Սերժ Սարգսյանը պետական պարգեւներ է հանձնել գիտության եւ մշակույթի գործիչներին

PanARMENIAN.Net - Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական պարգեւներ եւ կոչումներ է հանձնել պետական գործիչների, գիտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության, առողջապահության, լրագրության բնագավառների մի խումբ ներկայացուցիչների: Այսպես, ՀՀ նախագահի հրամանագրով Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշան է հանձնվել ՀՀ նախագահի` տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանին: Քանդակագործ Դավիթ Բաբայանն արժանացել է Պատվո շքանշանի:



Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչների պատվավոր կոչման են արժանացել կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը, ռեժիսոր Արմեն Մազմանյանը, կինոօպերատոր Վրեժ Պետրոսյանը, Հայաստանի մենակատարների պետական համույթի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Զավեն Վարդանյանը: Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչների պատվավոր կոչման են արժանացել ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մշակույթի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանը: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ «Երեւաննախագիծ» ճարտարապետական արհեստանոցի ղեկավար Ալբերտ Զուրաբյանն արժանացել են ճարտարապետության ոլորտում վաստակավոր գործիչների կոչման: Վաստակավոր կոլեկտիվի կոչումը շնորհվել է «Բերդ» պարային համույթին:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել Հանրապետության տոնի առթիվ հայրենիքի բարձր պարգեւներ հանձնել նրանց, ովքեր իրենց գործով ու ձեռքբերումներով նպաստում են մեր երկրի համակողմանի զարգացմանը: Նման արժանավորների աշխատանքի ու նվիրումի շնորհիվ է, որ հասարակությունները հասունանում են, բարձրանում զարգացման նոր` ավելի բարձր աստիճանի: Նման անհատների շնորհիվ է, որ հասարակությունները ձեւավորում են չափանիշներ: Չափանիշների նշաձողը բարձր պահելն առաջընթացի լավագույն միջոցն է»,- պարգեւների հանձնման արարողությունից հետո ասել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---