Օբամա-Մեդվեդեւ հանդիպմանը նախորդած շաբաթը` Թուրքիա, ԵԱՀԿ, «ժողովրդական դիվանագիտություն»

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը Մոսկվա կոչված է եւս մեկ անգամ հաստատելու, որ Անկարան ընկալում է Մոսկվան որպես դաշնակից եւ մի երկիր, որը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա տարածաշրջանում իր խնդիրների լուծման համար:

Անցած շաբաթը բավական ակտիվ էր, ինչն իր բացատրությունն ունի` հաջորդ շաբաթ սկսվում է ԱՄՆ նախագահի այցը Մոսկվա, տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, եւ վերջապես, հուլիսի 17-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների շարքում են` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուի այցը Մոսկվա, ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան ու Ադրբեջան, եւ, անկասկած, հայ եւ ադրբեջանցի մտավորականների երկրորդ այցը ԼՂՀ:

PanARMENIAN.Net - Եթե մի կողմ թողնենք զուտ արձանագրային հայտարարությունները, որ հնչեցին բոլոր բանակցություններում, ապա կարելի է միայն հաստատել այն, ինչ արդեն բամիցս ենք ասել` տարածաշրջանում մեծ փոփոխություններ են ակնկալվում: Եվ այդ փոփոխությունները կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, այսինքն ՀՀ արտաքին քաղաքականության երկու հիմնական ուղղությունների վրա: Մնացած ամեն ինչը, ներառյալ Ջավախքի խնդիրը, գազային երթուղիներն ու ընտրություններն Իրանում չեն կարող այնպիսի ազդեցություն ունենալ, ինչպես այս շաբաթվա իրադարձությունները:

Թուրքիայի ԱԳ ղեկավարի այցը Մոսկվա կոչված է եւս մեկ անգամ հաստատելու, որ Անկարան ընկալում է Մոսկվան որպես դաշնակից եւ մի երկիր, որը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա տարածաշրջանում իր խնդիրների լուծման համար: Որքան էլ հավաստիացնի թուրքական կողմը, որ հայ-թուրքական սահմանի բացումը ավելի շատ հարկավոր է Հայաստանին, իրականում ճիշտ հակառակն է: Բաց սահմանը հարկավոր է Թուրքիային կարեւոր մարտավարական ու ռազմավարական խնդիրների լուծման համար, որ կապված են քուրդ գրոհայինների դեմ պատերազմի հետ: Զուգահեռաբար նշվում է նաեւ երկրորդ կարեւոր հարցը` ԵՄ-ում Թուրքիայի լինել-չլինելու հարցը, թեեւ այդ հարցը փակ է առաջիկա 10-15 տարիների համար:

Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսի տարածաշրջանային այցը եւ ՀՀ ու Ադրբեջանի դեսպանների այցը ԼՂՀ «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում զարմանալիորեն համընկան: Այս երկու իրադարձությունները զուգադիպություն կարող է համարել միայն տարածաշրջանային խնդիրներից շատ հեռու գնտվող մարդը: Դատեք ինքներդ` Մեդվեդեւի այցը Բաքու, հետո Դավուդօղլուի այցը Մոսկվա, Երեւան է ժամանում ԵԱՀԿ գործող համանախագահը եւ դեսպանները մեկնում են Ստեփանակերտ: Եվ այս ամենը Օբամա-Մեդվեդեւ հանդիպման շեմին: «Ժողովրդական դիվանագիտությանն» անդրադառնալուց առաջ, նշենք, որ ԵԱՀԿ-ն, հավանաբար, տարածաշրջանային կենտրոնի որոնումների մեջ է: Մինչ 2008թ. օգոստոսը դա Թբիլիսին էր, սակայն այժմ, վրաց նախագահի անկանխատեսելիության պատճառով, ինչպես նաեւ ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում ՌԴ ճնշման պատճառով, կազմակերպությունը պետք է մի երկիր ընտրի, որը կփոխարինի Վրաստանը: Ոչ Ադրբեջանը, ոչ առավել եւս Հայաստանը այդ դերին հարմար չեն: Մնում է Թուրքիան, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում կկարողանա ստանձնել այդ դերը: Հավանաբար, հենց այդ պատճառով է, որ Եվրոպան, ԱՄՆ-ն այդքան շտապում են երկու երկրների միջեւ դիվանագիտականա հարաբերությունների հաստատման հարցում: Թե որքանով նրանց դա կհաջողվի բոլորովին ավելորդ հարց չէ` պատասխանը ենթադրում է կամ պատերազմ, կամ անվտանգություն: Իսկ այն, որ պատերազմը տարածաշրջանում միայն պատեհ առիթի է սպասում, վաղուց արդեն գաղտնիք չէ: Ուղղակի հարկավոր է ճշտել` ինչ են գերադասում տերությունները` խաղաղություն թե պատերազմ: Մեծ հաշվով երկու տարբերակն էլ ընդունելի չեն` ցանկալին ոչ ոք չի ստանա, իսկ կորցնել կարողեն բոլորը: Կամ գրեթե բոլորը: Այսպիսին է արհեստականորեն ստեղծված հակամարտության զարգացման եւ ոչ պակաս արհեստականորեն սկսված պատերազմի տրամաբանությունը:

Հավանաբար, անկանխատեսելի սցեանորվ իրադարձությունների զարգացում թույլ չտալու համար, կրկին գործարկվեց «ժողովրդական դիվանագիտությունն» ի դեմս ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների:

Այս այցը 2007-ի հուլիսին կայացած այցի կրկնությունն էր: Ստեփանակերտ-Շուշի-Երեւան-Բաքուն անփոփոխ երթուղի է, նույնն են նաեւ մեկնաբանությունները` «մենք այստեղ քաղաքական խնդիրներ լուծելու եւ հակամարտությունը կարգավորելու համար չենք»: Եթե հաշվի չառնենք գաղտնիության քողը, կարելի է ասել, որ այցը հաջողվեց: Առնվազն, ադրբեջանական կողմի համար, հաշվի առնելով Բյուլ-Բյուլ օղլիի արտահայտությունները Ստեփանակերտում: Անդրադառնալով ԼՂՀ տարածք անմիջապես Ադրբեջանից` Մարդակերտով մուտք գործելուն` Բյուլ-Բյուլ օղլին հայտարարեց, թե իր համար «Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ սահման կամ շփման գիծ չկա»:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին հայտարարեց լրագրողներին, որ «իրենք ժամանել են Ստեփանակերտ ոչ թե պետական կամ քաղաքական խնդիրներ լուծելու համար, այլ ժողովրդների միջեւ վստահության հաստատման նպատակով»: Նա նշել է,որ այս անգամ պատվիրակությունը ԼՂՀ է ժամանել ընդլայնված կազմով, ունենալով մի քանի նոր ծրագրեր, որոնք դեռեւս քննարկման ընթացքում են, սակայն կարող են իրականացվել ապագայում: «Վերջին 18-20 տարիներին մեր երկրներում մի ողջ սերունդ է մեծացել, որն ոչինչ չգիտի միմյանց մասին: Ուստի մենք, երկու նախկին նախարարներս, անցյալ տարի ձեռնարկեցինք այս նախաձեռնությունը, որն էլ հաջողությամբ պսակվեց»,-ասել է Բյուլ-Բյուլ օղլին:

Բյուլ-Բյուլ օղլին նշել է, որ Արմեն Սմբատյանի հետ զրույցներում նրանք բազմիցս են նշել, որ «մեր ժողովրդների ներկայացուցիչները Ռուսաստանում կարողանում են գոյակցել եւ բարեկամանալ, իսկ այս փոքր հողակտորում` ոչ»: Բյուլ-Բյուլ օղլին մեղադրեց մամուլին թշնամու կերպարի ստեղծման մեջ, ինչը բացասաբար է անդրադառնում կարգավորման բոլոր գործընթացների վրա եւ կրկին ընդգծեց, որ գտնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, նա չի փորձում քաղաքական խնդիրներ լուծել:

Մնացած ամեն ինչ, ինչ ասվեց Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում, ոչինչ չի կարող հավելել այս մեջբերմանը: Ինչպես օրինակ դեսպան Սմբատյանի «դիվանագիտական լռությունը»...:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---