Դատարանը բավարարել է «Հրապարակ» օրաթերթի գույքի վրայից արգելանքը հանելու մասին միջնորդությունը

PanARMENIAN.Net - Դատարանն այսօր բավարարել է «Հրապարակ» օրաթերթի գույքի եւ դրամական միջոցների վրայից արգելանքը հանելու մասին օրաթերթի միջնորդությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, անկախ դատական գործընթացից թերթը շարունակում է լույս տեսնել: «Հավանաբար դատարանը գիտակցել է, որ թերթի խմբագրության գույքի վրա դրված կալանքն ավելորդ է: Սակայն այս որոշումը մեզ որևէ այլ բան չի տալիս: Գույքը կալանքից հանելը որևէ կերպ չի ազդում դատարանի վճռի վրա»,- նշեց խմբագիրը:

Մեկնաբանելով այն, որ վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ դատական հայցերը կտրուկ շատացել են, Արմինե Օհանյանը նշեց, որ դա պայմանվորված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելով, որով ապաքրեականացվեց զրպարտություն ու վիրավորանք հասցնելը:

«Հիմա լրատվամիջոցներն ավելի դժվար կացության մեջ են: Մենք դեռ այն ժամանակ էլ մտահոգություն էինք հայտնել օրենքի փոփոխմամբ, քանի որ 3-4 միլիոն տուգանք վճարել իսկական կործանում է հայկական թերթերի համար: Դա կնածանկի թերթի փակում»,- նշեց խմբագիրը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել «Հրապարակ» օրաթերթին «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրու՞մ» հրապարակման համար: Վիրավորանքի և զրպարտության համար իրեն հասցված վնասի համար 6 միլիոն դրամի փոխհատուցում պահանջելուց զատ ՀՀ երկրորդ նախագահի ներկայացուցիչը միջնորդել էր նաեւ արգելանքի տակ վերցնել «Հրապարակ» օրաթերթի գույքն ու դրամական միջոցները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---