Ադրբեջանը զգուշանում է ռուս-թուրքական դաշինքից

Պատահական չէ, որ այս օրերին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան եւ ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանը մատնանշում են որպես մարտիկների եւ զենքի փոխադրման անցումային երկիր:

Եթե ակտիվ դիվանագիտությունը կայանում է պարբերական հանդիպումների եւ այցերի միջոցով, ապա կարելի է ասել, որ հիմա տարածաշրջանին գրեթե գամված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայացքները, ինչը զարմանալի չէ. Եվրոպայի ցանկությունը` ազատվել Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունից, Թուրքայի երեւան գալը` որպես տարածաշրջանային լուրջ տերության կարգավիճակի հավակնորդի, տերությունների եւ Իրանի շարունակվող հակասությունների լույսի ներքո եւ հայ-թուրքական պայմանագիրը ստորագրելու հույսերը ստեղծված իրադրությունն ավելի խճճված են դարձնում:
PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Էրդողանի` արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, կարիերային դիվանագետ Ահմեդ Դավութօղլուին արտգործնախարար նշանակելը նույպես խոսում է Թուրքիայի մտադրությունների լրջության մասին` օգտագործել բաժին ընկած հնարավորությունը եւ հաստատվել տարածաշրջանում, որովհետեւ ԵՄ հետ դեռ ոչինչ չի ստացվում: Դավութօղլուն արդեն հայտարարել է, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվ դեր խաղա Բալկաններում եւ Մերձավոր Արեւելքում, սակայն «Արեւմուտքի հետ հարաբերությունները շարունակում են մնալ արտաքին քաղաքականության առաջնությունները»:

«Թուրքիան երկիր չէ, որը միայն արձագանքում է ճգնաժամերին, նա պետք է նաեւ արդյունավետ կանխի դրանք: Դա վերաբերում է ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերին, Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ միջնորդական ջանքերին` Կովկասում հակամարտությունները լուծելու համար»,- ընդգծել է Դավութօղլուն, ավելացնելով, որ ԵՄ-ը եւ ՆԱՏՕ-ն անվտանգության ու կայունության միջեւ հավասարակշռություն հաստատելու քաղաքականության կարեւոր օղակներ են հանդիսանում: Չի կարելի ասել, որ Ալի Բաբաջանը վատ արտգործնախարար էր, սակայն այժմ Էրդողանին պետք է ավելի լուրջ դիվանագետ, եւ ոչ թե տնտեսագետ, ինչպիսին նախկին վարչապետն էր: Այնուամենայնիվ, Բաբաջանը մնաց նախարարությունում որպես տնտեսական կապերով փոխնախարար: Շատ հավանական է, որ նա Էղեմեն Բահիսի հետ նորից դառնա Թուրքիայի եւ ԵՄ միջեւ բանակիցը:

Այդ ֆոնի վրա ռուս-թուրքական քաղաքա-տնտեսական դաշինքի ամրապնդումը չի թվում այդքան անսպասելի: Ի միջի այլոց, այդ դաշինքը կարող է ուղղորդվել ոչ թե Հայաստանի դեմ, ինչպես դա թվում է առաջին հայացքից, այլ Արդրբեջանի: Պատահական չէ, որ հենց այս օրերին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան եւ ԱՄՆ պետդեպարտամենտը Արդրբեջանը նշել են որպես մարտիկների եւ զենքի փոխադրման անցումային երկիր: Ռուսատանը եւ Թուրքիան Կովկասում միշտ ընդհանուր հետաքրքրություններ են ունեցել, այնպես որ Էրդողանի այցն ավելին չէ, քան աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կողմերը կփորձեն մշակել որոշակի ընդհանուր տնտեսական քաղաքականություն, որն ուղղված կլինի տարածաշրջանում Մոսկվայի եւ Անկարայի գերիշխող դիրքերի ուժեղացմանը: Եւ շատ հավանական է, որ այդ պայմաններում Ադրբեջանին, չնայած Իլհամ Ալիեւի բավական համարձակ հայտարարություններին, համարյա ոչինչ չի սպասվում: Nabucco նախագիծն առանց ադրբեջանական գազի կդիմանա, իսկ առանց թուրքմենական եւ ռուսական գազի` ոչ: Եվրոպային այդպիսի դրությունը նույնպես դուր չի գալիս, բայց այդ կերպ նա վճարում է Թուրքիային ԵՄ չընդունելու համառ ցանկության համար: Շատ հավանական է, որ Բրյուսելին կբավարարի ձեռք բերվածի գինը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ավելի ճիշտ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, ապա այս հարցում, ինչպես արդեն գրել ենք, կողմերից քիչ բան է կախված: Ո'չ Թուրքիան, ո'չ Հայաստանը չեն կարող առանց ճնշման ընդունել այն որոշումը, որը պնդում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ ԵՄ-ն:

«ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղաշարժերը դիտարկում է որպես Բարակ Օբամայի հարյուր օրվա նախագահության արտաքին գերատեսչական ձեռքբերումներից մեկը: Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մայքլ Համմերի խոսքերով, Սպիտակ տունը կարծում է, որ «հայ-թուրքական հարաբերություններում կարեւոր ձեռքբերում է արձանագրել, որն ամեն կերպ պետք է խրախուսել»: Մայքլ Համմերի խոսքերով, Թուրքիան ԱՄՆ-ի կարեւոր ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցը: «Մենք հավատում ենք, որ այժմ առաջ գնալու լավ հիմքեր կան: Հենց այդ պատճառով ԱՄՆ նախագահը կարեւոր համարեց Թուրքիա այցելելը: Մենք հուսով ենք, որ մենք թուրքական կառավարության հետ բաց երկխոսություն եւ կարծիքների փոխանակություն կունենանք»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Կարելի է գուշակել հայ-թուրքական բանակցությունների զարգացման որոշակի սցենար: Լավատեսական. սահմանը բացվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ֆուտբոլային խաղից առաջ, երկու երկրների ԱԳՆ ղեկավարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրություն են ստորագրում եւ արդեն հետո սկսվում են տխրահռչակ բանակցությունները «ճանապարհային քարտեզի» շուրջ, որը ոչ ոք չի տեսել, եւ, ինչպես հավաստում է Հայաստանի ԱԳՆ-ը, գոյություն չունի: Երկրորդ սցենարը հոռետեսական է. Հայաստանին ստիպում են ընդունել Կարսի պայմանագիրը այդտեղից բխող բոլոր հետեւանքներով` Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ կորուսյալ հայրենիքի փոխհատուցումից հրաժարում, ազգային անվտանգության կտրուկ թուլացում, եթե չասենք զրոյի հանգեցում: Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցն ինքնըստինքյան դուրս է գալիս... Երրորդ տարբերակ, ցավոք սրտի, գոյություն չունի:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---