Գերմանիայում հնչել է հայ հոգևոր երաժշտությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-21-ը Սբ. Գեղարդավանքի երգչախումբը (գեղ. ղեկավար` Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան)` Սբ. Գեղարդավանքի վանահայր Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի գլխավորությամբ, համերգներով հանդես եկավ Գերմանիայի Հայդենհայմ, Շտուտգարտ, Գյոպինգեն և Հանաու քաղաքներում:

Սա երգչախմբի հինգերորդ այցն էր Գերմանիա` Գեղարդավանքի և Գերմանիայի Լորշ վանք-գիտահետազոտական ինստիտուտի համագործակցության շրջանակներում: Երգչախումբը գերմանացի ունկնդրին ներկայացրեց հայ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ:

Առաջին համերգը կայացավ Հայդենհայմ քաղաքի Ս. Միքայել եկեղեցու լեփ-լեցուն սրահում: Համերգը կազմակերպել էր “Neuer Kammerchor” երիտասարդական երգչախումբը` Թոմաս Քամմելի ղեկավարությամբ: Neuer Kammerchor-ի անդամները կատարեցին Ռ. Ամիրխանյանի «Երազի իմ երկիր» ստեղծագործությունը, որը սովորել էին դեռ անցյալ տարի Հայաստան կատարած համերգային ուղևորության առիթով:

Հատկապես նշանակալի էր տարբեր երկրներից ժամանած երգչախմբերի համատեղ համերգը Շտուտգարտում, որի ընթացքում հայկական երգչախմբին տրված էր առավելագույն տևողությամբ ելույթի հնարավորություն: Ուշագրավ էր միացյալ երգչախմբի` Յ. Ս. Բախի “Singet dem Herrn” ստեղծագործության մի հատվածի կատարումը` նշանավոր դիրիժոր Հելմուտ Ռիլլինգի ղեկավարությամբ: Վերջինս բարձր գնահատեց հայաստանյան խմբի կատարումները:

Գյոպինգեն և Հանաու քաղաքներում երգչախմբին ջերմորեն հյուրընկալեցին տեղի հայ համայնքները` Փետրվարի 19-ին Գյոպինգենում, իսկ փետրվարի 20-ին Հանաուում մատուցվեց Սբ. Պատարագ` Գեղարդավանքի երգչախմբի մասնակցությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո դիվանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---