Հայաստանը Գազայի սեկտորի իրադարձությունների հետ կապված պետք է խիստ չեզոքություն պահպանի

Իսրայելն, իհարկե, պետք է պաշտպանի իր քաղաքացիներին հրթիռային գնդակոծություններից եւ մահապարտ-ահաբեկիչներից, բայց ՀԱՄԱՍ-ին կարելի է հաղթել միայն քաղաքական միջոցներով

Այնպես ստացվեց, որ 2009թ. մենք մուտք գործեցինք հերթական իսրայելա-պաղեստինյան պատերազմով: 2008թ. դեկտեմբերի 27-ին սկսված եւ մինչ օրս շարունակվող «Ձուլած արճիճ» գործողությունն արդեն խլել է հազարավոր պաղեստինցիների կյանքը: Միամտություն կլիներ դրա մասին դատել Իսրայելում կայանալիք ընտրությունների կամ էլ Իրանի կողմից հրեական պետությանը ենթադրվող սպառնալիքի տեսակետից: Գազայի ռազմական գործողությունը, կարելի է ասել, կանխորոշվեց այն պահին, երբ սկսվեց հրեական բնակչության տեղահանումը: Եթե ավելացնենք նաեւ Գազայում մնացած հրեական բնակավայրերի հանդեպ չդադարող գնդակոծությունները ՀԱՄԱՍ շարժման կողմից, ապա կարելի է վստահ ասել, որ ո'չ Իսրայելի վարչապետը, ով էլ որ նա լինի, ո'չ էլ ԱԳՆ ղեկավարը չէին կարող փոխել հասունացող իրադարձությունները:

PanARMENIAN.Net - Այլ հարց է, թե որքանով են գիտակցված ՑԱՀԱԼ-ի գործողությունները: Հավանականության որոշակի առկայությամբ կարելի է ասել, որ Իսրայելի կողմից մատնանշված նպատակը չի իրականացվել, եւ դժվար թե իրականանա, քանի դեռ պաղեստինյան պետությունը հենվում է ՀԱՄԱՍ-ի վրա: Ճիշտ է, այստեղ կա մի «բայց». ՀԱՄԱՍ-ն ամբողջապես ահաբեկչական խմբավորում չի, ինչպես ընդունված է կարծել, այլ սոցիալ-քաղաքական շարժում, որը հաղթեց Պաղեստինի 2006թ. ընտրություններում: Դա բավական մեծ հարված եղավ Իսրայելի համար եւ շոկ էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի համար: Շարժման գաղափարախոսական դրույթները, որքան էլ որ անընդունելի են Իսրայելի եւ Արեւմուտքի համար, կիսում է բոլոր արաբական երկրների` Մարոկկոյից մինչեւ Իրաք, բնակչության զգալի մասը: Որոշ դիտորդներ գտնում են, որ ներկայիս հակամարտության յուրաքանչյուր օրն ամրապնդում է ՀԱՄԱՍ-ի, այլ երկրներում նրա դաշնակիցների եւ նրա գլխավոր հովանավորի` Իրանի քաղաքական ազդեցությունը:

«Իրանը ոգեւորությամբ է օժանդակում ՀԱՄԱՍ-ին, բայց կանխավ չի հրապարակում դա: Թեհրանը փորձում է իրեն դիրքորոշել տարածաշրջանային գերտերության որակով` միաժամանակ ջանալով մեծ քանակությամբ լծակներ ձեռք բերել Օբամայի վարչակազմի հետ սպասվող բանակցությունների նախօրեին, իսկ այդ նպատակներին հասնելու համար Իրանին անհրաժեշտ է, որպեսի ՀԱՄԱՍ-ը հայտարարի Իսրայելի հանդեպ իր առնվազն բարոյական հաղթանակի մասին. այդժամ Իսրայելն ու Վաշինգտոնի արաբական դաշնակիցները կթուլանան, իսկ Թեհրանը ստիպված չի լինի ներքաշվելու հակամարտության մեջ»,- գրում է The New York Times-ը:

Իրանի դիրքորոշումը պատերազմում պարզ է, ինչպես եւ Թուրքիայի բավական կտրուկ դիրքորոշումը: Չնայած Իսրայելի հետ «բարեկամությանը», Անկարան հանդես եկավ պաղեստինցիների կողմից, չնայած շատերը զարմացան Թել-Ավիվի դեմ այդ բացահայտ դեմարշին: Բայց զարմանալ չարժե. այդ քայլը միանգամայն կանխատեսելի էր եւ միանգամայն ներգծվում է թուրքական արտաքին քաղաքականության հունի մեջ: Վերջինս իրեն դիրքորոշում է որպես թյուրքական աշխարհի առաջնորդ եւ տարածաշրջանային տերություն: Այդ առումով Թուրքիան ոչ մի կերպ չի կարող օժանդակել «Ձուլած արճիճ»-ին: Լոնդոնում լույս տեսնող արաբական Al-hayat թերթը հաղորդել է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը կարող է համաձայնել Սինայի թերակղզում թուրքական զորքերի տեղակայմանը: Նման առաջարկ է եղել Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից, որը վերջերս այցելեց Դամասկոս եւ զրուցեց ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշալի հետ:

Ռազմական գործողությունները դադարեցնելու գործում իր լուման ներդնելու մտադրություն ունի նաեւ Եգիպտոսը: Բայց ՀԱՄԱՍ-ը վստահ է, որ եգիպտական նախաձեռնությունը շանս չունի, որովհետեւ Եգիպտոսն առաջարկում է դադարեցնել կրակը, բայց չի խոստանում Գազայի սեկտորից իսրայելյան զորքերի դուրսբերում: 1979թ. իսրայելա-եգիպտական հաշտության պայմանագրի համաձայն Սինայի թերակղզու տարածքը պետք է ապառազմականացված տարածք մնար: Պայմանագիրը դենոնսացվել էր Արիել Շարոնի կառավարության կողմից: Նոր պայմանների համաձայն Եգիպտոսը զենքի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով հնարավորություն ստացավ խոշոր ռազմական զորամիավորումներ տեղակայել Գազայի սեկտորի հետ ունեցած սահմանի երկայնքով: Բայց գործնականորեն եգիպտական բանակը զսպում է Գազայի սեկտորի փախստականների հոսքը դեպի Սինայի թերակղզի:

Իսրայելն, իհարկե, պետք է պաշտպանի իր քաղաքացիներին հրթիռային գնդակոծություններից եւ մահապարտ-ահաբեկիչներից, բայց ՀԱՄԱՍ-ին կարելի է հաղթել միայն քաղաքական միջոցներով: Կրոնական ֆունդամենտալիզմի հանդեպ ավանդաբար սեր չտածող պաղեստինցիներին պետք է համոզել առավել չափավոր առաջնորդների ընտրել, օրինակ` աշխարհիկ ՖԱԹՀ շարժումից: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ստիպված ենք հաշտվել ՀԱՄԱՍ-ի գոյության հետ: Այդ միջոցին միջազգային հանրությունը բավական հստակ կերպով բաժանվել է երկու մասի. մեկն աջակցում է Իսրայելին եւ, որքան էլ որ տարօրինակ է, այնքան էլ մեծ չէ: Երկրորդը Եվրոպայի եւ ԱՄՆ-ի իսլամական բնակչությունն է, որը լավ կազմակերպված է եւ բավական կուռ զանգված է ներկայացնում բողոքի ցույցերի կազմակերպման համար: Եթե դրան ավելացնենք «ավանդական» հակասեմիտիզմը, ապա Իսրայելը պարզապես իրավունք չունի դադարեցնելու ռազմական գործողությունները` առնվազն ելնելով ինքնապահպանումից: Այդ իսկ պատճառով ներկայումս Իսրայելը Գազայում հակաահաբեկչական գործողության երրորդ փուլին է պատրաստվում: Իսրայելական հետախուզության տվյալների համաձայն գործողության ընթացքում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի առնվազն 300 ակտիվիստներ: Նրանք մեծ մասամբ զբաղվում էին հրթիռների արտադրությամբ եւ իսրայելական տարածքի գնդակոծությամբ: Զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 850: Կորուստներ կան նաեւ իսրայելյան կողմում: Հակամարտության լուծման հարցում դիվանագիտական ջանքերն առայժմ ոչնչի չեն հանգեցրել: Իսրայելը մտադրված է ընդլայնել Գազայում իրականացվող ռազմական գործողությունների ռազմաճակատը, չնայած միջազգային հանրության ճնշմանը, որը պահանջում է կրակի հապշտապ դադարեցում` կապված ծանր հումանիտար իրադրության եւ խաղաղ բնակիչների զոհերի հետ:

Ճիշտ է, կա նաեւ ՄԱԿ-ի բանաձեւը, որը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: Բայց այն, ինչպես եւ ՄԱԿ-ի բոլոր մյուս բանաձեւերը, տվյալ դեպքում ոչինչ չի որոշում եւ չի էլ կարող որոշել: Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ պատերազմի ավարտը, ցավոք, չի երեւում. դրան չեն կարող նպաստել ոչ ՌԴ-ն, ոչ անգամ ԱՄՆ-ն, էլ չենք ասում ԵՄ-ի մասին, որը փորձում է սեփական խաղը վարելՄերձավոր Արեւելքում: Եվրոպայի դիրքորոշումը միանգամայն պարզ է. Պաղեստինի եւ, ընդհանրապես, իսլամական Մերձավոր Արեւելքի գաղթականներն ամենաշատը բնակվում են Արեւմտյան Եվրոպայում:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա նա, մեր տեսակետից, պետք է խիստ չեզոքություն պահպանի` ելնելով գոնե այն բանից, որ Մերձավոր Արեւելքում դեռեւս մեծ թվով հայկական սփյուռք կա, եւ հայկական պետության չմտածված քայլերի դեպքում առաջին հարվածը կստանա հենց այդ սփյուռքը: Բոլորն էլ դեռեւս հիշում են 2000թ. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՊԱԿ-ի առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ, որից հետո ԱՄՆ եւ այլ երկրների հրեական լոբբին սկսեց ավելի ակտիվ հակազդել հայկականին, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

The California Courier-ի հրատարակող եւ խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով, բարկանալով Գազայի պատերազմի առնչությամբ Թուրքիայի քննադատության վրա, Իսրայելը կարող է ճանաչել Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը: «Քիչ հավանական է, որ Իսրայելը կարող է փոխել Հայոց ցեղասպանության ժխտման իր վաղեմի քաղաքականությունը, բայց ԱՄՆ հրեական լոբբին կարող է չարդարացնել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերին դիմադրելու վերաբերյալ Թուրքիայի հույսերը: Նախկինում հրեական լոբբին Թուրքիայի համար նման բանաձեւերի արգելափակման միջոց էր»,- գրում է Սասունյանը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---