Թուրքիան գնալով ավելի արագ է դուրս գալիս ԵՄ եւ ԱՄՆ ազդեցության գոտուց

Բաքուն շատ ցավագին է ընդունում Անկարայի ցանկացած նախաձեռնությունը, որը չի բխում «ադրբեջանական ժողովրդի շահերից»

Անցյալ շաբաթվա գլխավոր իրադարձությունը, իհարկե, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պատմական այցն էր Մոսկվա: Այցը վաղուց էր սպասվում` 2008թ. օգոստոսից, երբ Վրաստանի ոչ ադեկվատ գործողությունները Հարավային Օսիայում Կովկասին պատերազմի եզրին կանգնեցրին, որը սպառնում էր վարակել Ռուսաստանն ու Մերձավոր Արեւելքը: Ռուս-թուրքական հարաբերությունները երբեք սառը չեն եղել անգամ ԽՍՀՄ գոյության տարիներին, երբ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվ առեւտուր էր վարում Խորհրդային Միության հետ:

PanARMENIAN.Net - Իսկ հիմա, երբ Թուրքիան ջանում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել` հաշվի չառնելով ԱՄՆ-ն, Անկարայի եւ Մոսկվայի միջեւ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը միանգամայն արդարացված է: Ավելին, այն բխում է երկու երկրների շահերից: Բանակցությունների ժամանակ անգամ կարծիք հայտնեցին այն մասին, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է փոխարժեքներում անցնեն ռուբլուն եւ լիրային: Թե որքանով է իրական նման առաջարկը, դժվար է ասել, բայց այն, որ Թուրքիան գնալով ավելի արագ է դուրս գալիս ԵՄ եւ ԱՄՆ ազդեցության գոտուց, դա ակնհայտ է: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի խոսքով, Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է:

Ինչպե ՞ս կանդրադառնա այդ մտերմությունը Հայաստանի վրա: Հնարավոր տարբերակների թվում դիտարկվում է հայ-թուրքական սահմանի բացումը եւ Թուրքիայի անուղղակի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Թեեւ վերջինս դժվար թե իրականացվի, քանի դեռ Անկարան չի հրաժարվել այդ հարցում Ադրբեջանին կողմնապահություն անելուց: Ի դեպ, Բաքուն շատ ցավագին է ընդունում Անկարայի ցանկացած նախաձեռնությունը, որը չի բխում «ադրբեջանական ժողովրդի շահերից»: Բայց որքա՞ն երկար է Անկարան ականջ դնելու Բաքվի կարծիքին, եթե կան ավելի հզոր եւ խելամիտ խաղացողներ, որոնք կարող են օգնել դուրս գալու ֆինանսական ճգնաժամից եւ 200 միլիարդանոց արտաքին պարտքից: Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի խոսքով, ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս խորացումը կարող է Մոսկվային այն մտքին հանգեցնել, որ պետք է հեռացնել այն «զանօզան», որպիսին տարածաշրջանում հանդիսանում է Հայաստանի քաղաքական դիրքորոշումը: Դե, դա հասկանալի է. եթե աշխարհի որեւէ անկյունում հնչում է «Հայաստան» բառը, Բաքուն իր պարտքն է համարում արձագանքել` երբեմն չհասկանալով, որ բոլոր այդ մեկնաբանություններն ու «հերքումներն» արդեն ոչ ոք լուրջ չի ընդունում, լինի դա Մոսկվայում կամ Անկարայում, էլ չենք ասում Եվրոպայի ու ԱՄՆ-ի մասին:

Շաբաթվա երկրորդ իրադարձությունը ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցն էր Լեռնային Ղարաբաղ եւ Վրաստան: «Երկու սկզբունքներն էլ (տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի) մեզ համար համարժեք են, չկա մեկի գերակայությունը մյուսի հանդեպ, եւ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել` ելնելով հենց այս դրույթից: Կողմերից յուրաքանչյուրը պետք է զիջման գնա, որպեսզի խնդիրը լուծում ստանա: Ես կցանկանայի հերթական անգամ ընդգծել, որ հակամարտության ռազմական լուծում չկա եւ չի էլ կարող լինել: Թե ինչի է հանգեցնում ռազմական լուծումը, մենք վկա եղանք Հարավային Օսիայի օգոստոսյան դեպքերին: Նշանակում է` հիմնավոր սկզբունքների մեկնարկային կետը, կրկնում եմ, հակամարտության խաղաղ կարգավորումն է: Նման խաղաղ լուծումը նշանակում է, որ երկու կողմերը պետք է համաձայնության գան` հարգելով հիմնարար սկզբունքները եւ' Հայաստանում, եւ' Ադրբեջանում: Եւ, իհարկե, ողջ գործընթացը պետք է անցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ»,- Երեւանում հայտնել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը եւ, որ կարեւոր է, նույն խոսքերը կրկնել Բաքվում:

Դարձյալ տարբերվեց Մեթյու Բրայզան: «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նա հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտենում է ավարտին եւ այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Բրայզայի խոսքով, համաձայնագրում պետք է նշվի նաեւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ հակամարտության ռազմական լուծման անհնարությունը:

Իսրայելում վերջապես ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, բայց այդպես էլ պարզ չէ, թե ով է վարչապետ լինելու` Նետանիյա՞գուն, թե՞ Լիվնին: Դեռեւս լեզվակռիվ է գնում, որն, ի դեպ, համեմվում է մի ճշտմամբ. ո՞վ է մարդասպանը` Թուրքիա՞ն, թե՞ Իսրայելը: Հաշվարկի կետը, ինչպես միշտ, Հայոց ցեղասպանությունն է: Որքան մոտենում է ապրիլը, այնքան շատ են խոսելու 1915թ. Ցեղասպանության մասին. դա ամենամյա անհրաժեշտություն է: ԱՄՆ հայկական համայնքը գտնում է, որ հենց այս տարի ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը եւ վերջակետ կդնի ԱՄՆ Կոնգրեսի` 35 տարի ձգված քվեարկությանը, որովհետեւ առաջին բանաձեւը ընդունվել է հեռավոր 1974թ.-ին... Դժվար թե դրանից աշխարհում եւ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ բան կփոխվի. Թուրքիան շատ լավ գիտի, որ Հայաստանն իրավացի է, ինչպես եւ հայերն են հասկանում, որ ոչ մի թուրքական կառավարություն իրեն կամավոր չի ճանաչի ցեղասպանագործ պետություն: Եւ, վերադառնալով Գյուլի մոսկովյան այցին, նշենք, որ այդ հարցում Թուրքիային դեռեւս ոչ ոք չի կարող ճնշել` ո'չ Ռուսաստանը, ո'չ էլ ԱՄՆ-ն:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---