Հայաստանում հաշմանդամների հիմնական խնդիրներից մեկը բախումն է պաշտոնյաների աշխատակազմի հետ

PanARMENIAN.Net - «Հաշմանդամին զինծառայությունից ազատելու համար նա կամ նրա ծնողները ստիպված են լինում կրկին անցնել բոլոր այն ատյաններով, որոնցով նրանք արդեն անցել են: Այս քաշքշուկը, որը կապված է բժշկասոցիալական փորձաքննության հետ, նոր ստրես է առաջ բերում մարդու մոտ, քանի որ, լինելով հաշմանդամ, նա ստիպված է լինում նաև ապացուցել»,- դեկտեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց «Փրկություն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանը:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով, հաշմանդամություն ունեցող մարդիկ նպաստ ձևակերպելու համար նույնպիսի քաշքշուկի միջով են անցնում: «Ես ցանկանում եմ պետական պաշտոնյաներին կոչ անել, որպեսզի նրանք ավելի շատ առաջնորդվեն ոչ թե օրենքի թելադրանքով, այլ օրինականության ընդհանուր ոգով, և չկառչեն ամեն առանձին բառից` դրանով իսկ անասելի խնդիրներ ստեղծելով հաշմանդամի համար»,- ասաց Ալավերդյանը:

Նա նշեց նաև, որ «այս ոլորտը, ինչպես և Հայաստանի բոլոր ոլորտները, զուրկ չէ կոռումպացվածությունից». «Իսկ հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ կաշառակերությունը ես պարզապես անբարոյական եմ համարում»: Ընդ որում` նա ավելացրեց, որ առաջին կարգի հաշմանդամության նպաստը կազմում է մոտ 14 հազար դրամ:

Այս առիթով Արփինե Աբրահամյանը նկատեց, որ «անհրաժեշտ է, որպեսզի երրորդ կարգի հաշմանդամության նպաստը տրվի գոնե նվազագույն աշխատավարձի չափով»: «Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող մարդը գոյատևել այն նպաստով, որը նրան տրամադրում է պետությունը»,- ասաց նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---