Արցախի հայկական պետականություն` 1500 տարի առաջ կամ Ղարաբաղը Հայաստան է և պետություն17 սեպտեմբերի 2010 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Հայաստանի ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցավ պատմական գիտություների դոկտոր, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Կիմ Ղահրամանյանի «Վաչագան թագավորի Սահմանադրությունը: Իրավակարգի ակունքները ԼՂՀ-ում» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է Աղվենում (Արցախ) հանրաքվեով ընդունված «Կանոնական Սահմանադրության» 1500-ամյակին: Բացման խոսքում հաստատության տնօրեն Դավիթ Սարգսյանը կարևորեց հրատարակությունը, նշելով, որ այն կօգնի համակողմանիորեն ընկալելու արցախյան հարցի էությունը և այն ներկայացնելու աշխարհին, հասկացնելու համաշխարհային հանրությանը, թե ով է հայ ժողովուրդը, ինչպիսի պատմական հիմքեր ունի Արցախը, ինչու առաջացավ արցախյան հիմնախնդիրը և այլն: Նա հույս հայտնեց, որ հրատարակությունն իր դրական դերը կունենա արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում: Տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Ազգային գրադարանը կկազմակերպի Վաչագան թագավորի մեծարմանը նվիրված միջոցառում: Դ.Սարգսյանն առաջարկեց մասնագետներին` առանձին գրքով հրատարակել «Հայկական Սահմանադրություն», որը կներկայացնի Վաչագան թագավորի, Մխիթար Գոշի հեղինակած սահմանադրությունները, «Որոգայթ փառաց»-ը, ՀՀ Սահմանադրությունը: Կիմ Ղահրամանյանի խոսքով` եզակի փաստաթուղթ է գիրքը, այն ապացուցում է, որ 1500 տարի առաջ ոչ միայն պետականություն ենք ունեցել, այլև այսօրվա չափանիշներին համապատասխան սահմանադրություն: «Այս գիրքը ցույց է տալիս, որ մենք ունեցել ենք Արցախի հայկական պետություն, որը կառավարվել է ոչ թե տիրակալի կամքով, այլ օրենքով»: Օրվա բանախոսները կարևորեցին գրքի տարածումը հայկական գաղթօջախներում: Դ.Սարգսյանը խոստացավ Ազգային գրադարանի կապերի միջոցով այն տարածել սփյուռքում, և տարբեր երկրների ազգային գրադարաններում: Նախկինում Լևոն Մելիք-Շահնազարյանն զբաղվել է Արցախի արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերով: Նա խոստացավ ինտերնետի միջոցով տարածել գիրքը: Գրքի ծնունդը ողջունեցին և կարևորեցին Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը, արձակագիր Վանուշ Շերմազանյանը, պատմաբան Լևոն Շիրինյանը, «Ղարաբաղյան էքստրեմիստ» ռուսալեզու ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Զախարյանը: Եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գրքի սկզբում համառոտ ներկայացվում է Արցախի պատմությունը: Այստեղ նշվում է, որ 5-րդ դարի 2-րդ կեսին Հայոց Արևելից աշխարհում ձևավորված թագավորությունն իր ծաղկմանն է հասել Վաչագան թագավորի օրոք, որն իր թագն ստացել է պարսից շահի կողմից: Ըստ Մովսես Կաղանկատվացու պատմության, Վաչագան թագավորին թագադրել է պարսից Վաղարշակ արքան: «Իր բուռն և արգասավոր եկեղեցանպաստ գործունեության շնորհիվ Վաչագան թագավորն ստացել է Բարեպաշտ անվանումը»: Ըստ գրքի, Վաչագան թագավորի նախաձեռնությունը երկու փուլով է իրականացվել: Առաջինը եղել է օրենքների (կանոնների), կարելի է ասել` նախագծի մշակման փուլը: Երկրորդը եղել է այդ նախագծի քննարկման և ընդունման փուլը: Վաչագան թագավորի Սահմանադրությունը բաղկացած է 22 կետերից: Գրքում կան պատմական հետաքրքիր լուսանկարներ, որոնց հեղինակը Սամվել Կարապետյանն է: Ուշագրավ է Եղիշե առաքյալի վանքը, որտեղ գտնվում է Վաչագան թագավորի դամբարանը: Ուշագրավ է, որ այն շուրջ 1500 տարի առաջ հենց այդպես էլ կոչվել է` Սահմանադրություն: Ինչո՞ւ է առաջացել Սահմանադրության ստեղծման պահանջ, ինչպե՞ս է այն ստեղծվել: Այս և նման այլ հարցերի պատասխանները ընթերցողները կարող են գտնել ներկայացվող գրքում: Գրքի հրատարակությունը հովանավորել է Արմեն Դավթյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |