնդիրներին, Զինված ուժերի նպատակներին եւ գործունեությանը վերաբերող, տեսականորեն հիմնավորված պաշտոնական դիրքորոշումների կոնցեպցիա:



«Ռազմական դոկտրինի հիմնական իմաստը պետության անվտանգության սպառնալիքների որոշումն է եւ դրանց կանխումը: Սակայն դոկտրինը միայն այդքանով չի սահմանափակվում: Դա ընդարձակ փաստաթուղթ է, որում ընդհանուր ներկայացված է պետության ռազմական անվտանգության կազմակերպման, Զինված ուժերի եւ պաշտպանության համակարգի բոլոր ուղղությունները»,- ասել է Հարությունյանը:



Նրա խոսքերով, Ռազմական դոկտրինը հանդիսանում է կողմնորոշիչ բոլոր այն պետական գերատեսչությունների համար, որոնք պատասխանատու են ռազմական անվտանգության համար, եւ ապահովում է նրանց ընհանուր ռազմավարությունը երկրի պաշտպանության գործում:



Պաշտպանության նախարարը նշել է, որ Ռազմական դոկտրինի նախագծի մշակման ժամանակ մանրամասնորեն ուսումնասիրվել է միջազգային փորձը եւ տարբեր երկրների նմանատիպ փաստաթղթերը: «Սակայն մենք մեր առջեւ այլ երկրի մոդելը վերցնելու նպատակ չենք դրել: Մենք, օգտագործելով առավել արդյունավետ մոտեցումներն ու միջոցները, փորձում էինք այնպիսի փաստաթուղթ ստեղծել, որը առավելագույնս կհամապատասխաներ մեր պահանջներին եւ յուրահատկություններին, միաժամանակ լինելով հասկանալի միջազգային հանրության համար»,- ասել է Հարությունյանը: Ինչ վերաբերում է փասաթղթի բովանդակությանը, ապա, նրա խոսքերով, այդ տեսանկյունից, փաստաթուղթը մշակվել է` ելնելով բացառապես Հայաստանի եւ տարածաշրջանի յուրահատկություններից, երկրի Ազգային անվտանգության ռազմավարության հիմքի վրա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---