«Մեծ Մերձավոր Արևելքը» աստիճանաբար իրականություն է դառնում

Որքան էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը սատարի Իրանի ներկայիս իշխանությանն այաթոլլա Համենեիի գլխավորությամբ, Թեհրանը դրան ուղղակի չի հավատում և նույնիսկ չի ցանկանում պատկերացնել, որ Թուրքիան իրոք կարող է մահմեդական աշխարհի դեմքը դառնալ:

«Մեծ Մերձավոր Արևելքը» աստիճանաբար իրականություն է դառնում: Տարածաշրջանային առաջատարի տեղի համար պայքարը Թուրքիայի ու Իրանի միջև, որոնք սահմանակից են Հայաստանին, «անդրկուլիսյան» բնույթ է կրում, և թող ոչ ոքի չմոլորեցնի այն, որ Էրդողանը սատարում է Իրանի միջուկային ծրագրին: Հայաստանն այս դեպքում պետք է կառուցի հարաբերությունները հարևանների հետ` ելնելով «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» կարգախոսից: Համակարգը երբեմն խափանվում է, սակայն, ընդհնաուր առմամբ, գործում է: Հատկապես այն դեպքում, եթե հարաբերությունները հանգիստ են եղել, իսկ որոշ միջադեպերից հետո, բարելավվել են: Օրինակ կարող են ծառայել թուրք-իսրայելական հարաբերությունները, որոնք կարող են սահուն կերպով փոխակերպվել հայ-իսրայելական հարաբերությունների: Սակայն, դա գուցե բավական հեռավոր ապագայում, կարող է նաև ընդհանրապես տեղի չունենալ:

PanARMENIAN.Net - Իրանի հետ հարաբերություններն ընդհանուր առմամբ վատը չեն և ընդլայնման միտում ունեն, հատկապես վառելիքաէներգետիկ ոլորտում: Իրանն արդեն երկու փոքր ՀԷԿ է կառուցել Արաքս գետի վրա, Իրան-Հայաստան գազամուղը, որը կառուցվեց դեպի Հայաստան էներգաառաքումների դիվերսիֆիակացման շրջանակներում, հաջողությամբ ավարտին հասվեց: Ծրագրերում է նավթամշակման գործարանի կառուցումը Հայաստանի հարավում` Մեղրիում: Նախագծի ՏՏՀ-ն պատրաստել են հայ և ռուս մասնագետները: Երկու երկրները չունեն ծանր ու արյունոտ անցյալ, իսկ Իրանի հայ համայնքը, որը մոտ 200 հազար մարդ է կազմում, մեծ հարգանք է վայելում: Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանը չեզոք դիրք է գրավում`ճիշտ է միշտ պատրաստ լինելով առաջարկել միջոնդրի իր ծառայությունները: Սակայն Իրանը չի կարող դառնալ ԵԱՀԿ ՄԽ անդամ, ուստի չի կարող հանդես գալ միջնորդի դերում: Թեև, պետք է խոստովանել, որ Իրանի միջնորդությամբ հնարավոր կլիներ որոշ առաջընթաց երկու կողմերից էլ: Պետք չէ մոռանալ, որ Իրանը շատ բարդ հարաբերություններ ունի հարևան Ադրբեջանի հետ, որը հավակնում է Հարավային Ադրբեջան նահանգի վրա և համարում է դա իր տարածքը: Անկախ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններից «հիանալի հարաբերությունների մասին հարևան բարեկամ իսլամական երկրի հետ», իրականում ամեն ինչ այդքան էլ անամպ չէ: Բաքվի տարածքային նկրտումները Կասպից ծովի վիճահարույց կարգավիճակի հետ միասին, կարող են լրջորեն փչացնել հարաբերությունները երկու երկրների միջև: Ի դեպ, Ադրբեջանը չափազանց նյարդային է արձագանքում հայ-իրանական հարաբերություններին` դա դավաճանություն համարելով իսլամական երկրի կողմից:

Իսկ Հայաստանին հարկավոր են նորմալ հարաբերություններն Իրանի հետ` դա երկիրն արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային երկու ճանապարհներից մեկն է: Իրանական ճանապարհն ավելի երկար է, սակայն առավել հուսալի, քան վրացականը: Ճիշտ է, Իրանի հետ այժմ բարեկամություն անելն որոշ խնդիրներ կարող է առաջացնել միջուկային ծրագրի պատճառով: Սակայն, ըստ Երևանում գտնվող ամերիկացի դիվանագետների, ԱՄՆ-ն հասկանում է Իրանի նշանակությունը Հայաստանի համար, որը գտնվում է շրջափակման մեջ, ուստի ըմբռնումով են մոտենում հայ-իրանական հարաբերություններին:

Իրանի տարածաշրջանային տերություն դառնալու ձգտման մեջ կա ևս մեկ, ոչ պակաս կարևոր ասպեկտ`իսլամիզմը: Իսլամական հանրապետությունը վստահ է, որ հենց նա պետք է դառնա իսլամի գաղափարի կրողը տարածաշրջանում և ոչ ոք չի կարող նրան փոխարինել այդ հարցում: Թուրքիան, որը նույնպես տիրապետության է ձգտում և գնալով ավելի է հեռանում աշխարհիկ պետության գաղափարից, պատրաստվում է մրցակցություն ստեղծել այդ հարցում Թեհրանին Սաուդյան Արաբիայի օգնությամբ: Սակայն Իրանն ուղղակի թույլ չի տա, որ իրադարձությունները նման զարգացում ստանան: Որքան էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը սատարի Իրանի ներկայիս իշխանությանն այաթոլլա Համենեիի գլխավորությամբ, Թեհրանը դրան ուղղակի չի հավատում և նույնիսկ չի ցանկանում պատկերացնել, որ Թուրքիան իրոք կարող է մահմեդական աշխարհի դեմքը դառնալ: Գազայի հետ կապված վերջին միջադեպը, որն, ընդհանուր առմամբ, նախաձեռնվեց արաբական աշխարհի համակրանքը շահելու և նրան ցույց տալու համար, որ իսլամն Անկարայի համար ավելի կարևոր է, քան սերտ հարաբերություններն Իսրայելի հետ, ցույց տվեց, որ Թուրքիան մի շարք խնդիրներ ունի արաբական աշխարհում, չնայած, որ Էրդողանը հանդիսավոր կերպով հայտարարեց` թուրքը չի կարող ապրել առանց արաբի: Սակայն, որքան էլ դա տխուր լինի Անկարայի համար, ՀԱՄԱԶ-ն արդեն հրաժարվել է նրա ծառայություններից` ընդգծելով, որ մտադիր է բոլոր գործերը վարել Եգիպտոսի հետ:

Առաջին հայացքից, Թուրքիան նորմալ հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների հետ` «եղբայրականից» մինչև «չեզոք»: Սակայն, ըստ թուրք-ադրբեջանական դաշինքի, Հայաստանը, մասնավորապես, պետք է հեռանա ԼՂՀ մերձակա անվտանգության գոտուց և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: Հայկական կողմին վերագրում են, թե նա պնդում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի Թուրքիայի կողմից: Ներկայիս իրողությունն այնպես է ձևավորվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելը շատ վաղ է և դրա համար մի քանի պատճառ կա:

Թուրքիայում լուրջ ներքաղաքական գործընթաց է տեղի ունենում: Իշխող ԱԶԿ կուսակցության վիճակը վատթարացավ գլխավոր ընդդիմախոս Դենիզ Բայկալի սկանդալային պաշտոնանկումից հետո, քանի որ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդ Քեմալ Ղըլիջարօղլուն վճռականորեն տրամադրված է եթե ոչ թե հաղթելու հաջորդ տարվա ընտրություններում, ապա գոնե նվազեցնելու ԱԶԿ-ից ընտրված պատգամավորների քանակը: Էրդողանն ակնհայտորեն կորցնում է իր ժողովրդականությունը և այդ մթնոլորտում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը մահացու կլինի նրա համար: Թուրքիայի ընդդիմությունը, որն առանց այդ էլ արդեն դժգոհ է նրա ներքին ու արտաքին քաղաքականությունից, կարող է ուղղակի պաշտոնանկ անել վարչապետին: Թեև բանակն այս անգամ հազիվ թե միջամտի` վարչապետն արդեն իր կողմն է քաշել զինվորականների մեծ մասին: Սակայն, Թուրքիան անկանխատեսելի երկիր է որոշ հարցերում և ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենան սեպտեմբերի 12-ին կայանալիք հանրաքվեից հետո:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---