Տու-154 ինքնաթիռի վթարի պատճառը կարող էր լինել անձնակազմի սխալը, ավազային փոթորիկը կամ ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - Թեհրան-Երեւան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռի վթարի պատճառը կարող էր լինել անձնակազմի սխալը, ավազային փոթորիկը կամ ահաբեկչությունը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային ավիացիայի միության նախագահ Դմիտրի Ադբաշյանը: «Տու-154 ինքնաթիռի բոլոր երեք շարժիչները գտնվում են ինքնաթիռի ետին մասում, ուր գտնվում են նաեւ ինքնաթիռի կառավարման մարմինները: Եթե նույնիսկ երեք շարժիչներից երկուսը խափանվում են, Տու-154 ինքնաթիռի կառուցվածքն այնպիսին է, որ այն կարող է շարունակել թռիչքը»,-ասել է նա: Նրա խոսքերով, վթարի պատճառը կարող է նման լինել 1980-ականներին Կրասնոյարսկում տեղի ունեցած ավիավթարի պատճառներին:



«Կրասնոյարսկի ինքնաթիռի դեպքում հետեւյալն էր կատարվել` խափանվել էր միջին շարժիչը, ինքնաթիռի հրամանատարը հրահանգել էր անջատել աջ շարժիչն ու կրակմարիչ օգտագործել: Այսինքն, մի շարժիչը խափանվել էր, երկրորդը նա ինքն էր անջատել, ինչն էլ դարձել էր վթարի պատճառ»,-ասել է Ադբաշյանը: Ինչպես նա հավաստիացրել է, Տու-154 ինքնաթիռը համապատասխանում է Airbus մոդելի ինքնաթիռների անվտանգության բոլոր նորմերին: «Տու-154-ի տեխնիկական փաստաթղթերում նշված է, որ այդ ինքնաթիռների օգտագործման ժամկետը շուրջ 30 տարի է, թռիչքի ընդհանուր ժամանակը` 25 հազար ժամ»,-ասել է նա:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---