Հայաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է Լոռու մարզ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է Լոռու մարզ

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Լոռու մարզի Ջրաշեն, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Վարդաբլուր, Կուրթան համայնքներ` գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու, գարնանացան գարու, եգիպտացորենի բաշխման գործընթացին, գյուղտեխնիկայի սպասարկման ոլորտում առկա խնդիրների լուծման համար:

«ՀՀ նախագահի, կառավարության, ուշադրության կենտրոնում այսօր գյուղն է, գյուղացին և գյուղատնտեսությունը, այդ նպատակով էլ 2011-ը հայտարարվել է գյուղատնտեսական տարի», - հանդիպելով ջրաշենցիներին` նշեց Սերգո Կարապետյանը:

Ջրաշենում գյուղացիները բարձրաձայնեցին հատկապես կաղամբի մթերումների հետ կապված դժվարությունների մասին: Նախարարը խոստացավ «Սպայկա» ընկերության միջոցով տարեվերջին ամբողջովին մթերել տալ Ջրաշենի ոչ միայն կաղամբն, այլ նաև աջակցել ամբողջ բնամթերքի մթերման հարցում: Նշված գործընթացի հետագա կարգավորման համար նա իր անձնական հեռախոսահամարը հանձնեց գյուղացիներին:

Մարզի Գարգառ գյուղում պատուհաս է կարկտահարությունը: Սերգո Կարապետյանը խոստացավ արտակարգ իրավիճակների նախարարությանը դիմել` մարզի համար նախատեսված հակակարկտային կայաններից մեկը Գարգառին տրամադրելու առաջարկով:Համայնքին կտրամադրվի նաև տոհմային ցեղատեսակի ցուլիկներ:

Գյուղացիները նախարարին դիմեցին նաև սերմացուի, պարարտանյութի և թունաքիմկատների ձեռքբերման խնդրանքով: «Հանրապետության 225 անապահով, աղքատ համայնքներին, որտեղ ներառված են նաև Լոռու մարզի մի շարք համայնքներ, այս տարի անվճար տրամադրվելու է էկոլոգիապես մաքուր, արդեն փորձարկված տեղական արտադրության օրգանական նոր պարատանյութ: Այն առավել մատչելի է, ոչ միայն բարձրացնում է բերքատվությունն, այլև պտղի որակական հատկանիշները», -տեղեկացրեց նախարարը:

Նախարարը Լոռու մարզի բնակիչներին տեղեկացրել է նաև գյուղատնտեսության նախարարությունում գործող թեժ գծի (010 - 54 – 19 – 68) և շտապ գյուղատնտեսական օգնության ծառայության մասին` հորդորելով խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---