ՀՀ ՊՆ եւ ԿԽՄԿ 2009թ. միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համագործակցության Ծրագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը բարձր գնահատեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության առաքելությունը` համագործակցությունը համարելով քաղաքակրթական բարձրագույն արժեքների պահպանմանն ուղղված կարեւոր եւ անհրաժեշտ գործունեություն, որն իրականացվում է ՀՀ պետական մարմինների, այդ թվում` պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ եւ վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են մարդու իրավունքների պաշտպանությունը, միջազգային հումանիտար իրավունքի պահպանումը, այդ իրավունքի դասավանդումը եւ դրա վրա հիմնված աշխարհընկալման ձեւավորումը ՀՀ զինված ուժերում:



Ապա ՀՀ պաշտպանության նախարարության` ի դեմս Ս.Օհանյանի, եւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության` ի դեմս Ջեյմս Ռեյնոլդսի, միջեւ ստորագրվեց «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջեւ միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ոլորտում 2009թ.-ի համագործակցության ծրագիր», ըստ որի կիրականացվեն հետագա համատեղ աշխատանքները, մասնավորապես. ՀՀ ԶՈւ սպաների համար ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվեն ՄՄԻ 2 հնգօրյա դասընթացներ; ՀՀ ԶՈւ սպաները ՌԴ Սոլնեչնոգորսկի Համազորային ռազմական ակադեմիայում կմասնակցեն ՄՄԻ-ի «Սենեժ» 57-րդ, 59-րդ եւ 60-րդ դասընթացներին; ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թիմը ՌԴ Ռյազան քաղաքում կմասնակցի «Գեներալ Սկոբելեւ - 10» ՄՄԻ-ի մրցույթին; ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի մեկ ներկայացուցիչ Փարիզում կմասնակցի Զինված ընդհարումների իրավունքին նվիրված «SWIRMO» միջազգային դասընթացին; կկազմակերպվեն հանդիպումներ ՀՀ ՊՆ ՄՄԻ իմպլեմենտացիայի աշխատանքային խմբի (ԻԱԽ) հետ, կպատրաստվեն եւ կհրապարակվեն ՄՄԻ-ի վերաբերյալ ուսումնական նյութեր; կանցկացվի ՄՄԻ աշխատանքային սեմինար ՊՆ ավագ եւ բարձրագույն հրամանատարական կազմի համար, ինչպես նաեւ տեղեկատվական պարապմունքներ (դասընթացներ)` խաղաղապահների համար:



Ի դեպ, 2008թ.-ի Ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մասնակցել են մի շարք դասընթացների, վարժանքների, սեմինարների, մրցույթների եւ այլ միջոցառումների, այդ թվում` Սոլնեչնոգորսկի Համազորային ռազմական ակադեմիայում կայացած «Սենեժ» 50-րդ եւ «Սենեժ» 52-րդ դասընթացներին, Տաշքենդում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների փորձագետների համար միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներին` ստանալով համապատասխան որակավորում:



Ինչպես նաեւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվող զորավարժության ընթացքում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են միջազգային մարդասիրական իրավունքի տարրերը: Մեկանգամյա տեղեկատվական դասընթաց է անցկացվել ԿԽՄԿ-ի գործունեության եւ հանձնագրի վերաբերյալ Կոսովո խաղաղարար առաքելության մեկնող ՀՀ ԶՈւ զինծառայողների համար, համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորվել եւ ապահովվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությունը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներում անցկացված զորավարժություններին:



Ս.Օհանյանը տարին հատկանշական համարեց նաեւ ԿԽՄԿ եւ ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի միջեւ` Արցախյան հակամարտության հետեւանքով անհայտ կորածների մինչմահու տվյալների հավաքագրման եւ կենտրոնացված վարման մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առումով, ինչը կկանոնակարգի համագործակցությունն այդ ոլորտում` հնարավորություն ընձեռելով համակարգված լուծումներ գտնել այդ ցավոտ խնդիրների համար:



Նախարարն անդրադարձավ նաեւ ԿԽՄԿ- ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով համագործակցությանը` ընդգծելով, որ հայկական կողմը մշտապես պահպանել է հավատարմությունը մարդասիրական սկզբունքներից բխող բարի կամքի իր դրսեւորումներին` մնալով այն արժեքների կողմնակիցը, որոնք դրված են ԿԽՄԿ գործունեության հիմքում:



Հանդիպման ավարտին նախարարը հույս հայտնեց, որ հետագայում եւս համատեղ աշխատանքը կլինի ի շահ ընդհանուր գործի` ծառայելով նոր ձեռնարկումների եւ ձեռքբերումների:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---