Հայաստանի երիտասարդությունը պահանջում է դադարեցնել աղանդների գործունեությունը երկրում

Հայաստանի երիտասարդությունը պահանջում է դադարեցնել աղանդների գործունեությունը երկրում

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ մայիսի 27-ին` ժամը 13.00-ին, հիմնադրամի երիտասարդական կենտրոնում կկազմակերպի ստորագրահավաք ընդդեմ Հայաստանում աղանդների գործունեության: Երիտասարդական կազմակերպությունները բաց նամակով կդիմեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նման գործողությունների համար առիթ է հանդիսացել օրերս «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդների և Հարավ-Արևմտյան թաղամասի սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի միջև տեղի ունեցած բախումը:

Ինչպես հաղորդում է հիմնադրամի մամլո ծառայությունը, երիտասարդներն առաջարկում են կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ խնդրի կարգավորման համար: Երիտասարդները մտահոգված են պետության, եկեղեցու, ՀՀ քաղաքացիների դեմ աղանդների քայքայիչ գործունեությամբ: Նրանք դատապարտում են եկեղեցու սպասավորի հանդեպ աղանդավորների անամոթ պահվածքն ու բռնության գործադրումը, քանի որ վիրավորելով ու ոտնձգություն կատարելով հոգևորականի հանդեպ, նրանք վարկաբեկում են հայ եկեղեցին և այդ եկեղեցու հետևորդ յուրաքանչյուր քրիստոնյայի:

Մայիսի 15-ին Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող Սբ. Երրորդության եկեղեցու բակում «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդներ ի պատասխան եկեղեցու քահանա Եսայի Արթենյանի` տարածքը լքելու պահանջին հարձակվել են քահանայի վրա, մի քանի հարված հասցրել նրան` ուղեկցելով դա անվայելուչ խոսքերով ու քահանայի «կոկորդը կրծելու» սպառնալիքներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---