Լևոն Զուրաբյան. Ընդդիմությունն իշխանություններից ոչ թե հաճոյախոսություն է ակնկալում, այլ գործողություններ

Լևոն Զուրաբյան. Ընդդիմությունն իշխանություններից ոչ թե հաճոյախոսություն է ակնկալում, այլ գործողություններ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կոնկրետ քայլեր է ակնկալում ՀՀ իշխանություններից մարտի 1-ի հանրահավաքում հնչեցված պահանջների կատարման ուղղությամբ և երկրում իրավիճակի բարելավում, ոչ թե ուղղակի հայտարարություններ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահի վերջին հայտարարությունները: «Մեզ ոչ թե հաճոյախոսություններ են պետք, այլ գործ»,ասել է նա: Ինչ վերաբերում է նախագահի քննադատությանը, ուղղված ոստիկանության աշխատանքին, մասնավորապես Արաբկիրի շրջանում կատարված սպանությանը, ապա Զուրաբյանը նշել է, որ «քրեական հետախուզման պետ Հովիկ Թամամյանի նման օրինախախտները պետք է բանտում նստեն, ոչ թե հետաքննության ավարտին սպասեն ոստիկանության պահուստային շարքերում»:

Քրեական հետախուզության վարչության պետ Հովհաննես Թամամյանն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանը մեղադրվում են 2010թ. մայիսի 12-ի կատարված սպանության փաստերի միտումնավոր խեղաթյուրման մեջ: Թամամյանն ու Ադամյանը ազատվել են պաշտոններից ու գրանցվել ոստիկանության ռեզերվում:

Մարտի 1-ի հանրահավաքում ընդունված հայտարարության համաձայն, ՀԱԿ-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում մինչև մարտի 15-ը Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման միջազգային հանձնաժողով ստեղծել կամ վերսկսել փաստահավաք խմբի գործունեությունը: Ընդդիմությունն իշխանություններից պահանջում է նաև մարտի դեպքերի զոհերի և տուժածների ընտանիքներին հատուցում տրամադրել, հանել Ազատության հրապարակում ցույց անցկացնելու վրա դրված արգելքը, դադարեցնել ՀԱԿ կողմնակիցների և ակտիվիստների հանդեպ բռնությունը, վերսկսել A1+ հեռուստաալիքի գործունեությունը, լուծել մի շարք սոցիալական խնդիրներ, որոնք վերջին ժամանակներս սրվել են:

Հայտարարության մեջ ընդդիմությունը նաև Հայաստանին կոչ է անում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները նորմալ հունի մեջ բերել, վերականգնել բանակցությունների իրական ձևաչափը` ապահովելով ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին:

ՀԱԿ-ը նաև միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել աջակցությունը Հայաստանի «կառավարող վարչակարգին»:

Ցույցի ժամանակ ընդունված հայտարարությունը ՀԱԿ-ին լիազորում է իշխանությունների հետ բանակցություններ վարել մոտակա ամիսների ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

 Ուշագրավ
---