Դենիս Դվորնիկով. 2014-ի հավանական իրադարձություններն ու միտումները

Դենիս Դվորնիկով. 2014-ի հավանական իրադարձություններն ու միտումները

Բաքվի քաղաքական օրակարգի հիմնական հարցը կդառնա միջազգային հովանավորի որոնումը

Բացելով նոր 2014 թվականի Անդրկովկասին նվիրված հոդվածաշարը՝ դժվար է զերծ մնալ միտումների ու իրադարձությունների սեփական կանխատեսումը կազմելու գայթակղությունից: Ի՞նչ է մեզ սպասում այս օլիմպիական տարում: Ի՞նչ քամիներ կփչեն Սև և Կասպից ծովերի ափերին: Փորձեմ ձևակերպել հինգ հիմնական կանխատեսում, ինչպես նաև հինգ ռիսկեր, որոնք հատկապես մտահոգիչ են: Ով գիտի, գուցե խնդրի ձևակերպումն արդեն օգնի խուսափել տարածաշրջանի համար ամենածանր սցենարից:

PanARMENIAN.Net - Ինչպես նաև դրական պահերի գիտակցումը, ինչն անհրաժեշտ է հաջողության ճանապարհին: Սկսենք հավանական իրադարձություններից ու միտումներից.

1. Իրանի ակտիվացում: Միջազգային պատժամիջոցների պարանը պարսիկների հոգնած վզին զգալիորեն թուլացել է և Իսլամական հանրապետությունն առաջին անգամ երկար տարիների ընթացքում կկարողանա խորը շունչ քաշել: Դա անխուսափելիորեն կհանգեցնի տնտեսական և քաղաքական ոլորտներում կորցրածը ետ բերելու բնական ձգտմանը: Այդ ջանքերի կիրառման ամենահավանական կետերն են երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հնարավոր են փոխշահավետ հարաբերություններ պարենային և էներգետիկայի շուկաներում: Միանգամայն հավանական է նաև իրանական ներդրումների աճը Վրաստանում: Պարսկական դիվանագիտությանը բնորոշ է զգուշավորությունն ու ռիսկերը բաշխելու հմտությունը: Եթե հայ գործընկերներին նրանք ընկալում են եվրասիական նախագծերի համատեքստում, ապա Վրաստանը կարող է հարմար հարթակ դառնալ արևմտյան երկրների ու ընկերությունների հետ հարաբերությունների համար:

2. Այսպես կոչված «ադրբեջանական հրաշքի» նկատելի մարում: Բաքվի քաղաքական օրակարգի հիմնական հարցը կդառնա միջազգային հովանավորի որոնումը: Իրանի շուրջ իրավիճակի փոփոխությունը, թուրքական ճգնաժամերի հաջորդականությունը կստիպեն Ադրբեջանին միայնակության ու լքվածության տհաճ զգացում ապրել: Շատ ցավալի է գիտակցել, որ դու կարող ես հետաքրքրել խոշոր տերություններին միայն որպես հումքային հավելուկի սպասարկման օդանավակայան: Հավանաբար, այդպիսի հովանավոր կլինի Իսրայելը, սակայն այդ հարաբերությունները զուրկ կլինեն ռոմանտիզմից և երկար չեն տևի: Մերձեցումը Ալիևի ռեժիմի հետ անկանխատեսելիությունից բացի հղի է նաև հեղինակազրկումով:

3. Արցախ՝ մեծ քայլ դեպի անկախության լիարժեք ճանաչում: Ռուսաստանը, փաստացի, կատարեց իր ընտրությունը, սատարելով երկու հայկական պետություններին: Այսօրվա դրությամբ Մաքսային միության պես կառույցի գոյության ակնհայտ առավելությունը խաղաղության երաշխիքն է ԼՂՀ պաշտպանության բանակի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այս պայմաններում Արցախի առանց այդ էլ մեծ ներդրումային գրավչությունը կարող է աննախադեպ դառնալ հետխորհրդային տարածքում:

4. Հաշտության առաջին քայլերը Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու Վրաստանի միջև: Անշուշտ, հաշտեցումը դեռ հեռու է, սակայն առաջին կառուցողական շփումները, հավանաբար, տեղի կունենան Սոչիի Օլիմպիադայից որոշ ժամանակ անց: Երկու այդ տարածքները պահելու Ռուսաստանի ծախսերը գնալով ավելի զգայուն կդառնան պետբյուջեի համար, հաշվի առնելով, որ ներկա պայմաններում Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի ինքնուրույն գոյությունն անհնար է: Վաղ թե ուշ այդ բեռն ինչ-որ մեկի հետ կիսելու պահանջ կառաջանա, ցանկալի է առանց Թուրքիայի մասնակցության:

5. Ավանդական արժեքների ու քրիստոնեական եկեղեցու նշանակության աճ Հայաստանում ու Վրաստանում: Ցավոք, մեկնարկած տարին զգալի բարելավում չի բերի տնտեսական իրավիճակում: Այդ ֆոնի վրա մարդկանց հոգիներում տեղի կունենա կյանքի որակի ընկալման շեշտադրման հստակ փոփոխություն՝ նյութական բարիքներից դեպի հոգևոր արժեքներ: Այսօրվա ակտիվ սերունդը կուշտ է գլոբալիզացիայից ու բազմամշակութային քարոզից: Անդրկովկասի քրիստոնյա ժողովրդները գնալով ավելի շատ են գիտակցում իրենց որպես հոգևոր ազատության ու ինքնատիպության կղզյակներ: Հենց այդ ինքնատիպությունն էլ միավորող ուժ կդառնա ինչպես հայերի, այնպես էլ վրացիների համար: Այս առումով 2014 թվականը պատմաբանները կհիշեն որպես «գիտակցման շրջանի սկիզբ»:

Ահա այսպիսի միտումներ նկատելի կդառնան 2014 թվականին: Հինգ ռիսկերի մասին խոսակցությունը կշարունակենք երկուշաբթի օրը: Ցանկալի չէ տխուր բաների մասին խոսել Սուրբ Ծննդյան շաբաթում:

Դենիս Դվորնիկով՝ Ռուսաստանի Միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---