Ավելանում է Հայաստան եկող և Հայաստանից մեկնող կամավորների թիվը

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբն անցկացրեց բանավեճ-քննարկում՝ «Ի՞նչ է կամավորությունը, ինչո՞ւ դառնալ կամավոր» թեմայով:

Թեմայի շուրջ որպես բանախոսներ հանդես եկան Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը և «ԱՄՆ Խաղաղության կորպուս, Հայաստան»-ի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և երիտասարդական ծրագրերի համակարգող Հովհաննես Ստեփանյանը: Ներկա էին ինչպես Հայաստանում կամավորություն իրականացնող արտասահմանցի, այնպես էլ Հայաստանից կամավորական ծրագրերի մասնակցած երիտասարդներ:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց կամավորական աշխատանքի տեսակները:Խոսելով միջազգային կամավորական շարժման մասին՝ նա մասնավորապես նշեց, որ այն սկիզբ է առել Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Եվրոպայում, երբ երիտասարդների նախաձեռնությամբ կազմավորվեցին կամավորական խմբեր, որոնք վերականգնում էին պատերազմից տուժած բնակավայրերը: «Կամավորական աշխատանքը երիտասարդներին տալիս է մեծ հնարավորություններ՝ կուտակելու գիտելիքներ, հմտություններ և փորձ, որը հետագայում կարող են օգտագործել թե´ աշխատանքային գործունեության մեջ, թե´ ընտանիքում, թե´ առօրյայում»,- նշեց Ա. Մխիթարյանը: Նա նաև կարևորեց ոլորտի օրենսդրական կարգավորումը Հայաստանում:

«ԱՄՆ Խաղաղության կորպուս, Հայաստան»-ի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և երիտասարդական ծրագրերի համակարգող Հովհաննես Ստեփանյանը, ներկայացնելով ԱՄՆ Խաղաղության կորպուսի աշխատանքները, նշեց, որ այն գործում է աշխարհի 75 երկրներում, և կազմակերպության շուրջ 7500 կամավորներ այսօր ծառայում են հիմնականում զարգացող պետությունների տարբեր համայնքներում: Հայաստանի 58 համայնքներում ներկայում ծառայում է Խաղաղության կորպուսի 98 կամավոր:

Բանախոսները նշեցին, որ վերջին տարիներին ավելացել է Հայաստան եկող կամավորների թիվը: Մասնավորապես ԵՄ անդամ երկրներից 2008թ. Հայաստան է եկել 40-45 կամավոր, 2009-ին՝ 63, 2010-ին՝ մոտ 90 կամավոր: Ընդ որում, ավելանում է նաև Հայաստանից մեկնող կամավորների թիվը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---