Կայսերական նկրտումները պետք է իրավական ձեւակերպում ստանան

Միանգամայն հնարավոր է, որ Մեդվեդեւի օրինագիծը նախաձեռնվել է նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանը բոլորովին չի ցանկանում հերթական Կովկասյան պատերազմի մեջ ներգրավվել, որ երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցնում

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերջին օրինագիծը` ազգային տարածքից դուրս զինված ուժերը կիրառելու կարգին առնչվող «Պաշտպանության մասին» դաշնային օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ, որոշ առումով անակնկալ դարձավ: Սակայն առավել մանրամասն դիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ այդ օրինագիծը ոչ այլ ինչ է, քան Կովկասի տաք գլուխները, եւ առաջին հերթին Վրաստանն ու Ադրբեջանը սառեցնելու միջոց:

PanARMENIAN.Net - 1988թ.-ից Ադրբեջանում եւ 1991-ից Վրաստանում ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունների համառ անընդունելիությունը հանգեցրին նրան, որ Թբիլիսին եւ Բաքուն մշտապես խոսում են պատերազմի` որպես իրենց խնդիրների լուծման միջոցի մասին: ՀԱՊԿ-ին հակադիր ստեղծելով ԳՈՒԱՄ-ը` Վրաստանն ու Ադրբեջանը փորձում են Հարավային Կովկասի վզին փաթաթել խաղաղության եւ կլանային պետության իրենց տեսությունը, որը, բնականաբար, ոչ մի ընդհանուր բան չունի Իլհամ Ալիեւի եւ Միխայիլ Սահակաշվիլիի հռչակած «հավատարմության հետ ժողովրդավարական արժեքներին»: ՌԴ Պետական դումա ուղարկված օրինագիծը, որն ակնհայտ է, որ հաստատվելու է նաեւ Դաշնային Հավաքի կողմից, ուղղվել է նաեւ տարածաշրջանում ռուսական ներկայության ամրապնդմանը: Գազն ու նավթը` որպես լծակներ, հարմար են միայն ժամանակավորապես, սակայն ռազմական բաղկացուցիչը միշտ է կարեւոր, հատկապես այժմ, երբ ԱՄՆ-ն Վրաստանի եւ նույն Ադրբեջանի օգնությամբ ցանկանում է Ռդ-ին դուրս մղել տարածաշրջանից, ինչ էլ որ ասի Մեթյու Բրայզան այն մասին, որ «ԱՄՆ դեմ չէ ռուսական ներկայությանը Կովկասում, այն միշտ եղել եւ լինելու է»:

Փաստորեն, օրինագիծն իրավական հիմքը մոտեցնում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) օգտագործման հավանականությունը, որոնք, ի վերջո, ստեղծվում են այլ բլոկերի երկրների կողմից ագրեսիան նախազգուշացնելու համար: Իսկ քանի որ ՆԱՏՕ-ն մոտ ապագայում չի պատրաստվում որեւէ պատերազմ ծավալել Ռուսաստանի դեմ, ապա մնում է ԳՈՒԱՄ-ը, իսկ ավելի ճիշտ` այն, ինչ մնացել է ԳՈՒԱՄ-ից` Ադրբեջանն ու Վրաստանը: Ուկրաինան, եւ առավել եւս Մոլդովան հաշվի չեն առնվում. Կիեւի հետ Մոսկվայի հարաբերություններն այնքան են փչացել, որ նախագահ Մեդվեդեւը հրաժարվել է այնտեղ դեսպան ուղարկել: Մոլդովան ակնհայտորեն դուրս է մնում վրացա-ադրբեջանական առանցքից ընդհանուր շահերի բացակայության պատճառով: Մնում են Թբիլիսին եւ Բաքուն` վրեժի անհագ ծարավով եւ իրենց երբեք չպատկանած տարածքները վերադարձնելու տենչանքով: Ընդ որում, երկու մայրաքաղաքներում էլ հասկանում են, որ ոչ մի «հիմնարար համաձայնություններ» մի կտոր հող անգամ չեն վերադարձնի, նման բան պատմության մեջ դեռեւս չի պատահել: Մնում է սպառնալ: Բայց այժմ սպառնալը մի քիչ բարդ է լինելու. ՌԴ-ն հնարավորություն կստանա առանց Դաշնային Խորհրդի քվեարկության միջամտել նոր հակամարտության, որը կշոշափի պաշտոնական դաշնակիցների շահերը: Մենք գիտակցաբար «պաշտոնական դաշնակից» տերմինն ենք օգտագործում ռազմավարականի փոխարեն, որովհետեւ, ենթադրենք, Հայաստանին կամ Կենտրոնական Ասիայի երկրներին Մոսկվան պարզապես պարտավոր է պաշտպանել` համաձայն ՀԱՊԿ-ում ստանձնած պարտավորությունների:

Նույնանման օրենք կա նաեւ ԱՄՆ-ում, պարզապես այնտես Կոնգրեսի թույլտվությունն անպայման է, համենայնդեպս 2001թ. սեպտեմբերի 11-ին այդպես էր: Դմիտրի Մեդվեդեւի առաջարկած օրինագծի համաձայն, ենթադրվում է երկրի նախագահին օժտել արտասահմանում զինված ուժի օգտագործման մասին որոշումը միանձնյա կայացնելու իրավունքով` արտասահմանում տեղակայված ռուսական զորքերի վրա հարձակումներին արձագանքելու, այլ պետության դեմ ագրեսիային արձագանքելու կամ այն կանխելու, ՌԴ քաղաքացիների պաշտպանության, ծովահենության դեմ պայքարի եւ նավագնացության անվտանգության ապահովման համար:

2006թ. հուլիսին Ռդ Պետական դուման հավանություն տվեց օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններին, որոնք թույլ են տալիս պետության ղեկավարին որոշում կայացնել ՌԴ տարածքից դուրս Ռուսաստանի զինված ուժերի կազմակորումներն ու հատուկ նշանակության ենթաբաժանմունքները Ռուսաստանի, կամ Ռուսաստանի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող, Ռուսաստանում մշտական բնակություն հաստատած անձանց դեմ իրագործվող ահաբեկչական գործունեության դեմ պայքարի համար օգտագործելու մասին: Այժմ արտակարգ իրավիճակների ցանկը համալրվել է «ագրեսիային հակազդելով» եւ երրորդ երկրների դեմ ենթադրվող ագրեսիան կանխարգելելով:

Միանգամայն հնարավոր է, որ այդ օրինագիծը նախաձեռնվել է նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանը բոլորովին չի ցանկանում ներքաշվել հերթական Կովկասյան պատերազմի մեջ, որ երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Այդպես շարունակվում է արդեն 200 տարի. ռուսական զորքերը գալիս են` բերելով որոշակի կայունությունը, այնուհետեւ հեռանում են այն միամիտ համոզմունքով, որ Կովկասի ժողովուրդները կդադարեն պատերազմել: Սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ նորից է սկսվում: Միգուցե հենց դրանով է պայմանավորված մշտական ռազմակայանների առկայությունը: Տեղին է ասել, որ քանի դեռ Վրաստանում ռուսական բանակ էր տեղակայված, այնտեղ աննախադեպ խաղաղ էր. զսպող գործոն կար: Բայց կա այդ օրինագծի եւս մի կողմը, որն այնքան էլ հաճելի չէ. այն կարելի է գնահատել` որպես կայսրությունը վերածնելու փորձ` թեկուզ նախկին ԽՍՀՄ սահմաններում: Եւ ամենատհաճն այն է, որ երկրները, որոնց ռուսական զորքերն օգնության են հասել, պարզապես ստիպված են լինելու, կոպիտ ասած, դառնալ դաշնության հերթական սուբյեկտները, ինչն իրականում արդեն սկսել է տեղի ունենալ: Եւ վերջինը. Մոսկվան կտրուկ քայլերի չէր դիմի, եթե ԱՄՆ-ն նույնքան հզոր լիներ, որքան նույնիսկ Ջորջ Բուշ-կտրսերի ժամանակ: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը միջազգային տերությանը խոցելի դարձրեց, եւ Ռուսաստանը պարզապես չէր կարող չօգտվել ընձեռված հնարավորությունից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---