ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի գերնպատակը Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը սուբյեկտիվ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի բացակայության հարցով քննադատությունը: «Դա սուբյեկտիվ գնահատական է, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նա, ով նման գնահատական է տալիս, չի կարող որեւէ բան վստահորեն ասել: Եթե կա մեկը, ով կարող է վստահորեն ինչ-որ բան ասել բանակցությունների մասին, ապա դա ես եմ, քանի որ հենց ես եմ անմիջականորեն ներգրավված գործընթացում եւ վարում են բանակցությունները` ուղղակիորեն հրահանգներ ստանալով նախագահից»,- հայտարարել է Օսկանյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով բանակցություններում վերջին տարիներին առաջընթացի բացակայության մասին հայտարարությունները:



Վարդան Օսկանյանի խոսքերով, այսօր բանակցությունների սեղանին գտնվող փաստաթղթի հիմնական կետը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է հանրաքվեի միջոցով: «Ես դա հաջողություն եմ համարում, քանի որ 10 տարի առաջ մենք չէին կարող խոսել ինքնորոշման մասին, միջազգային հանրությունը մեզ անմիջապես կդատապարտեր: Այսօր մենք ոչ միայն բացեիբաց խոսում ենք այդ մասին, այլ դա ամրագրված է փաստաթղթում»,- ասել է նա:



Այդ կապակցությամբ, ԱԳՆ ղեկավարը նշել է, որ քննադատություններ եւ մեղադրանքներ չի ընդունի, որ վերջին տարիներին Ղարաբաղի կարգավորման գործընթացը հեռացել է ազգերի ինքնորոշման սկզբունքից: «Ինքնորոշման սկզբունքը շարունակում է մնալ բանակցային փաստաթղթում: Ավելին, առաջին անգամ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում ազգի ինքնորոշման իրավունքը դրված է փաստաթղթի հիմքում, եւ դա ստացել է միջազգային որոշակի ճանաչում, քանի որ համանախագահները այդ մասին խոսում են հասարակայնորեն»,- ասել է նա:



Օսկանյանը նաեւ հերքել է կարգավորման գործընթացի ձգձգման մեղադրանքները: «Երբ առաջարկվեց ընդհանուր պետության գաղափարը եւ սկսվեց Քի-Վեստի գործընթացը, մենք պատրաստ էին փաստաթուղթը հասցնել տրամաբանական ավարտի եւ համաձայանգիր կնքել: Այսօր մենք հավանություն ենք տվել բանակցային սեղանին գտնվող փաստաթղթին, որը հանդիսանում է Պրահայի գործընթացի արդյունք»,- ասել է Օսկանյանը: Նրա խոսքերով, հայկական կողմի գերնպատակը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է եւ «դրանից ցած մենք չենք իջնի», հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---