Բրայզայի հանդեպ սենատորների դժգոհության պատճառները ԱՄՆ ներքաղաքական դաշտում են գտնվում

Պաշտոնական Բաքվին «յուրային» դեսպան է հարկավոր, որը կսքողի այն խախտումները, որոնք անխուսափելի են Ադրբեջանում կայանալիք ընտրություններում

Սեպտեմբերի 21-ին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կատարվեց այն, ինչ պետք է տեղի ունենար՝ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը վետո են դրել Մեթյուր Բրայզայի թեկնածության վրա: Արտառոց ոչ մի բան տեղի չունեցավ, հակառակը, տարօրինակ կլիներ, եթե Բրայզան առանց քաշքշուկի հաստատվեր:

PanARMENIAN.Net - Սակայն, բանը «հայկական լոբբիի ճնշումը չէ», որն այնքան սիրում են պատճառաբանել ադրբեջանական ԶԼՄ-ները: Բրայզայի հանդեպ սենատորների դժգոհության պատճառները ԱՄՆ ներքաղաքական դաշտում են գտնվում, քանի որ մոտենում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Ժողովրդավարների վիճակը բավականին խախուտ է և նման դեսպանը նրանց հեղինակությունը չի բարձրացնի: Պետք է խոստովանել, որ Բարաք Օբամայի ներքին քաղաքականությունը այնքան էլ չի համապատասխանում ամերիկացիների ակնկալիքներին: Այդ է պատճառը, որ ժողովրդվարաների վարկանիշը նվազում է: ԱՄՆ հայ համայնքը, որն ավանդաբար քվեարկում է ժողովրդավարների օգտին, որոշ չափով կարող է փրկել դրությունը, ուստի հանուն Բրայզայի չարժե ոտնահարել համայնքի շահերը: Այս դեպքում կողմերի դիրքորոշումները հստակորեն համընկնում են: Ճիշտ է, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) շատ բան է պահանջում դեսպաններից, սակայն գործում է հետևյալ սկզբունքով՝ խնդրիր ավելին, ինչ-որ բան ստանալու համար: Իսկ այն, որ Բաքվում մինչ օրս ԱՄՆ դեսպան չկա, այնքան էլ սարսափելի չէ՝ Հայաստանում ևս նման իրավիճակ եղել է:

Պաշտոնական Բաքվին դեսպանն հենց այժմ է հարկավոր, մինչ խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են նոյեմբերի 7-ին: Ավելին, Բաքվին «յուրային» դեսպան է հարկավոր, որը կսքողի այն խախտումները, որոնք անխուսափելի են Ադրբեջանում կայանալիք ընտրություններում: Ի տարբերություն Հայաստանի, Թբիլիսիում ու Բաքվում ԱՄՆ դեսպանը շատ նշանավոր անձ է, որից, հաճախ, շատ բան է կախված: Օրինակներն աչքի առաջ են՝ «վարդերի հեղափոխությունը» Վրաստանում: Այն, որ Մեթյու Բրայզան կապված է ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ, իր շահերն ունի նավթային հատվածում և վերջապես այն, որ նրա կինը թրքուհի է, շատ կարևոր հանգամանքներ են, որոնք ազդում են սենատորների որոշման վրա: Ուղղակի ԱՄՆ-ն ակնհայտորեն չի ցանկանում ներքաշվել նավթի հետ կապված ևս մեկ արկածախնդրության մեջ: Մեկում նրանք արդեն տանուլ են տվել՝ համարելով, որ ներխուժումն Իրաք թեթև զբոսանքի է նմանվելու և այն ժամանակվա փոխնախագահ Դիկ Չեյնին կարողացավ հանգիստ օգտվել նավթից ստացվող շահույթից: Չստացվեց: Չէր էլ կարող ստացվել, ինչպես հիմա անհավանական է հարձակումն Իրանի վրա: Ինչ էլ ասի Օբաման Իսրայելի անվտանգության մասին, ինչպես միշտ, ամեն ինչի պատճառը էներգակիրներն են, ինչով Իրանը բավականին հարուստ է: Կոպիտ ասած, այն ժամանակներից ի վեր, երբ ԱՄՆ-ն 20-րդ դարի 70-ականներից «նավթամոլ դարձավ», արտաքին քաղաքակնությունը կարռուցվում է նավթի գործոնը հաշվի առնելով: Դա վտանգավոր քաղաքականություն է և կարող է հանգեցնել Վաշինգտոնի համար անկանխատեսելի հետևանքների: Ի դեպ, հետևանքներն արդեն ակնհայտ են՝ ԱՄՆ-ն գրեթե զիջել է իր դիրքերը Կովկասում, հաջորդը Մերձավոր Արևելքն ու Կենտրոնական Ասիան են: Իր ավանդն այս գործում ունեցավ նաև ֆինանսական ու տնտեսական ճգնաժամը:

Շատ հավանական է, որ Մեթյու Բրայզան այնուամենայնիվ նշանակվի Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, և որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանի համար դա լավ կլինի: Իր «անհասկանալի» և «սխալ թարգմանված» հայտարարություններով հայտնի դիվանագետի տեղը Բաքվում է:

Սակայն, այս ամենը, կրկնենք, կլինի 1,5 ամիս հետո, ոչ շուտ: Հազիվ թե ԱՄՆ-ում այնպիսի բան պատահի, որը կարող է արագացնել դեսպանի նշանակումը ինչ-որ երկրորդական մի երկրում, անկախ ադրբեջանցի պաշտոնյաների այն հայտարարություններից, թե առանց Ադրբեջանի ԱՄՆ-ն ուղղակի չի կարող գոյատևել: Այս դեպքում, երջանիկ է նա, ով հավատում է: Առավել ևս, որ Ադրբեջանում ընտրություններ են: Այս ամենին հավելենք ևս մեկ կարևոր հանգամանք՝ Բարաք Օբամայի գուցե միակ ճիշտ ընտրությունը Հիլարի Քլինթոնի նշանակումն էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---