ԱՄՆ դեսպանատունը «Խիզախ կին» մրցանակը հետմահու շնորհեց Ամալյա Կոստանյանին

PanARMENIAN.Net - 2011թ. մարտի 15-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում դեսպան Մարի Յովանովիչը Հայաստանում ԱՄՆ դեսպանության «Խիզախ կին» մրցանակը հետմահու շնորհեց Ամալյա Կոստանյանին: Մրցանակն Ամալյա Կոստանյանին շնորհվեց «հաշվետու և թափանցիկ կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական հասարակության ներգրավվածության ամրապնդմանն ուղղված իր տասնամյա գործունեության համար»` ընդգծելով, որ Ամալյայի «վճռականությունը և նվիրվածությունը Հայաստանի զարգացմանը և ժողովրդավարացմանը հանդիսանում է արժանապատվության և հայրենասիրության բացառիկ օրինակ»: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ և զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես նաև Ամալյա Կոստանյանի եղբայր Հովիկ Կոստանյանը:

Դեսպան Յովանովիչը նշեց, որ Ամալյա Կոստանյանը «շատ ջանք ու եռանդ է ներդրել, որպեսզի հասարակության բոլոր օղակներում քաղաքացիները գիտակցեն իրենց դերը կոռուպցիայի դեմ պայքարում և իր գործունեությամբ փոխանցել է իր կյանքի հիմնական ուղերձը, այն է` կոռուպցիայի դեմ պարտավոր ենք պայքարել մենք բոլորս», հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը:

Անցյալ տարի այս մրցանակին արժանացել էր քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---