Առաջին անգամ Հայաստան կայցելի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեն ս.թ. մայիսի 6-8-ն առաջին անգամ կայցելի Հայաստան:

Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի Արտաքին գործերի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարությունների, Գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Ազգային Ժողովի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա նաեւ կմասնակցի ՀՀ ԱԳՆ-ի կողմից համակարգվող հակաթրաֆիքինգային միջգերատեսչական խորհդի աշխատանքային խմբի հանդիպմանը:



Հատուկ ներկայացուցչի հանդիպումները կօգնեն խորացնել ու ամրապնդել Հայաստանում հակաթրաֆիքինգային դերակատարների համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, հստակեցնել այն ոլորտները, որտեղ ԵԱՀԿ-ի աջակցությունը եւ փորձը կարող է օգտակար լինել:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մյուս միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ աջակցում է Հայաստանի իշխանություններին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում, թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ աջակցության ապահովման մեխանիզմների եւ հակաթրաֆիքինգային ռազմավարությունների մշակման հարցերում:



Գրասենյակի գործունեության ուշադրության կենտրոնում է ուղղորդման ազգային մեխանիզմի մշակումը եւ Հայաստանի իրավապահ կառույցների աշխատակիցների թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում վերապատրաստումը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ նախարարության տարածքում հիմնել է Թրաֆիքինգի զոհերի բարելավված պաշտպանության համար աջակցության եւ ռեսուրսային կենտրոն:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---