Խաղադրույքներն Իրանի նախագահի ընտրություններում

Շատ հնարավոր է, որ Իրանը նոր փուլ է ոտնակոխում, որն ընդհատվել էր Խաթամիի` առաջին բարեփոխիչներից մեկի հեռանալուն պես

Իրանի նախագահական ընտրություններում, որոնց առաջին փուլը տեղի կունենա հունիսի 12-ին, գլխավոր մրցակիցները գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին են, որին աջակցում են բարեփոխիչները, եւ ինչը պակաս կարեւոր չէ, նաեւ մինչեւ 30 տարեկան երիտասարդները, որոնք կազմում են երկրի բնակչության 60 տոկոսը: Իրանի այս ընտրությունները կարեւոր են ոչ միայն բուն երկրի, որքան այն առումով, թե կկարողանա արդյոք երկիրն ընդգրկվել արժեքների համաշխարհային համակարգում, որից նա հեռու էր մնում վերջին 30 տարում:
PanARMENIAN.Net - Պետք է ասել, որ այդ 30 տարիներրը զուր չանցնան` փլուզման եզրին գտնվող շահի Իրանը այաթոլլա Հոմեյնիի գալստյան հետ հզորացավ եւ արդեն ոչ առանց հիմնավորման հավակնում է տարածաշրջանային տերության առաջնորդի դերին: Դրանում իրենց դերն են կատարում նաեւ Իրանի միջուկային հավակնությունները, թեեւ դեռեւս անհայտ է` իրական են դրանք թե դա ուղղակի Մահմուդ Ահմադինեժադի մկանների խաղն է, որը եղել է 1979թ. ամերիկյան դեսպանատան հարձակման դեմ մասնակիցներից մեկը: Նրա մասին ասում են, որ նա բնակվում է հին սեփական տանը, վարում է սովորական մեքենա եւ բոլորովին չի հիշեցնում տարածաշրջանային գերտերության նախագահի: Այնուամենայնիվ, նա կարողացավ հաղթել անցած ընտրություններում եւ այժմ բոլոր շանսերն ունի կրկնելու համար իր հաջողությունը, եթե այն իրոք ձեռնատու է արեւմտյան գործընկերներին: Ահա այստեղ էլ սկսվում են բարդությունները: Իրանի հարցում ԱՄՆ-ն ու Եվրոպան հակադիր դիրքորոշումներ ունեն, չասած արդեն Ռուսաստանի մասին, որն իր շահերն ունի տարածաշրջանում եւ դարավոր կապեր ունի Պարսկական կայսրության հետ: Եվրոպայի համար Իրանը կարեւոր է որպես այլընտրանքային էներգիայի առաքիչ եւ Թեհրանում այդ մասին շատ լավ գիտեն: ԱՄՆ-ի համար Իրանը եթե ոչ «չարիքի առանցք է», ապա դրան մոտ ինչ-որ բան: Սակայն Օբամայի վարչակազմը հեռու է Ռայսից ու Չեյնիից, որոնք կարողացան համոզել աշխարհին, թե Իրանին հարկավոր է պատժել միջուկային ծրագրի համար: Կա եւս մեկ հանգամանք Իրանի ապագայի հարցում Եվրոպայի ու ԱՄՆ-ի մոտեցումների տարբերության մեջ` դա օվկիանոսն է: Ամերիկան չափազանց հեռու է եւ նրան այնքան էլ չեն հուզում Եվրոպայի էներգաանվտանգության խնդիրները: Այսինքն հուզում են, սակայն զուտ կայսերական նպատակներից ելնելով: Նույնն է նաեւ Ռուսաստանի դեպքում, սակայն Ռուսաստանն ավելի մոտ է, ուստի եւ ավելի վտանգավոր:

Ըստ Թեհրանի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Նասեր Հադիանի, այս ընտրությունները Ահմադինեժադին կողմ կամ դեմ լինելու հանրաքվե է: Հաղթանակի հասնելու համար գործող նախագահը գործարկել է բոլոր առկա ռեսուրսները: Նա վերահսկում է պաշտոնական ԶԼՄ-ները, հեռուստատեսությունն ու թերթերի մեծամասնությունը: Նա այցելում է գավառներ, որտեղ բնակվում է նրա հիմնական ընտրազանգվածը: Սակայն նրա մրցակիցը եւս ուժեղ է: Իրանի նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավիի համար պատրաստ են ձայն տալ իրանցիների 54 տոկոսը: Նշենք, որ նա երկրի վարչապետն էր ամենածանր շրջանում` 8 տարի, իրանա-իրաքյան պատերազմի տարիներին: 1988թ. Իրանը համաձայնագիր է ստորագրել հրադադարի մասին, որը ձեռք էր բերվել ՄԱԿ-ի միջնորդությամբ: Մեկ տարի ացն այաթոլլա Համենեին փոխարինեց վախճանված այաթոլլա Հոմեյնիին Իրանի հոգեւոր առաջնորդի պաշտոնում: Նախագահի ու վարչապետի պաշտոնները միացվեցին: Երկրի նախագահ դարձավ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին եւ Մուսավին հեռացավ քաղաքական կյանքից: Այն բանից հետո, երբ նախկին նախագահ Հաթամին հայտարարեց, թե չի մասնակցի հաջորդ ընտրություններին, Մուսավին հայտարարեց իր թեկնածությունն առաջադրելու մասին: Եվ այսօր հենց նա է Մ.Ահմադինեժադի գլխավոր մրցակիցը: Ինչպես Հաթամին, այնպես էլ Մուսավին ազգությամբ ադրբեջանցիներ են, ինչը մեծ հաշվով ոչ մի նշանակություն չունի` Իրանի ցանկացած նախագահ կվարի այն քաղաքականությունն, որը շահավետ է իր երկրի համար: Ողջ հարցը նրանում է, թե կկարողանա արդյոք վարել այդ քաղաքականությունը` թույլ կտան արդյոք դա նրան անել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերը: Շատ հնարավոր է, որ Իրանը նոր փուլ է ոտնակոխում, որն ընդհատվել էր Խաթամիի` առաջին բարեփոխիչներից մեկի հեռանալուն պես: Իսկ գուցե ոչ` Ահմադինեժադի դիրքերը բավական ուժեղ են: Ճիշտ է, Մուսավին խոստացել է առավել ժողովրդավարական դարձնել երկիրը` օրինակ, հրաժարվել բարքերի հատուկ ոստիկանությունից, որը հետեւում է մահմեդական բարոյականության նորմերի կատարմանը, փոխել կնոջ դերը հասարակությունում:

Դեռեւս վաղ է կանխատեսումներ անել` չափազանց շատ են այս կամ այն թեկնածուի հաղթանակով շահագրգռված խաղացողները: Խաղադրույքներն էլ շատ բարձր են` իրանական գազը, որն այնքան անհրաժեշտ է Եվրոպային, հատկապես նրանից հետո, երբ Nabucco-ի իրագործումն առավել թափանցիկ դարձավ: Հայաստանի համար Իրանում ընտրությունների ելքը գրեթե դեր չի կատարում, իսկ այ Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունի: ճիշտ է, որոշ քաղաքական գործիչներ Բաքվում արդեն իսկ շտապել են հայտարարել, որ Մուսավիի հաղթանակի դեպքում, կփոխվի Ադրբեջանի հանդեպ տարվող քաղաքականությունը, քանի որ նա ազգությամբ ադրբեջանցի է: Նման հույսերն առավել քան պարզամիտ են: Մոհամմեդ Հաթամին եւս ադրբեջանցի է, սակայն Թեհրանի քաղաքականութնունը Բաքվի հանդեպ չի փոխվում արդեն թեկուզ վերջին 30 տարվա ընթացքում: Կանխատեսումներ չանենք, Իրանի համար դրանք միշտ չէ որ հստակ են ու սպասված: Բնականաբար, աշխարհը հոգնել է Ահմադինեժադից նրա սկանդալային հայտարարություններով, սակայն որտե՞ղ է երաշխիքը, որ նրան փոխարինելու դեպքում Միր Հոսեյն Մուսավին առավել «ընդունելի» կլինի:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---