Իզուր էր Թել-Ավիվը Անկարային դիտարկում եթե ոչ որպես եղբայրական, ապա որպես բարեկամական երկիր

Թուրքիան ցանկանում է տիրել խաղաղարարի պսակին, որպեսզի վերջնականապես հաստատվի որպես տարածաշրջանային տերություն: Հանուն դրա կարելի է գնալ անգամ Իրանի հետ մտերմության

Աշխարհում հակասեմիտիզմը եղել է եւ միշտ էլ կա: Ամենայն հավանականությամբ, եւ լինելու է, քանի կան հրեաները: «Ձուլած արճիճ» գործողությունը պարզապես հերթական անգամ յուղ լցրեց կրակին: Բայց այս անգամ հակասեմիտ երկրների շարքերը համալրեց Թուրքիան, ինչն, առհասարակ, դեռեւս մի քանի տարի առաջ անհնար կթվար: Համենայնդեպս, նախագահ Ահմեդ Նեջեդ Սեզերի` հետեւողական քեմալիստի օրոք Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններն ուղղակի կատարյալ էին: Ամբողջ աշխարհում հրեական լոբբին պաշտպանում էր Թուրքիայի շահերը, ԱՄՆ վարչակազմը Թուրքիային անվանում էր մարտավարական դաշնակից եւ բարեկամ:

PanARMENIAN.Net - Իսլամիստների իշխանության գալուց հետո Անկարան սկսեց ավելի շատ դառնալ դեպի Իրանը եւ այն արաբական երկրները, որոնք ակտիվ կերպով պայքարում են Իսրայելի դեմ: ՀԱՄԱՍ խմբավորման` Գազայի սեկտորում տեղակայված կայանների գնդակոծությունը սկսելուց անմիջապես հետո Թուրքիան «կտրուկ քննադատեց» Իսրայելի գործողությունները: Իսրայելն ակնհայտորեն պատրաստ չէր դեպքերի նման շրջադարձին. Անկարան Թել-Ավիվի կողմից դիտարկվում էր եթե ոչ որպես եղբայրական, ապա որպես բարեկամական երկիր: Եւ հանկարծ. Ստամբուլում ամենուրեք կախված են հակասեմիտական կարգախոսներով ցուցապաստառներ, ինչպես, օրինակ` «Սպանե'լ հրեաներին», «Ոչնչացնե'լ Իսրայելը», «Իսրայելն այլեւս չպետք է գոյություն ունենա Միջին Ասիայում», խանութներից մեկի պատին մի խումբ մարդիկ կախել էին հետեւյալ բովանդակությամբ ցուցապաստառ. «Հրեաների եւ հայերի մուտքն արգելված է, շներինը` թույլատրված»: Իսկ իսլամի համաձայն շունը պղծված կենդանի է... Էլ չենք ասում ՀԱՄԱՍ-ի օգտին կազմակերպվող բազմաթիվ ցույցերի մասին, իսկ ՀԱՄԱՍ-ը ակնհայտորեն մտադրված նույնացնում են Պաղեստինի հետ:

Հասկանալի է, որ Թուրքիան ցանկանում է տիրել խաղաղարարի պսակին, որպեսզի վերջնականապես հաստատվի որպես տարածաշրջանային տերություն: Հանուն դրա կարելի է գնալ անգամ Իրանի հետ մտերմության: Թուրք դիտորդները գտնում են, որ եթե անգամ Իրանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը չօգնի` դադարեցնելու Իսրայելի գործողությունները Գազայում, ապա այն կարող է կանխել պատերազմի տարածումը ողջ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: Բնական է, որ Գազայում Իսրայելի գործողությունները արգելակելու Իրանի հնարավորությունները սահմանափակ են: Եւ այստեղ Թուրքիան իր դերն է խաղում, եւ պետք է ասել` միանգամայն խելամիտ է խաղում: Բայց այստեղ կա սայթաքելու մի լուրջ առիթ. հիմնականում իսլամի սուննիական ուղղությունը դավանող արաբական երկրներին բոլորովին դուր չեն գալիս Թուրքիայի եւ Սիրիայի խաղերը Իրանի հետ, որտեղ իշխող դավանանքը շիիզմն է: Հենց դա է հիմնական պատճառն այն բանի, որ Թուրքիա-Իրան տանդեմը չի կարող միջամտել պատերազմին: Ավելին, Իրանում համոզված են, որ ոչ մի միջնորդներ ի վիճակի չեն դադարեցնելու Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմը:

Հիմա դեռեւս վաղ է խոսել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ խորը տարաձայնությունների մասին, բայց եթե ԱՄՆ նոր վարչակազմը սկսի «վերանայել» իր արտաքին քաղաքականությունը Մերձավոր եւ Միջին Արեւելքում, մասնավորապես` հարաբերությունները Իրանի հետ, ապա երկրների միջեւ որոշակի սառեցմանը շատ չի մնացել: Այն մասին, որ այդ սառեցումը միանգամայն հնարավոր է, խոսում է առնվազն Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի հայտարարությունը, որով նա հունվարի 16-ին պահանջեց հեռացնել Իսրայելը ՄԱԿ-ից: Պատճառն, ըստ Էրդողանի, Իսրայելի կողմից կազմակերպության բանաձեւերը չկատարելն է: «Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումներն արհամարող երկիրը կազմակերպության շտաբակայան մտնել գլխավոր մուտքից»,- ասել է նա:

2009թ. հունվարից Թուրքիան դարձել է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամներից մեկը եւ այդպիսով արդեն հայտարարել իր մասին: Բնականաբար, ոչ ոք Իսրայելը չի հեռացնելու ՄԱԿ-ից, նույն այդ պատճառով ստիպված կլինեն չափազանց շատ երկրներ հեռացնել այդ Կազմակերպությունից, որին, անկեղծ ասած, երբեք չի հաջողվել այնպես անել, որպեսզի իր բանաձեւերը իրականացվեին... Ի դեպ, հենց ՄԱԿ-ն է անուղղակիորեն մեղավոր Մերձավոր Արեւելքի ներկայիս պատերազմում, որը որոշ ընդմիջումներով տեւում է արդեն 60 տարի: Պատերազմում ՄԱԿ-ի բաժինը նրանում է, որ Իսրայել պետության ստեղծման ժամանակ ոչ մի քայլեր չարվեցին Պաղեստին պետության ստեղծման համար: Դրա փոխարեն Միացյալ Ազգերը դարձյալ սահմանափակվեցին բանաձեւով եւ դիտում էին, թե ինչպես են հրեաները գլուխ հանելու արաբական սպառնալիքից: Դե հրեաները գլուխ հանեցին, բայց քանի դեռ Պաղեստին պետությունը չունի հստակ սահմաններ եւ ապառազմականացված գոտիներ, «Ձուլած արճիճ» եւ այլ նման գործողությունները միշտ լինելու են:

Հակասեմիտիզմի ժայթքումն աստիճանաբար կհանդարտվի, իսրայելական զորքերի հերթական գործողությունը Գազայում կավարտվի, եւ կհաստատվի փխրուն հաշտություն մինչեւ հերթական սադրանքը իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից: Հիշենք, որ պատերազմի առիթ դարձավ իսրայելյան կապրալ Հիլադ Շալիթի գերությունը, վերջինս մինչ օրս էլ գտնվում է ՀԱՄԱՍ-ի ձեռքերում: Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիի խոսքով, Հիլադ Շալիթի ազատագրումը շարունակում է մնալ ՀԱՄԱՍ-ին ուղղված պահանջներից մեկը. «Որպես նախարար` ես պատասխանատվություն եմ կրում յուրաքանչյուր զինվորի համար: Ես մտադրված չեմ բանակցություններ վարել ՀԱՄԱՍ-ի հետ եւ ոչ մի հարցի շուրջ, բացի Հիլադ Շալիթի ազատագրումից»- ասել է Լիվնին Վաշինգտոնում:

Ի դեպ, հունվարի 17-ին Վաշինգտոնում ԱՄՆ եւ Իսրայելի միջեւ ստորագրվել է հուշագիր: Դա Գազայի սեկտորում կրակը դադարեցնելու եւ Գազայում զենքի մաքսանենգություն թույլ չտալու ջանքերի մի մասն է հանդիսանում:

Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսին ԱՄՆ պետքարտուղարը հաղորդել է, որ շնորհիվ Իսրայելի հետ ստորագրած հուշագրի «կբարելավվի երկու պետությունների միջեւ տեղեկատվության փոխանակումը այն հարցի շուրջ, թե ինչպես կանխել ՀԱՄԱՍ-ի կողմից զենքի մաքսանենգությունը Գազայի սեկտորում», Ռայսին մեջբերում է earthtimes գործակալությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ցիպի Լիվնին մտադրությունների մասին հուշագիրն անվանել է «պատմական» համաձայնագիր եւ « զինված հակամարտության դադարեցման կենսական անհրաժեշտության բաղադրիչ»:

Այդ միջոցին, կիրակի օրը Կահիրեում կկայանա եռակողմ հանդիպում նախագահ Հոսնի Մուբարակի, Իսրայելի կառավարության ղեկավար Էհուդ Օլմերթի եւ ՊԻ նախագահ Աբու-Մազենի (Մահմուդ Աբբասի) միջեւ: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին Կահիրե չեն հրավիրել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել

Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---