Թուրքիան փորձում է իր հարցերը Հարավային Կովկասում լուծել Ռուսաստանի օգնությամբ

PanARMENIAN.Net - Մոսկվայում Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետների հանդիպումը եւ Հայաստանի ու ՌԴ ԱԳՆ ղեկավարների հանդիպումն Երեւանում առաջին հերթին կապված են Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված հարցերի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, Թուրքիան պատմական հիշողություն ունի առ այն, որ այդ երկիրը տարածաշրջանի հետ կապված լուրջ խնդիրները միշտ լուծել է Ռուսաստանի օգնությամբ: Ընդ որում, նա նկատել է, որ նման դիրքորոշում ունի նաեւ Բաքուն, որը բազմիցս է հայտարարել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Մոսկվայում է գտնվում:



Գրիգորյանը նշել է նաեւ, որ Թուրքիայի խնդրանքը Ռուսաստանին, որ նա առավել ակտիվ լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միանգամայն հասկանալի է, քանի որ նա արդեն մի քանի անգամ դիմել է Ռուսաստանին: Դրա վառ օրինակն է Կարսը, որը 1921թ. ՌԴ միջնորդությամբ Կարսի պայմանագրով մտավ Թուրքիայի կազմի մեջ:



«Ինձ հետաքրքրում է մեր պատասխանը: Հայաստանն արդեն բազմիցս է հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է շաղկապվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Դա հստակ նշված է Արձանագրություններում: Եվ երկրորդը, թող Ռուսաստանը չլուծի իր հարցերը Հարավային Կովկասում հայ ժողովրդի տարածքների հաշվին»,-ասել է Գրիգորյանը: Նրա խոսքերով, եթե Մոսկվան իրեն սխալ պահի, դա բացասաբար կանդրադառնա Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ կա մի գիծ, որը նա չի կարող անցնել»,-ասել է Ս.Գրիգորյանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց:



1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:



65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:



Կարսի պայմանագիրը կնքվել է 1991թ. հոկտեմբերի 13-ին մի կողմից քեմալական Թուրքիայի եւ մյուս կողմից Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջեւ Կարսի խորհրդաժողովի ավարտին: Այն կազմված է նախաբանից, 20 հոդվածներից եւ 3 հավելվածներից:



Ըստ 1-ին հոդվածի, ուժը կորցրած են համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել են այն կառավարությունների միջեւ, որոնք նախկինում ապահովել են ինքնիշխանությունը պայմանավորվող կողմերի տարածքում: Այդպիսով իսկ չեղյալ էր հայտարարվում 1920թ. Ալեքսանդրոպոլի պայմանագիրը:



Անվավեր էին ճանաչվում նաեւ այն պայմանագրերը, որոնք կնքվել են երրորդ պետությունների հետ եւ վերաբերում էին անդրկովկասյան հանրապետություններին: Սակայնյ դա չէր տարածվում 1921թ. ՌԽՍՀ եւ Թուրքիայի միջեւ կնքված Մոսկվայի պայմանագրի վրա:



2-րդ հոդվածը հատկապես կարեւոր էր Թուրքիայի համար, քանի որ ըստ այդ հոդվածի, կողմերը չէին ճանաչում ոչ մի պայմանագիր կամ միջազգային ակտ, որը կարող էր պարտադրվել ուժով: Դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920թ. Սեւրի պայմանագիրը:



Ըստ 3-րդ հոդվածի, չեղյալ էր հայտարարվում կապիտուլացիոն ռեժիմը:



Ըստ 4-րդ հոդվածի, որոշվում է սահմանը Թուրքիայի եւ Անդրկովկասի հանրապետությունների միջեւ (սահմանի ավելի մանրամասն նկարագրությունը տրվում էր 1-ին եւ 2-րդ հավելվածում):



Ըստ 5-րդ հոդվածի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունները համաձայնվում էին, որ Նախիջեւանի մարզը (3-րդ հավելվածում նշված սահմաններով) ինքնավար հանրապետություն դառնա Ադրբեջանի հովանու ներքո:



6-րդ հոդվածը վերաբերում էր Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններին: Մնացած հոդվածները որոշում էին կողմերի քաղաքացիների իրավական վիճակը, հաստատում էին գերիների փոխանակման կարգը, վերաբերում էին տնտեսական, ֆինանսական եւ այլ հարցերի կանոնակարգմանը, հյուպատոսական հարաբերությունների հաստատմանը եւ այլն: Կարսի պայմանագիրը հիմնականում կրկնում էր 1921թ. Մոսկվայի պայմանագրի դրույթները, որով ոտնահարվում էին Հայաստանի կենսական շահերը:



Կարսի պայմանագիրը ստորագրել են` ՀԽՍՀ անունից արտաքին գործերի ժողկոմ Ա.Մռավյանը եւ ներքին գործերի ժողկոմ Պ.Մակինցյանը, Ադրբեջանական ԽՍՀ անունից` աշխատավորագյուղացիական տեսչության ժողկոմ Բ.Շախտախտինսկին, Վրացական ԽՍՀ անունից` ռազմածովային գործերի ժողկոմ Շ.Էլիավան եւ արտագործերի ու ֆինանսների ժողկոմ Ա.Սվանիձեն, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի անունից` Ազգային ժողովի պատգամավոր եւ Արեւելայն ճակատի հրամանատար Քյազիմ Ղարաբեքիր-փաշան, Ազգային ժողովի պատգամավոր Վելի բեյը, հասարակական աշխատանքների նախարարի նախկին օգնական Մուխտար-բեյը, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեհմուդ Շեւկեթը, ՌԽՍՀ կառավարության անունից` Լատվիայում ՌԽՍՀ լիազոր ներկայացուցիչ Յա. Գանեցկին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---