Հայաստանի արտաքին քաղաքականության միջանկյալ արդյունքները

Հայաստանը չի պատրաստվում զիջել Թուրքիային կամ մեկ ուրիշին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եւ փոխզիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` իր պաշտոնական պարտականություններին անցնելուց հետո անցած մեկ տարին որոշ փոփոխություններ ներմուծեց պետության արտաքին քաղաքականության մեջ` դրա հետ մեկտեղ չփոխելով առաջնային ուղղությունները, որոնք հայտարարված են Հայաստանի Անկախության հռչակագրում: Եւ եթե բարձրագույն մակարդակով հանդիպումներն, ընդհանուր առմամբ, սպասելի էին, ապա երկու իրադարձություններ իսկապես նշանակալից էին ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:

PanARMENIAN.Net - Սակայն հարկավոր է նշել, որ եթե չլիներ Վրաստանի ու Հարավային Օսիայի միջեւ պատերազմը եւ դրան հաջորդած ռուս-վրացական հարաբերությունների սրումը, ապա, հնարավոր է, չլիներ նաեւ Մայնդորֆյան հռչակագիրն ու, առավել եւս, Թուրքիայի նախագահի` իսկապես պատմական այցը Երեւան:

Հայ-թուրքական երկխոսության մեկնարկի առաջին քայլը կատարվեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի հիմնադրման 10-ամյակի տոնակատարությանը, որտեղ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը բավական ազատ միջավայրում մի քանի խոսք փոխանակեցին, ինչն իր հերթին բուռն «վրդովմունք» առաջ բերեց ադրբեջանական մամուլում... Այն, որ դրան կարող է հաջորդել որեւէ կոնկրետ քայլ, նախապես պարզ էր: Եւ այդ քայլը հաջորդեց. Հայաստանի նախագահն իր թուրք գործընկերոջը հրավիրեց Երեւան` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպումը: Միանգամից ասենք, որ Աբդուլլահ Գյուլը պարզապես չկարողացավ հրաժարվել, հակառակ դեպքում կտուժեր Թուրքիայի վարկը միջազգային հրապարակում: Մինչդեռ Հայաստանին նախագահի նախաձեռնությունն ավելի շատ օգուտ բերեց: Գյուլի այցից հետո մինչ այդ գաղտնիության մթնոլորտում ընթացող հայ-թուրքական բանակցություններն ավելի բացահայտ դարձան: Միգուցե, բանակցությունների արդյունքում հայ-թուրքական սահմանը չբացվի, բայց եթե կողմերը սկսել են բանակցություններ վարել, դա արդեն լավ է: Եւ, թերեւս, ամենակարեւորը. Հայաստանը հանուն ինչ-որ աղոտ տնտեսական շահերի չի պատրաստվում զիջել Թուրքիային կամ մեկ ուրիշին Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եւ փոխզիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նախագահ Սարգսյանի թեթեւ ձեռքով «ֆուտբոլային դիվանագիտություն» տերմինը ներմուծվեց միջազգային քաղաքականություն, ինչպես մինչ այդ «պինգ-պոնգի դիվանագիտությունը», որը սկիզբ դրեց ամերիկա-չինական հարաբերությունների վերականգնմանը անցյալ դարի 70-ական թվականներին:

Ըստ կարեւորության երկրորդ իրադարձությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումն էր, թեեւ այդ երկու իրադարձությունները փոխկապակցված են: Չմոռանանք, որ հենց Թուրքիան առաջարկեց Կովկասի կայունության եւ համագործակցության Պլատֆորմը, իսկ հռչակագրի ստորագրումը պարզապես Ռուսաստանի պատասխանն էր: Ավելորդ չի լինի նաեւ հիշեցնել, որ հռչակագրի ստորագրումը տեղի ունեցավ հենց անմիջապես ԱՄՆ նախագահի ընտրություններից առաջ: Մեկ ամիս անց նման հայտարարություն ընդունվեց ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովին: Ճիշտ է, հռչակագրերից եւ ոչ մեկն այդպիսով չմոտեցրեց ղարաբաղյան հակամարտության լուծումը, ինչպես դա թվում է ղարաբաղյան հայերի ճակատագրի «տիրակալներին»: ԼՂՀ ժողովուրդն իսկապես չի հասկանում, թե ինչու է պետք լուծել մի բան, որը լուծվել է դեռեւս 1994թ.: Այնպես որ «ոսկե հնարավորության», «պատուհանի» եւ «առաջընթացի» մասին բոլոր խոսքերը պարզապես դիվանագիտական ֆիգուրներ են, որոնք կոչված են կոծկելու կովկասյան քաղաքականության լաբիրինթոսներից գլուխ հանելու գործում գործողությունների եւ դեպքերի մեծամասնության հարցում` ցանկության բացակայությունը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա Հայաստանի նախագահի խոսքով, իր կյանքի ամենաերջանիկ օրը կդառնա այն օրը, երբ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ Ղարաբաղը կա'մ կդառնա անկախ երկիր, կա'մ էլ կմիանա Հայաստանին: «Այդ օրը ես հրաժարական կտամ եւ հրաժեշտ կտամ քաղաքականությանը: Բայց ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը փակուղու մեջ չէ: Ես հավատում եմ, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորություն: Այլապես ես իմ թեկնածությունը չէի դնի ՀՀ նախագահի պաշտոնում»,- ավելացրել է Սերժ Սարգսյանը:

Ասվածին պարզապես մնում է ավելացնել, որ անցյալ տարվա ընթացքում ամրապնդվել են Հայաստան-ԵՄ, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, էլ չենք ասում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների մասին: Եւ, վերջապես, Հայաստանը դարձել է Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---