Show must go-Իրանի և «վեցյակի» հաջորդ հանդիպումը կրկին Ստամբուլում

Show must go-Իրանի և «վեցյակի» հաջորդ հանդիպումը կրկին Ստամբուլում

Մոսկովյան բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ, որը հուլիսի 3-ին կկայանա Ստամբուլում

«Վեցնյակի»` Իրանի հետ բանակցությունների հերթական փուլի ընթացքում կողմերին այդպես էլ չհաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Միանգամից նշենք, որ կողմերը չկարողացան պայմանավորվել, քանի որ կողմերի դիրքորոշումները միանգամայն հակասական են: Իրանը կարծում է, որ իրավունք ունի միջուկային էներգետիկա ունենալու և այդ հարցում իրեն մերժել չի կարելի: Արևմուտքը, իր հերթին, ոգևորվելով Իսրայելի արհեստական մտահոգվածությամբ, դեմ է դրան:

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների հաղորդմամբ, հանդիպման արդյունքում Ֆրանսիայի ԱԳՆ կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները, սակայն եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Թեհրանն առաջին անգամ է ըստ էության երկխոսության գնում: «Կոշտ և անկեղծ բանակցություններից հետո կողմերի միջև դեռևս էական տարաձայնություններ կան»,-բանակցությունների արդյունքում հայտարարել է Էշթոնը: Ինչպես հայտնի է, «վեցնյակը» փորձում է համոզել Իրանին ետ կանգնել ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու ինքնուրույն փորձից: Իրանն իր հերթին ցանկանում է շարունակել հարստացումը և հասնել համաշախարհային տերությունների կողմից խաղաղ ատոմային ծրագրի զարգացման իր իրավունքի վերաբերյալ գրավոր հաստատման:

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցները ավելի շատ վնաս են հասցնում եվրոպական երկրներին, քան Իրանին, առավել ևս, որ աշխարհում դիտվում է նավթի գների անկում, որը շարունակական է լինելու: Փաստացի, Արևմուտքն ինքն իրեն փակուղու առջև է կանգնեցրել` չցանկանալով քայլեր ձեռնարկել Իրանի հետ բանակցելու հարցում: Պարզ է դարձել նաև, որ ուժի ցուցադրումն ու միջուկային ծրագրի ռազմական լուծման վերաբերյալ նախազգուշացումները ոչ մի կերպ չեն ազդում իրանական կողմի վրա:

Մոսկովյան բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ, որը հուլիսի 3-ին կկայանա Ստամբուլում: Քեթրին Էշթոնի խոսքով, բանակցությունները կշարունակվեն տեխնիկակակն մակարդակում: Փորձագետների նիստից հետո, Ստամբուլում կկայանա Էշթոնի և Ջալիլիի տեղակալների հանդիպումը:

Իրանական պատվիրակության ղեկավարի` Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի խոսքով, կայացած բանակցություններն ավելի լուրջ և իրատեսական էին, քան նախկինները: Սակայն նա ևս մեկ անգամ հաստատել է Իրանի դիրքորոշումը` պնդելով, որ Իրանը ուրանի հարստացման իրավունք ունի:

«Փորձագետների հանդիպման արդյունքում, հնարավոր է, բանակցությունների համար հստակ գաղափարներ առաջարկվեն: Այսօր միջազգային միջնորդները մեծ փորձություն են անցնում, որպեսզի իրանցիների վստահությանն արժանանան, սակայն իրանական նավթի գնման վերաբերյալ զանգվածային էմբարգոն, որը ԵՄ երկրները մտադիր են ընդունել հուլիսի 1-ից, կարող են բանակցային գործընթացին խոչընդոտող պայման հանդիսանալ»,-ասել է Ջալալին:Իր հերթին, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հհայտարարել է, որ Իրանը այժմ ընտրության առջև կանգնած չէ: «Թեհրանը շատ տեղեկատվություն է տրամադրել, ինչպես և մենք, և այժմ պետք է մտածի, թե այս իրավիճակում ինչ ընտրություն կատարի»,-ընդգծել է նա:

Միևնույն ժամանակ Իսրայելը վերջերս ավելի հաճախ է ակնարկում, որ եթե Իրանը չդադարեցնի միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքները, ապա դա կարվի ռազմական ուժի միջոցով:

Ներկայումս Իրանի նկատմամբ գործում են ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևեր: Բացի այդ, մի շարք երկրներ և կազմակերպություններ ընդունել են տարբեր բանաձևեր, որոնք պահանջում են Իրանից ապահովել միջուկային ծրագրի լիարժեք թափանցիկությունը և ապացուցել, որ այն բացառապես խաղաղ բնույթ է կրում: Մասնավորապես, Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարներ և առաջնորդներ հունվարի 23-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը որոշում են կայացրել հաստատել իրանական նավթի ներմուծման վերաբերյալ էմբարգոն: Նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակներում նախատեսվում է, որ արդեն հուլիսի 1-ից Եվրամիության բոլոր անդամները, որոնք նավթ են գնում Իրանից, պետք է ամբողջությամբ դադարեցնեն այդ երկրից իրականացվող ներմուծումը:

Թեհրանի միջուկային ծրագրի նկատմամբ պահանջները մնում են ուժի մեջ: «3+3» ձևաչափը Իրանին վերաբերող միջազգային մտահոգություն առաջացնող խնդրի վերաբերյալ դիվանագիտական լուծում գտնելու միակ տարբերակն է, որի միջոցով փորձում են հասնել նրան, որ Իրանն ընդունի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն ու ՄԱԳԱՏԷ-ի հետ աշխատելու առաջարկները: «3+3» ձևաչափը հաստատել է Բաղդադում արված հավասարակշռված առաջարկությունը` դադարեցնելու Իրանի կողմից ուրանի` մինչև 20 տոկոս հարստացումը և միջուկային գործարանի փակումը:

Միաժամանակ, Մոսկվայի բանակցություններին զուգահեռ, իրանական ատոմի ճակատագիրը քննարկվել է նաև մեքսիկական Լոս-Կաբոսում տեղի ունեցած G20 գագաթնաժողովում: Երկկողմ հանդիպման ընթացքում այս թեմային մեծ ուշադրություն են դարձրել ՌԴ և ԱՄՆ նախագահները: Ինչպես ասվում է նրանց համատեղ հայտարարությունում, Մոսկվան և Վաշինգտոնը կողմ են հադես գալիս բանակցությունների միջոցով իրանական միջուկային ծրագրի փուլային կարգավորմանը և պահանջում են Իրանից իրականացնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, ինչպես նաև համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ:

«Մեր ընդհանուր նպատակն է փոխադարձ վստահության և փուլայնության սկզբունքների հիման վրա ընդգրկուն բանակցային կարգավորումը, և մենք ակնկալում ենք «վեցնյակի» մեխանիզմի միջոցով Իրանի հետ կառուցողական խոսակցություն, այդ թվում` հունիսի 18-19 Մոսկվայում կայանալիք բանակցային փուլի ընթացքում»,-ասվում է փաստաթղթում:

Իսկ հունիսի 18-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել ուրանի` մինչև 20 տոկոս հարստացումը,եթե ստանա միջուկային վառելիքի մատակարարման երաշխիքներ: Մի խոսքով, բանակցությունների մասնակիցներից և ոչ մեկը դռներ չի փակում` չնայած Իսրայելի աճող դժգոհությանը: Սակայն դա արդեն, այսպես ասած, վերջինիս խնդիրն է: Առավել ևս, որ հենց վերջերս Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում Իսրայելի փոխվարչապետը և հետախուզության ու ատոմային էներգիայի հարցերով նախարար Դան Մերիդորը խոստովանել է, որ «աշխարհի երեսից Իսրայելը ջնջելու անհրաժեշտության» մասին հայտնի արտահայտությունը, որը հաճախ վերագրվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, իրականում երբևէ չի արտաբերվել: «Նա երբևէ նման բան չի ասել»,-ասել է Մերիդորը: Վերջինիս այս հայտարարությանը որևէ բան ավելացնելը դժվար է:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---