Ում մասին են ամենից շատ խոսել անցած շաբաթ` Իրան, Վրաստան եւ Թուրքիա

Հենց Ռուսաստանը «կօգնի» Թուրքիային հրաժարվել հոնգնեցնող եւ քմահաճ «կրտսեր եղբորից», որը կարող է միայնակ մնալ

Անցած ամբողջ շաբաթն ընթացավ թուրք-իսրայելյան հարաբերությունների արագ վատթարացման ֆոնի վրա, ուստի ամեն տեսակի «մանրուքներ», ինչպես օրինակ այն, թե Վրաստանը պատրաստ է բացել Վերին Լարս սահմանային անցակետը, իսկ Իրանում փորձարկվել է երկաստիճան ջերմամիջուկային ռեակցիան, առանձնակի ուշադրության չարաժանացան: Մինչդեռ, այս բոլոր երեք իրադարձությունները շաղկապված են միմյանց հետ եւ, ինչպես դա լինում է վերջերս, ամեն ինչ տարածաշրջանում կապված է նաեւ Թուրքիայի հետ:

PanARMENIAN.Net - Միանգամայն հասկանալի է ու բացատրելի Թուրքիայի դերը արդի շրջանում, որն ամեն կերպ ձգտում է առաջատարի դեր ստանձնել տարածաշրջանում եւ այդ նպատակով փորձում է ամրապնդել կապերն Իրանի, Սիրիայի եւ, բնականաբար, Ռուսաստանի հետ: Վերջինիս հետ առավել եւս, քանի որ Մոսկվան կարող է իսլամիստական Թուրքիայի համար այն դերը կատարել, ինչ Վաշինգտոնը` աշխարհիկ Թուրքիայի: Ինչպես արդեն ասվել է, Անկարան չէր կարողանա այդքան կտրուկ պահել իրեն որոշ հարցերում`աջակցություն չունենալով թիկունքում: Այժմ դա Ռուսաստանն է, որի հետ Անկարան ակնհայտորեն պայմանավորվել է որոշ հարցերում, առաջին հերթին` էներգետիկ: Ավելին, հենց ՌԴ-ն «կօգնի» Թուրքիային հրաժարվել հոգնեցնող եւ քմահաճ «կրտսեր եղբորից», որը կարող է միայնակ մնալ: Լայնորեն գովազդված շոուն, «Ալլահշուքյուր Փաշազադեի ծննդյան օրը» անվանումով, Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի եւ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մասնակցությամբ ընդամենը այն ծխածածկույթն է, որի ետեւում թագնվում է երբեմնի վստահությունը կորցրած Ադրբեջանը: Ճիշտ է, անհասկանալի է, թե ինչու քրիստոնյա պատրիարքները ժամանեցին իսլամական առաջնորդի ծննդյան տոնին: Սակայն սա արդեն հռետորական հարց է:

Անցած շաբաթ էլի աչքի ընկավ Թուրքիան` հրավիրելով Դարֆուրի արյունալի ջարդի կազմակերպիչ Սուդանի նախագահին Իսլամական կոնֆերանսի երկրների գագաթնաժողովին: Անկախ միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործի մուտքը երկիր արգելելու ԵՄ-ի ու ԱՄՆ-ի բոլոր պահանջներից, Թուրքիայի նախագահը սահմանափակվեց լոկ նրանով, որ հայտարարեց, թե ինքն է որոշում թե ում ընդունի իր երկրում: Գրեթե համահունչ է Իլհամ Ալիեւի հայտարարությանը` «Առանց Ադրբեջանի ոչ մի նախագիծ տարածաշրջանում իրականացվել չի կարող»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալված վեճերը չեն մարում, հակառակը` նոր խթան են ստանում: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցին, Իրանը փորձարկել է երկաստիճան ջերմամիջուկային ռեակցիան, որի օգնությամբ հնարավոր է միջուկային մարտագլխիկ ստեղծել: Բրիտանական թերթը նշում է, որ ՄԱԳԱՏԷ-ն հարցում է հղել Իրանի իշխանություններին` նպատակ ունենալով պարզել անցկացված փորձարկումների մանրամասները:

Այսօր Իրանի փորձարկումները կազմում են «Իրանի միջուկային ծրագրի կիրառման հնարավոր ռազմական ոլորտները» զեկույցի մի մասը, որը կազմվել է մի շարք հետախուզական ծառայությունների տեղեկատվության հիման վրա: The Guardian-ը նշում է նաեւ, որ Իրանի գիտնականների կողմից երկաստիճան ջերմամիջուկային ռեակցիայի տեխնոլոգիայի մշակումը լուրջ տեխնոլոգիական առաջընթաց է: Չի բացառվում, որ Թեհրանը տեղեկատվություն է ստացել միջուկային տեխնոլոգիաների «սեւ շուկայում», որի «հայրը» Պակիստանի միջուկային ռումբի ստեղծող Աբդուլ Կադիր խանն է: Նման կասկածների առիթ է տվել այդ ռեակցիայի բարդության բարձր մակարդակը: Բանը նրանում է, որ երկաստիճան իմպլոզիայի տեխնոլոգիան կամ կրկնակի ներքին պայթյունի տեխնոլոգիան, որը թույլ է տալիս բարձրացնել ուրանի կամ պլուտոնի ծանր միջուկների բաժանման կիրառման օգտակար գործակիցը, Արեւմուտքի գիտնականների վերջին նվաճումն է: Նման տեխնոլոգիաների վաճառքն ու տարածումը արգելված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով: Արեւմուտքի մտավախությունները Իրանի փորձարկումների վերաբերյալ եւս պայմանավորված են նրանով, որ Թեհրանն մինչ օրս չի ստորագրել ուրանի հարստացման ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Ուղղակի հավելենք, որ Իրանի փորձարկումները կայացան Էրդողանի Թեհրան կատարած այցից քիչ անց, որտեղ նա հայտարարեց, թե Իրանն իրավունք ունի ունենալ միջուկային ծրագիր:

Եվ ի վերջո, Վերին Լարսի հնարավոր բացումը Հայաստանի միջնորդությամբ: Պաշտոնական Թբիլիսին պատրաստ է Վերին Լարս անցակետի բացմանը եւ սպասում է ռուսական կողմի ազդանշանին: Ինչպես հայտարարել է Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսում Վրաստանի ԱԳՆ եվրոպական գործերի գծով դեպարտամենտի տնօրեն Կախա Չիտայան, փորձագետների մակարդակով Հայաստանի միջնորդությամբ իրոք բանակցություններ են ընթացել Ռուսաստանի հետ, սակայն ՌԴ-ն պատրաստ չէր նման բանակցությունների: «Համաձայնությունը դեռեւս չի ձեռք բերվել, սակայն մենք պատրաստ ենք բացել Վերին Լարսը, երբ որ ստանանք ռուսական կողմի պատասխանը»,-հայտարարել է Չիտայան եւ պարզաբանել, որ «վրացական կողմը, այդ դեպքում, առաջին հերթին հաշվի է առնում Հայաստանի ծանր վիճակը»: Ընդհանուր ֆոնի վրա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցն այն էր, ինչ կա իրականում` սովորական, ոչ մի բանի չպարտավորեցնող այց. միջնորդները զբաղվում են ԱԳ նախարարների կամ նախագահների մակարդակով հերթական հանդիպման նախապատրաստմամբ: Ոչինչ չի փոխվում` ԼՂՀ-ն ինչպես կար անկախ հանրապետություն Ադրբեջանի կազմից դուրս, այդպիսին էլ մնում է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---