Արմեն Աշոտյանն ու Գրիգոր Տաբատաձեն այսօր քննարկել են հումանիտար ոլորտում երկու երկրների միջեւ առկա խնդիրները

Արմեն Աշոտյանն ու Գրիգոր Տաբատաձեն այսօր քննարկել են հումանիտար ոլորտում երկու երկրների միջեւ առկա խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոր Տաբատաձեն այսօր քննարկել են հումանիտար ոլորտում երկու երկրների միջեւ առկա խնդիրները եւ հետագա համագործակցության հեռանկարները:

Դրանց շարքում նախարարը նշել է Վրաստանի հայ բնակչության կրթական իրավունքների պահպանման, հայոց լեզու, հայ գրականություն, հայ եկեղեցու պատմություն առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման գործընթացում նախորդ տարի առաջացած որոշակի խնդիրները, որն առավելապես երկու կողմերի չհամակարգված գործունեության հետեւանք է:

«Այս տարի պահպանվել են նշված ոլորտի բյուջետային հատկացումները եւ հույս ունենք, որ նշված գործընթացն այսուհետ առավել հարթ ու արդյունավետ կլինի։ Աշխարհի շուրջ 60 երկրի հայկական կրթօջախներին ամեն տարի տրամադրվում է ավելի քան 32 հազար կտոր դասագիրք: Որեւէ տեղ ուսումնամեթոդական գրականության հետ կապված խնդիր չի առաջացել եւ տարօրինակ է, որ նման խոչընդոտ ի հայտ է եկել Վրաստանում։ Եթե առկա է տվյալ երկրի ուսումնական գործընթացների համաձայնեցման խնդիր, ապա մենք պատրաստ ենք քննարկել բոլոր հնարավոր տարբերակները եւ գտնել այնպիսի մեխանիզմներ, որ նման խնդիրներ այլեւս չառաջանան",- նշել է Արմեն Աշոտյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայությունը, Արմեն Աշոտյանն անդրադարձել է Վրաստանի հայերով խիտ բնակեցված տարածքում հայ-վրացական համատեղ համալսարանի ստեղծման գաղափարին նույնպես։

«Այս խնդիրը շատ կարեւոր է եւ պետք է լուծվի պետական մակարդակով: Համալսարանն ինքնատիպ ինտելեկտուալ կրթական կամուրջ կհանդիսանա երկու երկրների մտավոր ներուժի համար` ամրապնդելով քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը։ Բացի այդ ԵՊՀ-ում կամ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում վրացերեն լեզվի ուսումնասիրման կենտրոի գոյությունը կհանդիսանա վրացական մշակույթի եւ լեզվի զարգացմանը նպաստող կենտրոն», - նշել է Արմեն Աշոտյանը:

Դեսպանն իր հերթին նշել է, որ կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության համաձայնագիրը ամբողջությամբ չի բխում երկու երկրների միջեւ ձեւավորված պատմական եւ ներկա համագործակցության մասշտաբներից' հավելելով, որ անհրաժեշտություն կա առավել խորը եւ բովանդակային համագործակցության: Գրիգոր Տաբատաձեն նախարարին փոխանցել է Վրաստանի կրթության նախարարի հրավերը` այցելել հարեւան երկիր` տեղում ծանոթանալու Վրաստանի կրթական համակարգին, բարձրացված հարցերը քննարկելու եւ երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---