Կարթագենը պետք է կործանվի՞

Կարթագենը պետք է կործանվի՞

Ուժի կիրառումը Ասադի ռեժիմի դեմ չի բարելավի հումանիտար իրավիճակը Սիրիայում, այլ միայն կվատթարացնի

Առնվազն 9 երկիր պատրաստակամություն է հայտնել մասնակցելու ԱՄՆ ռազմական գործողություններին Սիրիայի դեմ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյն Փսակին: Ըստ նրա, հրապարակավ Սիրիայի դեմ ԱՄՆ հնարավոր գործողությանը սատարում են Ավստրալիան, Ալբանիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան ու Կոսովոն:

PanARMENIAN.Net - Տարօրինակ կոալիցիա է ստացվում ԱՄՆ-ի մոտ՝ հավաքվել են երկրներ, որոնք, մեծ հաշվով, գրեթե ոչնչով չեն կարող օգնել հարվածներ հասցնելու գործում, և նաև ֆինանսապես: Հավանաբար, դա սովորական սակարկություն է՝ մենք ձեզ աջակցություն, դուք մեզ՝ դիվիդենտներ, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական: Սակայն, եթե այսպես կոչված կոալիցիայում Ալբանիայի, Ռումինիայի, Թուրքիայի ու Կոսովոյի ներկայությունը կարելի է ինչ-որ կերպ բացատրել, մյուս հինգի վարքագիծը այնքան էլ հասկնալի չէ:Հետո. Եվրամիության յոթ երկրները՝ Ֆրանսիան, Դանիան, Խորվաթիան, Ռումինիան, Հունաստանը, Լատվիան ու Կիպրոսը, սատարեցին ամերիկյան գործողությանը Դամասկոսի դեմ առանց ՄԱԿ մանդատի: Փաստորեն բոլոր այդ երկրները բացահայտ հայտնեցին այն, ինչը մյուսները ամաչում են ասել. ոչ մի միջազգային իրավունք գոյություն չունի, կա միայն ուժեղի իրավունք: Միայն թե իրո՞ք ԱՄՆ-ն հիմա հզոր է: Վերոնշյալ երկրների համեմատությամբ, անշուշտ, հզոր է, և Սիրիայի համեմատ նույնպես:

Փսակին նաև ասել է, որ շուրջ 80 երկրներ արդեն համամիտ են ԱՄՆ փաստարկների հետ, առ այն, որ սիրիական իշխանությունները քիմիական զենք են կիրառել սեփական քաղաքացիների դեմ, և շուրջ 50 հրապարակավ նման կարծիք են հայտնել: Նաև ԱՄՆ-ին հաջողվեց մասնավոր կերպով նույնպիսի համաձայնություն ստանալ ավելի քան 30 միջազգային կազմակերպություններից: Կասկած չկա, որ այդ 80 երկրների մեծ մասը մահմեդական երկրներ են, որոնք անում են այն, ինչ ասում են Սաուդյան Արաբիան ու Քաթարը: Նույնը կարելի է ասել նաև միջազգային կազմակերպությունների մասին, որոնք լռում են, երբ Սիրիայում սպանում և առևանգում են քրիստոնյաներին:

ԵՄ ընդհանուր դիրքորոշումը Սիրիայի դեմ մի շարք պետությունների հնարավոր ռազմական ներխուժման վերաբերյալ պետք է մշակեն ԵՄ 28 երկրների ԱԳՆ ղեկավարները, որոնք կհավաքվեն ոչ պաշտոնական հանդիպման սեպտեմբերի 6-7-ը Վիլնյուսում: ՆԱՏՕ-ն չի միջամտի սիրիական իրադարձություններին, սակայն չի խոչընդոտի Եվրամիության առանձին երկրների հակաասադյան կոալիցիային միանալու ցանկությանը: Մինչդեռ, բոլորի համար պարզ է, որ ուժի կիրառումը Ասադի ռեժիմի դեմ չի բարելավի հումանիտար իրավիճակը Սիրիայում, այլ միայն կվատթարացնի:

Եվս մեկ կարևոր գործոն է փողը: Գործողության ծախսերի մի մասը, ինչպես հայտնեց պետքարտուղար Ջոն Քերին, կհոգան արաբական երկրները: Քաթարը, Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ տառացիորեն դրդում են Սպիտակ տունը Սիրիայի դեմ պատերազմի և չեն խնայի հարյուր միլիոնավոր դոլարները ալևի Ասադին պաշտոնանկ անելու համար, որոնց սունիները գրեթե հերետիկոս են համարում: ԱՄՆ ռազմական գործողությունն Իրաքում 807 մլրդ դոլար նստեց: Եվս մոտ 6 տրիլիոն պահանջվեց այդ երկրում անվտանգության ապահովման համար մինչև 2050 թվականը: Աֆղանական ռազմարշավը ամերիկացիներից 570,9 միլիարդ դոլար խլեց: Համեմատաբար էժան նստեց Լիբիան: Ըստ ԱՄՆ ՊՆ տվյալների, լիբիական արշավի ծախսերը կազմեցին մոտ 550 մլիլիոն դոլար:

Երկրորդ կարևորագույն գործոնը սիրիական ՀՕՊ համակարգն է, որը շատ ավելի հզոր է, քան Քադդաֆիի կամ Միլոշևիչի պարագայում էր: «Սիրիայում հինգ անգամ ավելի շատ ՀՕՊ միջոց կա, քան Լիբիայում կար, ընդ որում այդ համակարգերի մի մասը աչքի է ընկնում բարձր մակարդակի ֆունկցիոնալ կարողություններով»,-հայտարարել է 2013թ. ապրիլին ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեմփսին: Անշուշտ, ամերիկյան ռազմական մեքենան ունակ է հաղթել սիրիական ՀՕՊ ուժերին, հավելել է գեներալը, «սակայն, դա կապված կլինի շատ ավելի լուրջ ռիսկերի հետ և շատ ավելի մեծ ռեսուրսներ ու ժամանակ կպահանջի»:

Եվ վերջինը: Սահմանափակ օդային գործողությունը Սիրիայում կարող է զգալի վնաս հասցնել Բաշար Ասադի ռեժիմին, սակայն գլխավոր խնդիրը, կապված սիրիական քիմիական զենքի հետ, օդային հարվածները չեն լուծի: ԱՄՆ վարչակազմը տհաճ մի պարադոքսի առջև է կանգնել՝ ռազմական գործողության նպատակը Սիրիայում, գոնե բառացի, երկրի խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի հետագա կիրառման կասեցումն է, սակայն այն տեսքով, որով նախագահ Օբաման պատրաստ է արտոնել այդ գործողությունը, այն չի կարող երաշխավորել, որ ապագոյւմ զանգվածային ոչնչացման զենքը չի կիրառվի:

Սիրիայի քիմիական զենքի ծրագիրը, որը սկիզբ է առել 1970 թթ., իրավացիորեն համարվում է ամենազարգացածներից մեկը Մերձավոր Արևելքում: Ըստ իսրայելյան ու արևմտյան հետախուզական աղբյուրների տվյալների, սիրիական ռեժիմը այնպիսի թունավոր նույթերի սեփական արտադրության հնարավորություն ունի, ինչպիսիք են իպրիտը, զարինն, ու գուցե նաև, VX նյարդապարալիտիկ գազը: Պակաս կարևոր չէ նաև այն, որ Սիրիան նաև քիմիական զենքի կիրառման միջոցներ ունի՝ խորհրդային Р-17 «Սկադ» բալիստիկ հրթիռների տեսքով, որոնք կարող են հագեցվել քիմիական մարտագլխիկներով և կարող են հասնել Իսրայելի ու սահմանակից այլ պետությունների տարածքին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---