«Սթարը» բարեգործական ակցիա է անցկացնում

PanARMENIAN.Net - «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցը կազմակերպել է «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիան: Միջոցառումը կազմակերպված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Միջոցառման նպատակն է դրամական միջոցների հավաքագրում լեյկեմիայով հիվանդ երեխաների համար:



Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հաղորդագրության մեջ, ակցիան սկսվել է մայիսի 20-ին եւ կշարունակվի մինչեւ ամսվա վերջ: Միջոցառման ընթացքում ցանցի սուպերմարկետներում տեղադրվել են դրամական միջոցների հավաքագրման համար նախատեսված արկղեր: Հավաքված գումարը հունիսի 1-ին կտրամադրվի «Լեյկեմիայով հիվանդ երեխաների բարեգործական ֆոնդին», որը ստեղծվել է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի հիման վրա:



«Մենք շնորհակալ ենք «Սթար»-ին այս ակցիայի նախաձեռնության համար: Սրա օգնությամբ մենք կարող ենք արտերկրից հրավիրել բարձրակարգ մասնագետների, ձեռք բերել սարքավորումներ եւ մասամբ լուծել վերանորոգման հարցերը: Այս ամենը, իհարկե, կնպաստի երեխաների շուտափույթ առողջացմանը», նշեց Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանը:



Ֆոնդի աջակցության ակցիան իրականացվում է «Սթար» սուպերմարկետների ցանցի բարեգործական եւ սոցիալական քաղաքականության շրջանակներում: Բարեգործության կարեւորությունը գիտակցում է ոչ միայն «Սթար»- ի ղեկավարությունը, այլ նաեւ աշխատակիցները. այսօրվա դրությամբ «Սթար»-ի աշխատակազմը ակցիայի շրջանակներում հավաքել է 210000 դրամ: Իսկ ակցիայի ավարտից հետո Ընկերությունը կկրկնապատկի հաճախորդների ու աշխատակիցների կողմից նվիրաբերված գումարը:



«Ֆոնդի կարգախոսն է «Ուզում եմ ապրել», եւ մենք կոչ ենք անում բոլորին միասին իրականացնել այս փոքրիկների երազանքը», նշեց «Սթար»-ի մարքեթինգի տնօրեն Նարինե Ավետիսյանը:



Երեխաների պաշտպանության միջազգային օրն առիթ հանդիսացավ հիվանդ երեխաներին օգնության ձեռք մեկնելու համար, սակայն «Սթար»-ում գտնում են, որ նման գործունեություն պետք է ծավալել ամեն օր. Ընկերությունը նպատակ ունի խոցելի խմբերին հատուկ աջակցություն ցուցաբերել նաեւ հետագայում:Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ HSBC բանկի հաշվեհամարը` USD 005 015375 101, որին բոլոր ցանկացողները կարող են գումար փոխանցել:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---