Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերություններն անցյալում են

Ինչի՞ համար պետք է Բաքուն սրի հարաբերությունները Թեհրանի հետ, առավել ևս, որ Իրանում բնակվում է շուրջ 20 միլիոն էթնիկ ադրբեջանցի

Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերություններն անցյալում են: Անցած ողջ շաբաթը Բաքուն մեղադրում է Իրանին բոլոր մահացու մեղքերում, ամենագլխավորը, իհարկե, Հայաստանի հետ համագործակցությունն է: Բայց ամենահետարքրիրն այն է, որ այդ ամենն ադրբեջանցիներին մատուցվում է որպես «Ադրբեջանի ներքին գործերին Իրանի միջամտելու փորձ»:

PanARMENIAN.Net - Բաքվի խղճի վրա թողնենք նմանատիպ հերյուրանքները և ուղղակի հարց տանք. ինչի՞ համար է Բաքուն սրում հարաբերությունները Թեհրանի հետ, առավել ևս, որ Իրանում բնակվում է շուրջ 20 մլն էթնիկ ադրբեջանցի, որոնց ցանկանում են դարձնել պանթուրքական գաղափարների առաջխաղացման «5-րդ սյունը»: Եվ երբվանի՞ց է Հայաստանի հետ կապերի ամրապնդումն Ադրբեջանի ներքին գործը: Բոլոր այս հարցերին կարելի է պատասխանել. Բաքուն փորձում է ձեռք բերել ԱՄՆ-ի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման և Կասպից ծովի բաժանման հարցում, ուստի հանդես է գալիս իր համար անսովոր Իրանի «թշնամի» կերպարով: Թե որքանով է դա նրան հաջողվում և որքան անկեղծ են քաղաքական գործիչները, այլ հարց է: Դատեք ինքներդ. Անկարայում և Ստոկհոլմում բողոքի ցույցեր են կազմակերպվում մարդկանց կողմից, որոնք Ադրբեջանի հետ ունեն անուղղակի կապ: Հայտնի է, որ ադրբեջանական սփյուռքի ելույթների մեծամասնությունը սերում է թուրքականից, որը փորձում է նույն Բաքվի հաշվին լուծել Իրանի հետ խնդիրը տարածաշրջանային առաջնորդի առումով: Ավելին, լիովին հավանական է, որ ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ պատերազմ սկսել, և Ադրբեջանն ԱՄՆ-ն համար ձեռք է բերում ռազմավարական նշանակություն: Այն մասին, թե ինչ կարող է լինել Բաքվի հետ, եթե Թեհրանն առաջին հարվածը հասցնի հենց Ադրբեջանին, ադրբեջանցի քաղաքական գործիչների դեռ չեն մտածում, բայց արժեր...

«Ադրբեջանցիները և Ադրբեջանի քաղաքացիները բոլորովին այլ վերաբերմունք էին ակնկալում Իրանից և իրանցիներից, և ես կարծում եմ, որ նրանք իրավունք ունեն: Հաշվի առնելով թեկուզ այն, որ Իրանում բնակվում է ադրբեջանցիների մեծաքանակ համայնք, ես կարծում եմ, որ իրանական կառավարության կողմից Հայաստանին աջակցելն անթույլատրելի է: Դրա հետ կապված` մենք կտրականապես դատապարտում ենք Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու Իրանի փորձերը»,- ասել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը և ընդգծել, որ Թեհրանի նման դիրքորոշումն անհանգստացնում է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու և առաջացնում իրարամերժ զգացմունքներ: Նրա խոսքերով, նա բոլորովին չի ցանկանում, որպեսզի իրանական կողմը ղարաբաղյան հակամարտությանը վերաբերվի կրոնական տեսանկյունից: Նույն Ահմեդովը կրկին հիշել է 20 տոկոս «բռնազավթված տարածքների» և 1 մլն փախստականների մասին: Ամենայն հավանականությամբ, համաշխարհային հանրությանը հիշեցնելու համար: Եվ իսկույն հնչում է թաքնված սպառնալիք. «Իրանում բնակվում է էթնիկ ադրբեջանցիների մեծաքանակ համայնք: Նրանք թեև Իրանի քաղաքացիներ են, բայց նրանք ադրբեջանցիներ են, մեր եղբայրները: Այդ ամենն իրանաադրբեջանական հարաբերություններին հատուկ կոլորիտ և իմաստ է հաղորդում: Իրանական կողմը դա պետք է անպայման հաշվի առնի»: Մի խոսքով, կրկին շանտաժ` Բաքվի քաղաքականության գլխավոր զենքը: Ադրբեջանն ուղղակի իր տեսադաշտից բաց է թողել այն, որ շանտաժը և սպառնալիքները գործում են Եվրոպայի և ԱՄՆ-ի վրա: Իրանի հետ դա չի գործում: Ահմեդոըին գերազանցել է Ադրբեջանաշվեդական ֆեդերացիան, հայտարարելով, որ Ադրբեջանի անկախությունից հետո Իրանը ձեռնամուխ է եղել ատելության և քարոզչության և քայքայիչ գործունեության իրականացման: Ֆեդերացիայի ուղերձում ասվում է. «Թույլ տալով հայկական դպրոցներ, մարզական ակումբներ, ԶԼՄ-ների խմբագրություններ բացել Հարավային Ադրբեջանում` Իրանն արգելում է թուրք-մահմեդականների կողմից ներկայացված ինստիտուտների ստեղծումը, և կազմակերպում զանգվածային դատավարություններ ադրբեջանական մտավորականության նկատմամբ»,- ասվում է ուղերձում: Այս մեջբերումից կարելի է լիովին պատկերացում կազմել Իրանի հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի մասին: Հավելենք, որ ադրբեջանական սփյուռքի ոչ մի կազմակերպություն չի կարող տեսակետ ունենալ, որը տարբերվում է պաշտոնական, իշխող կուսակցության տեսակետից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---