Լիբանանյան ընտրություններն ԱՄՆ հովանու ներքո՞

Լիբանանյան ընտրություններն ԱՄՆ հովանու ներքո՞

ԵՄ և ԱՄՆ երկրների ներկայացուցիչները քննարկել են Լիբանանում նոր կառավարություն ձևավորելու մտադրությունը, որտեղ շարունակվում են միջհամայնքային բախումները

Հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում զոհվել է լիբանանյան հետախուզության գեներալ Վիսամ ալ-Հասսանը: Ամենայն հավանականությամբ, Լիբանանում սպասվում են հերթական ընտրությունները, ինչը պնդում է ընդդիմությունը և, եթե ամեն ինչ սահմանափակվի միայն դրանով, կարելի է համարել, որ Լիբանանի «բախտը բերել է», ինչպես որ հարևան պետություններինը, այդ թվում` Սիրիան ու Իսրայելը: Ճիշտ է, Լիբանանում ընտրությունները գրեթե չեն լուծում իշխանության հարցը, և թե ինչ է լինելու հետո, կանխատեսելն այդքան էլ բարդ չէ. կսկսվի նախարարական պորտֆելների առևտուր, ինչպես որ բազմիցս եղել է: Թեև այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քանի որ ընտրություններին ցանկանում են միջամտել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն:

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտը արդեն հայտարարել է, որ «լիբանանցիների համար ժամանակն է ընտրելու կառավարություն, որը կկարողանա ընդդիմանալ սիրիական ազդեցությանը»: Թե ինչ է դա իրականում նշանակում, Մերձավոր և Միջին Արևելքի երկրները լավ գիտեն` սկզբում հանրահավաքներ, հետո անկարգություններ, արյունահեղություն և քաոս: «Սիրիա և Իրան ժողովրդավարություն ներմուծելու ԱՄՆ փորձերը վտանգավոր երազանքներ են: Առաջին համաշխարհայինից հետո Անգլիայի և Ֆրանսիայի կողմից հաստատված մերձավորարևելյան երկրիների սահմանները կայունությամբ չեն առանձնանում: Անգամ տարածաշրջանի հարաբերականորեն կայուն երկրները`Թուրքիան և Իրանը, խոցելի են ներքին էթնիկական և կրոնական հակամարտությունների առումով»,-կարծում է Զբիգնև Բժեզինսկին: Իսկ նա գիտի` ինչի մասին է խուսում. տարածաշրջանը խորասուզվել է խավարի և քաոսի մեջ, և միայն Լիբանանը, Իսրայելն ու Իրանն են առայժմ դիմակայում: Սակայն որքան երկար նրանք կկարողանան դիմակայել «ԱՄՆ ժողովրդավարական էքսպանսիային», կանխատեսելը դժվար է: Ահա և հերթը Լիբանանինն է: Իսկ վերջինս բորբոքելը շատ հեշտ է. 1974-1975թթ քաղաքացիական պատերազմը որոշակի զգուշություն է սովորեցրել լիբանանցիներին: Սակայն 2005թ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ապանությունը դեռ երկար ժամանակով Լիբանանին շեղեց իր հունից, իսկ սպանության մեջ մեղադրվեց Սիրիան: Վերջինիս ուղղակիորեն չմեղադրելով` ԱՄՆ պետդեպարտամենտը այն ժամանակ հայտարարեց, որ «Լիբանանում հենց սիրիական ռազմական միջամտությունն է լիբանանյան անկայունության պատճառը»: Միաժամանակ ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ ընդունելու մասին, քանի որ վերջինս չի կատարում ՄԱԿ-ի ԱԽ-ի 1559-դ բանաձևը, որով պահանջվում էր անհապաղ կերպով դուրս բերել սիրիական զորքերը Լիբանանից: Ռաֆիկ Հարիրիի հուղարկավորության ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամս Բերնսը ևս մեկ անգամ պահանջեց «Լիբանանից սիրիական զորքերի լիակատար և անհապաղ դուրսբերում»:

Այն ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր Հարիրիի մահվան հանգամանքների հետաքննության սեփական հանձնաժողովի ստեղծման մասին: Նա նաև խոստացել էր խստացնել վերահսկողությունը Սիրիա մտնող արաբական երկրների քաղաքացիների նկատմամբ, որոնք, ինչպես հետագայում պնդեց ԱՄՆ-ն, տեղափոխվում են Իրաք և համալրում իրաքյան գրոհայինների շարքերը: Համաշխարհային հանրության ճնշման ներքո Սիրիան ստիպված էր լիովին դուրս բերել իր զորքերը Լիբանանից:

Սակայն վերադառնանք մեր օրեր: ԱՄՆ և ԵՄ երկրնեի ներկայացուցիչները քննարկել են Լիբանանում նոր կառավարություն ձևավորելու մտադրությունը: Նշենք, որ Լիբանանում շարունակվում են միջհամայնքային բախումները: Թեև դա ավելի շուտ պայքար է լիբանանյան հասարակության երկու թևերի միջև` նրանց, ովքեր Բաշար Ասադի կողմնակիցներն են և նրանց, ովքեր վերջինիս հակառակորդներն են: Իր հերթին ԵՄ արտաքին հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ընդգծել է իշխանության կողմից նման քաղաքականություն վարելու վտանգավորությունը:

Լիբանանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ընդառաջ գնալ ընդդիմության պահանջներին: Տվյալ պահին քննարկվում է նախարարների կաբինետի` պաշտոնաթող լինելու պատրաստակամությունը, հետևաբար պետք չէ ակնկալել «արաբական գարուն»:

Կլուծեն, արդյոք, արտահերթ ընտրությունները երկրի ներքին խնդիրները, հարցի պատասխանը բացասական է: Արտահերթ ընտրությունները չեն լուծի Լիբանանի ներքաղաքական խնդիրները, այլ պարզապես որոշակիորեն կմեղմեն երկրում թեժացած իրավիճակը: Հնարավոր է, որ կառավարության պաշտոնաթողությունից հետո կձևավորվի նոր կոալիցիոն կառավարություն: Արտահերթ ընտրությունները ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից մեկն է:

Մինչ այդ, երկրում սրվել են հակասությունները արևմտամետ հակասիրիական «Ալ-Մուտակբալ» շարժման և «Հզբոլլահ» կազմակերպության միջև, որը հանդիսանում է Լիբանանի ներկայիս կառավարության միջուկը: Ներկայիս վարչապետ Նաջիբ Միկատին դարձել է կոալիցիայի կոմպրոմիսային կերպար, սակայն կկարողանա՞ արդյոք Լիբանանի ընդդիմությունը ստանալ նմանատիպ կերպար կայանալիք ընտրություններից հետո:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---