Մերձավոր Արեւելքին սպառնում է նոր պատերազմ, ավելի շուտ` երրորդ ինտիֆադա

Ոչ մի մերձարեւելյան քառյակ ի զորու չէ լուծել հրեաների եւ պաղեստինցիների միջեւ հակամարտությունը, ինչպես որ ԵԱՀԿ ՄԽ-ը` ղարաբաղյան հիմնահարցը

Պաղեստիի նախկին վարչապետ Աբու Ալի խոսքերով Մերձավոր Արեւելքին սպառնում է նոր պատերազմ, ավելի շուտ` երրորդ ինտիֆադա: Հորդանան գետի Արեւմտյան ափը եւ Արեւելյան Երուսաղեմը, որոնք գտնվում են Իսրայելի հսկողության տակ Վեցօրյա պատերազմից իր վեր, 1967-ին կրկին կռվախնձորի առարկա դարձան: Այդպես եղել է միշտ եւ զարմանալի չէ, եթե նկատի ունենալ ԱՄՆ վարչակազմի 43 տարվա անհաջող փորձերը` ուղղված մերձարեւելյան խնդրի լուծմանը:

PanARMENIAN.Net - Այս խնդիրը լուծում գրեթե չունի, ինչպես եւ ղարաբաղյան հիմնախնդիրը, ուստի ավելի տեղին է Ղարաբաղը համեմատել Պաղեստինի, քան Կոսովոյի հետ: Թեպետ այստեղ էլ սխալի մասնիկ կա. Պաղեստինը որպես պետություն այդպես էլ չկայացավ` վերափոխվելով Պաղեստինի Ազատագրման կազմակերպության (ՊԱԿ): Ընդհանրապես հակամարտությունների համեմատումը վտանգավոր է, եւ միշտ կարելի է հանգել բացարձակ ուրիշ արդյունքի, ահա այդպես էլ Ղարաբաղի համեմատումը Պաղեստինի հետ: Բայց խոսքն այդ մասին չէ, այլ ԱՄՆ- Իսրայել փչացած հարաբերությունների: Բարաք Օբամայի վարչակազմը, մեղմ ասած, լավ չի վարվում մերձավոր Արեւելքում իր գրեթե միակ դաշնակցի հետ` ցանկանալով ավելի սերտ հարաբերություններ հաստատել արաբական աշխարհի հետ: Թուրքիային արդեն կարելի է համարել անհուսալի դաշնակից, իսկ եթե Իսրայելի հետ վարվել նույն կերպ, ինչպես պատրաստվում են անել Վաշինգտոնում, ապա շատ շուտով ԱՄՆ-ի դիրքերն արաբական աշխարհում թուլանալու են:

Ի պատասխան Սպիտակ տան սպառնալիքների` Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարեց, որ Արեւելյան Երուսաղեմում շարունակվելու է տների շինարարությունը, ինչը որ շարունակվում է վերջին 42 տարում: Ոչ մի քայլ հետ, այդ ընթացքին հետեւեցին բոլոր իսրայելական կառավարությունները 1967-ից մինչեւ օրս: Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենն այդ ճգնաժամը վատագույնն է համարում 1975-ից ի վեր:

Ինչպես գրում է իտալական La Reppublica-ն, Նեթանյահուն հայտարարեց, որ իսրայելական բնակչությունն անհրաժեշտ է համարում բռնագրավված պաղեստինյան տարածքները թողնել իսրայելական տարածքին ցանկացած համաձայնության դեպքում: Պաղեստնյան ղեկավարությունն իր հերթին հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում պետք չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ Իսրայելի դիրքորոշումը չի փոխվել: Բայց թիկունքում ունենալով իսրայելամետ ամերիկյան լոբբիի պաշտպանությունը` Նեթանհայուն մտադիր է շարժվել առաջ:

ԱՄՆ-ը ներակայացնում է 4 պահանջներ, որոնց իրականացումը կօգնի Իսրայելին լավացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Առաջին պահանջի էությունը կայանում է նորաբնակների համար բնակության վայրերի կառուցումից հրաժարվելու մեջ: Իսրայելցիները պետք է հանդես բերեն «բարի կամք» պաղեստինցիների նկատմամբ` ազատելով պաղեստինյան բանտարկյալների մեծ խումբ: ԱՄՆ-ը պահանջում է նաեւ պաղեստինցիների հետ ապագա բանակցությունների օրակարգ մտցնել խաղաղ գործընթացի բոլոր առանցքային կետերը. սահմանի, փախստականների, հրեական բնակավայրերի եւ ջրային պաշարների մասին հարցերը: Վերջապես, Սպիտակ տունը պահանջում է պարզաբանել, թե ինչու արեւելաիսրայելական Ռամաթ- Շլոմո թաղամասում շինարարությունը համընկավ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի` տարածաշրջան կատարած այցի հետ: Հետաքննություն անցկացնելու եւ հատուկ հանձնաժողով ստեղծելու մտադրությունների մասին հայտարարեց Բենյամին Նեթանյահուն: Սակայն մտադրությունները մեկ բան են, կոնկրետ գործողությունները` մեկ այլ բան եւ այս առումով Իսրայելի վարչապետը հազիվ թե պահի իր խոստումը: ԱՄՆ-ն արդեն կատարել է առաջին քայլը. Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելլի այցը Մերձավոր Արեւելք չեղյալ է համարվել:

Պետք է խոստովանել, որ հենց Վաշինգտոնի քաղաքականությունը 40 տարվա ընթացքում արել է ամեն ինչ, որպեսզիՊաղեստինյան պետութունը մնա որպես ՄԱԿ-ի բանաձեւ 1948-ից ի վեր: ԱՄՆ հրեական լոբբին այս տարիներին ակտիվ աշխատել է, որպեսզի հեռացնի ռազմական եւ մնացած սպառնալիքներն Իսրայելից եւ դրանում նա հաջողություն է ունեցել: Սակայն Օբաման որոշեց ամեն գնով կարգավորել իսրայելապաղեստինյան հարաբերությունները, ընդ որում գինը դեր չունի: Կստացվի դա նրա մոտ, թե ոչ, հարցի երկրորդ կողմն է: Ամենայն հավանականությամբ, ոչինչ չի ստացվի, չափազանց ուժեղ են իսրայելամետ ուժերն ԱՄՆ Կոնգրեսում: Միակ բանը, որ կստացվի այս տարի Օբամայի մոտ, իրենից Թուրքիայի «ցասումը» թոթափելն է` հերթական անգամ Օսմանյան կայսրությունում 1915-ի հայերի կոտորածները չանվանելով Ցեղասպանությունը: Բայց որքա՞ն կարող է Սպիտակ տունը մանեւրել թվացյալ եւ իրական դաշնակիցների միջեւ: Եթե Օբաման ետ մղի Իսրայելին, «սպառնակիքներն» այդպես էլ կմնան սպառնալիք, Իսրայելը կկառուցի նոր բնակավայրեր, իսկ պաղեստինցիները նրանց վրա քարեր կնետեն կամ կկրակեն: Այսպիսին է Մերձավոր Արեւելքի պատմությունը վերջին 60 տարում, եւ որքան է այն տեւելու, միայն Աստված գիտի: Ոչ մի մերձարեւելյան քառյակ ի զորու չէ լուծել հրեաների եւ պաղեստինցիների միջեւ հակամարտությունը, ինչպես որ ԵԱՀԿ ՄԽ-ը` ղարաբաղյան հիմնահարցը:

Ինչ վերաբերվում է Գազայի հատվածում «Ձուլածո արճիճ» օպերացիային, ապա համաշխարհային հանրության ողջ դերը հանգեց «դատապարտելուն»: Այդպես եղավ նաեւ իսրայելցիների կողմից Սուեցի ջրանցքի գրավման ժամանակ, ցավոք սրտի, այդպես կլինի նաեւ հետագայում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---