Արցախյան ազատամարտի հերոս Դմիտրի Մոտրիչը ՀՀ նախագահի անունից հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով

Արցախյան ազատամարտի հերոս Դմիտրի Մոտրիչը ՀՀ նախագահի անունից հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Վլադիվոստոկ քաղաքի հայկական համայնքի մշակույթի կենտրոնում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիսավոր միջավայրում և հայ համայնքի անդամների ներկայությամբ ՀՀ նախագահի անունից արցախյան ազատամարտի հերոս, ռուս կամավոր Դմիտրի Մոտրիչի մորը` Լյուբով Մոտրիչին, հանձնեց «Արիության» մեդալը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից, հանձնման արարողությունից առաջ դեսպանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի ծագման նախապատմությունն ու խոսեց 90-ականներին ազգային ազատագրական շարժման վերսկսման շարժառիթների մասին:

Հանձնելով մեդալը` դեսպան Օլեգ Եսայանը ողջ հայ ժողովրդի խորին շնորհակալությունը հայտնեց ռուս կամավորի մորը` վստահեցնելով, որ Արցախն ու հայ ժողովուրդը չեն մոռացել նրա որդու սխրագործությունը: Իր խոսքում Օլեգ Եսայանն ասաց. «Ես ծնունդով Արցախի Մարտունու շրջանից եմ և այս մեդալի հանձնումը, որի մեջ յուրաքանչյուր հայի երախտագիտության մասնիկն է, ինձ համար մեծ կարևորություն ունի: Շնորհիվ Դիմա Մոտրիչի հերոսական քայլերի թշնամու հարձակումը ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ կանգնեցվեց: Դիման և իր ընկեր-կամավորները հայ ժողովրդի հետ միասին հավատացին ընտրած ճանապարհի ճշմարտացիությանը և իրենց սխրագործություններով ձեռք բերեցին անմահություն մեր սրտերում և վերածնված Արցախի պատմության էջերում: Նրանց համար այս պատերազմը պատվի և գաղափարի համար պայքար էր»: Ռուս կամավոր Դմիտրի Մոտրիչը Վլադիվոստոկ քաղաքից 90-ականներին սրտի կանչով թողեց հայրենի տունն ու մեկնեց Ղարաբաղ, որպեսզի օգնի հայ ժողովրդին և նրա հետ միասին պայքարի հանուն հայերի անկախության: Առաջին իսկ մարտից մինչև ողբերգական մահը Դմիտրին դարձավ հայ և ռուս ժողովուրդների միջև փոխօգնության խորհրդանիշ:

Օլեգ Եսայանը նշեց նաև, որ «Արիության» համար մեդալով պարգևատրվում են հայրենիքի պաշտպանության ժամանակ անձնական խիզախության համար, և Հայաստանն ու ազատագրված Արցախը Դիմտրի Մոտրիչի և նրա ընտանիքի համար այլևս երկրորդ հայրենիք են:

Միջոցառումը շարունակվեց Դմիտրի Մոտրիչին նվիրված ռեժիսոր Ա.Թովմասյանի «Կամավորը» ֆիլմի ցուցադրությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---