Հայոց ցեղասպանության հարցում Անկարան անպարտելի խաղ է վարել եւ վարում է

Թուրքիան հայերի մահվան եւ տեղահանման դեպքերի որոշակի թիվ երբեք չի նշել

Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցից մեկ ամիս առաջ The New York Times-ը հրապարակեց Սաբրինա Թավերնայսի հետաքրքրքաշարժ հոդվածը: Ըստ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարի փաստաթղթերի, որոնք երկար ժամանակ թաքցվում էին, 1915-1916թթ. ընթացքում կայսրության հայ բնակչության թիվը կրճատվել է 972 հազարով: Այդպիսի թվեր են բերվում թուրք գրող եւ լրագրող Մուրաթ Բարդաքչիի գրքում, որում հավաքված են Մեհմեդ Թալեաթի` հայտնի որպես Թալեաթ փաշայի` Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետի փաստաթղթերն ու գրառումները:

PanARMENIAN.Net - Բայց հունվարին գրքի լույս տեսնելու օրվանից սկսած այդ թիվն այլեւս ոչ մի տեղ չի հիշատակվել: Թերթերը գրեթե ոչինչ չեն գրել այդ մասին, հարցը չի քննարկվել հեռուստատեսությամբ, գրում է հոդվածի հեղինակ Սաբրինա Թավերնայսը: Մուրաթ Բարդաքչիի խոսքով, նման լռությունը կարող է միայն մի բան նշանակել. «Իմ թվերը չափազանց մեծ են հասարակ մարդկանց համար: Հնարավոր է` մարդիկ դեռեւս պատրաստ չեն խոսելու այդ մասին»: Մի քանի սերունդների ընթացքում թուրքերի մեծամասնությունը ոչինչ չի իմացել 1915-1918թթ. Հայոց ցեղասպանության մասին: «Թուրքիան Խորհրդային Միության օրինակով կոծկել է իր անցյալի ամենատհաճ էջերը` մոռացման ագրեսիվ քաղաքականության շրջանակներում բացառելով այդ իրադարձությունների մասին բոլոր հիշատակումները դպրոցական դասագրքերից եւ պաշտոնական ժամանակագրություններից»,- գրում է հոդվածի հեղինակը:

Թուրքիան արդեն որերորդ անգամ սեփական հնարքների գերին է դառնում «արդյոք օգտագործել ցեղասպանություն բառը 1915թ. իրադարձությունների հանդեպ, թե` ոչ» հարցում: Դաշնակցություն էր առաջարկում ամբողջ աշխարհը եւ, որ պակաս կարեւոր չէ, հրեական լոբբին եւ Իսրայել պետությունը: Փաստացիորեն, Հայոց ցեղասպանության հարցում Անկարան անպարտելի խաղ է վարել եւ վարում է. Իսրայելը երբեք չի համաձայնի այն բանի հետ, որ Երկիր մոլորակի վրա որեւէ այլ Ցեղասպանություն է եղել բացի Հոլոքոստից, որի «շնորհիվ» էլ հիմնադրվեց հրեական պետությունը: Եվրոպական հրեականության Աղետը ուռճացնելով եւ հասցնելով տիեզերական մասշտաբի իրադարձության` Իսրայելը 60 տարուց ավելի է, ինչ բավական հաջող պատերազմ է վարում արաբական շրջապատի եւ առաջին հերթին` Պաղեստինի դեմ: Թուրքիային ամենից հարմար էր Իսրայելի նման դիրքորոշումը, քանի որ Անկարայում շատ լավ հասկանում էին, որ վաղ, թե ուշ ստիպված են լինելու «1915թ. իրադարձությունները» Ցեղասպանություն ճանաչել: Բայց համակարգը խախտվեց «Ձուլած արճիճ» գործողության ժամանակ: Ինչպես մենք արդեն գրել ենք, վարչապետ Էրդողանը Իսրայելին մեղադրեց «Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության» մեջ, ինչի համար արժանի պատասխան ստացավ` «թուրքերին վայել չէ ցեղասպանության մասին խոսելը...»: Հարկ է նշել, որ հրեական ժողովրդի համար Հոլոքոստը միացյալ ազգային գաղափար է, հանուն որի աշխատում է ողջ ազգը: Հայերի մոտ, ցավոք, այդպես չէ: Միջազգային հրապարակում Հայոց ցեղասպանության ճանաչմամբ զբաղվում են երկու-երեք սփյուռքային կազմակերպություն: Եւ այն, ինչ նրանք անում են եւ ինչպես են անում, հարգանքի է արժանի: Պետությունը սահմանափակվում է հռչակագրային հայտարարություններով եւ փորձում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ «մենք պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների» սրբազան արտահայտությամբ: Իրականում դա նշանակում է, որ Հայաստանը համաձայն է փակել աչքերը մեկուսացման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի օժանդակման եւ Հայոց ցեղասպանության վրա:

Թուրքիան հայերի մահվան եւ տեղահանման դեպքերի որոշակի թիվ երբեք չի նշել: Եւ այդ առումով ավելի քան արդարացված է ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հոռետեսությունը: Վերջինս անում է ամեն հնարավոր եւ անհնար բան, որպեսզի հասնի ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունմանը: «Զգոնացնում է այն, որ Հայաստանը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանին Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության (ՍՏՀԿ) ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովին է հրավիրել Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցից մի քանի օր առաջ»,- իր շաբաթական էջում գրում է The California Courier-ի խմբագիր եւ հրատարակող Հարութ Սասունյանը: Նրա կարծիքով, նման քայլերն անթույլատրելի են, երբ Անկարան մշտապես «գնդակոծում է» Վաշինգտոնը 1915թ. իրադարձությունների մասին կեղծիքներով: «Հայկական կողմը զարմանալի լռություն է պահպանում, ինչով բարձրացնում է թուրք կեղծարարների հանդեպ վստահության մակարդակը, որոնց գործողություններն ուղղված են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը ձախողելուն: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի արտգործնախարարին կհրավիրի Երեւան, եթե նա հրաժարվի այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, պսակ դնել եւ ներողություն խնդրել հայ ժողովրդից: Առավել եւս, որ Թուրքիան, հանդիսանալով թշնամական երկիր, չի վերացնում Հայաստանի մեկուսացումը»,- ընդգծել է Սասունյանը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---