Արձանագրությունները կարող են դառնալ ոչ մի բան չպարտադրող հերթական փաստաթուղթը

Եթե Թուրքիայի Գլխավոր շտաբը որոշի, թե ինչն է առաջնային Թուրքիայի համար, այդպես էլ կլինի, վերջին խոսքն այդ երկրում դեռեւս բանակինն է

Մեծագույն դժվարությամբ եւ բացարձակ լռության մեջ Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին նոր էջ բացեցին ոչ միայն երկու երկրների հարաբերությունների մեջ, այլ նաեւ փոխեցին Թուրքիայի հարաբերությունները Ադրբեջանի ու Վրաստանի հետ, ինչպես նաեւ Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ: Ավելին, դրանք փոխեցին միջին հայի ու թուրքի վարքագծի կայուն կարծրատիպերը, որն այժմ երկու երկրների միջեւ հնարավոր ջերմացման կամ սառեցման մասին խոսելիս, մտածում է` իսկ ինչո՞ւ էինք մենք ստորագրում այս Արձանագրությունները, որոնք կարող են դառնալ հերթական, ոչ մի բան չպարտադրող փաստաթուղթը:

PanARMENIAN.Net - Ինչ ստացավ Հայաստանը ստորագրման արդյունքում, դժվար է ասել: Այժմ շատ ավելի հետաքրքրակն է այն հարցը, թե ինչ ստացան Թուրքիան եւ հովանավորող երկրները: Հազիվ թե փաստաթղթերի ստորագրումից հետո արագանա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Նույնը կարելի է ասել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որն Արձանագրությունները կյանքի կոչելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտն է: Նույնիսկ, եթե երկու երկրների խորհրդարաններն, այնուամենայնիվ վավերացնեն արձանագրությունները, իսկ դա կարող է տեւել 2-3 ամիս, ոչ մի երաշխիք չկա, որ հարաբերությունների կարգավորումը կգնա արդեն նախանշված ճանապարհով: «Ճանապարհային քարտեզը», որի մասին խոսվում է ընթացիկ տարվա ապրիլից, դեռ պատրաստ չէ, եւ պատրաստ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան չի կարողանա ներառել իր նախապայմանները, որոնք չկան Արձանագրություններում: Եվ եթե Հայոց ցեղասպանության հարցը թուրքական կողմի համար երկրորդական է եւ այն կարելի է «հաջողությամբ» ձախողել պատմաբանների հանձնաժողովի կողմից, որը չի ստեղծվի հայկական կողմի դիամդրության պատճառով, ապա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը թուրքական ընդդիմության համար, իսկ նրա ճնշման տակ նաեւ իշխող Արդարության ու զարգացման կուսակցության համար, կարող է դառնալ այն խոչընդոտը, որը եւ կհանդիսանա դիվանագիտական հարաբերությունների հաստատման արգելակը: Ի դեպ, դրա մասին ոչ ոք չի խոսում, բոլորը խոսում են միայն հայ-թուրքական սահմանի բացման մասին, որը, եթե ոմանք չգիտեն, երբեք լիարժեք չի գործել: Այդ պատմությունը սկսվել է դեռեւս խորհրդային տարիներն, երբ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրական սպառնալիք էր Խորհրդային Միության հարավային սահմանների համար: 1980թ. Մոսկովյան օլիմպիադայի շեմին սահմանում սկսեցին մաքսակետ կառուցել, սակայն այն այդպես էլ անավարտ մնաց: Արաքս գետի վրա գտնվող անցակետը բացվել է միայն երկու անգամ` 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ Թուրքիայի տարածքով Հայաստան էր ներկրվում հումանիտար օգնությունը, եւ 1990թ., երբ Հայաստան էր ժամանելու ՄԱԿ-ի առաքելությունը: Այն պահից ի վեր սահմանը փակ է:

Ցամաքային սահմանը ԽՍՀՄ-ի ու Թուրքիայի միջեւ 618 կմ էր, եւ նրա 330 կմ հայկական հատվածն այնքան էլ կարեւոր չէր, Մոսկվայի ուշադրության կենտրոնում էր ծովային սահմանը Բաթումում, որով փորձում էին փախչել ԽՍՀՄ-ից: Ավելին, Թուրքիան 1931թ. համոզեց այն ժամանակ բավական թույլ Իրանին փոխանակել թուրք-իրանական սահմանի որոշ հատվածներ 11-կիլոմետրանոց միջանցքի հետ, որը թույլ էր տալիս անմիջական ելք ունենալ դեպի Նախիջեան, այսինքն` Ադրբեջան: Հենց այն ժամանակ սկիզբ դրվեց Թուրքիայի էքսպանսիային Ադրբեջանում, ինչը տասնամյակներ անց ձեւափոխվեց Հեյդար Ալիեւի հռչակած սկզբունքի` «Մեկ ժողովուրդ, երկու պետություն», եւ թույլ տվեց միջամտել ղարաբաղյան հակամարտությանը: Սկզբունքորեն, Անկարայի դիրքորոշումն այս հարցում շահեկան չէ, որքան էլ հակառամը համոզեն ԱՄՆ-ն ու Եվրոպան: Ճիշտ է, Ռուսաստանը չգիտես ինչու տառացիորեն Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հոտ, սկսեց համարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է զուգահեռ ընթանան, սակայն հազիվ թե դա կարելի է համարել պաշտոնական Մոսկվայի տեսակետը: Կովկասում ՌԴ-ի քաղաքականությունը նախկինի պես անորոշ է, եւ խառնաշփոթից բացի, ուրիշ ոչինչի չի հանգեցնում: Կարելի է ասել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ առանց Ղարաբաղի խնդրի լուծման սահմանը չի բացվի, անորոշ ժամանակով հետաձգում է հարաբերությունների կարգավորումը: Բաքվին սիրաշահելու, կամ ինչու ոչ, Բաքվի ճնշմամբ արված նման հայտարարությունները կարող են անելանելի վիճակ ստեղծել տարածաշրջանում: Բաքվին, որը Ղարաբաղից բացի ոչինչ չի տեսնում, դժվար է համոզել, որ հայկական հարցն Անկարայի համար բոլորովին էլ գլխավորը չէ: Նրա օրակարգում այժմ քրդական, հետո Կիպրոսի հարցերն են: Եվ հետո միայն, եթե թույլ տան ժամանակն ու իրավիճակը տարածաշրջանում, Անկարան կզբաղվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ` ոտնահարելով Ադրբեջանի շահերը: Հակառակ դեպքում, ոչինչ չի ստացվի: Հազիվ թե թուրք քաղաքական գործիչները, ներառյալ Դենիզ Բայկալին եւ նրա նման ընդդիմադիրներին, դա չեն հասկանում: Կա նաեւ երրորդ, ամենագործուն ու վճռորոշ ուժ` Թուրքիայի Գլխավոր շտաբը: Եթե նա որոշի, թե ինչն է առաջնային Թուրքիայի համար, այդպես էլ կլինի, վերջին խոսքն այդ երկրում դեռեւս բանակինն է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել

Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---