99 տարի անց. Սգո երթը դեռ շարունակվում է

99 տարի անց. Սգո երթը դեռ շարունակվում է

Լեսլի Ա. Դևիս. Գրեթե բոլոր արտաքսվածները քաղաքից դուրս գալուց մեկ-երկու օր անց անողոքաբար գնդակարվեցին կամ կոտորվեցին

Ութ ամիսների ընթացքում Անատոլիայի բնակչության մոտ մեկ երրորդի բնաջնջումը, որն Օսմանյան կայսրությունը ճանաչել է 1919 թվականին, շատ ավելի է գերազանցում նացիզմի դրսևորումները, չնայած առավել զարգացած տեխնոլոգիաներին, որ կիրառվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: «Թուրքիան ընդհանուր առմամբ չի հաջողում այն ամենում, ինչ կազմակերպվածություն ու տաղանդ է պահանջում, սակայն այս դեպքում, երբ ջարդի, թալանի ու կոտորածի հարց առաջացավ, նա ի ցույց դրեց լավ կազմակերպված ու արագ գործողություններ: Միայն թուրքը կարող է այսքան սեղմ ժամկետում հարյուր հազարավոր մարդկանց այն աշխարհ ուղարկել», - 1915 թվականին Պետքարտուղարությանն ուղղված զեկույցում գրել է Սամսունում ԱՄՆ հյուպատոսության գործակալ Վ. Փիթերը:

PanARMENIAN.Net - Հայերի դեմ գործի դրվեց պետական մեքենան՝ ժանդարմերիան, կանոնավոր զորքերը, տարբեր մակարդակի պաշտոնյաներ: Լիարժեք օգտագործվեց պատերազմի գործոնը, դա թույլ տվեց կազմակերպիչներին բացահայտ նախապատրաստել այն, ինչ մտածված էր՝ չվախենալով եվրոպական տերությունների նույնիսկ աննշան միջամտությունից:

1989 թվականին Նյու Յորքում լույս տեսավ Լեսլի Ա. Դևիսի «Կոտորածի գավառ. Ամերիկացի դիվանագետի զեկույցը Հայերի ցեղասպանության մասին» գիրքը: Լեսլի Ա. Դևիսը (1876—1960) ԱՄՆ հյուպատոսն էր Խարբերդում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914—1917 թթ.:

Լինելով Խարբերդում՝ Դևիսը հայ բնակչության բռնագաղթի ականատեսն է դառնում դեպի Դեր Զորի անապատ, այդ մասին նա մանրամասն հաշվետվություն է ներկայացրել ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ նշելով հայերի տասնյակ հազարավոր դիակները Գեյլյուկ, այժմ Խազար, լճի շուրջ: Դևիսը նաև Խարբերդի արվարձաններում հայերի զանգվածային գերեզմաններն ուսումնասիրող ամերիկացի փորձագետների խմբում էր: Նույնիսկ թուրքական կառավարության զգուշացումներից հետո նա շարունակել է օգնել հայերին՝ թույլ տալով, որ նրանցից 80-ը պատսպարվեն հյուպատոսության շենքում, իսկ հետո նրանց տեղափոխել է Ռուսաստան:

«…Շատերը ցնցոտիներով էին, իսկ շատերն էլ…բոլորվին մերկ…հյուծված, հիվանդ, կեղտոտ, փոշով պատված, միջատներից տառապող…նրանց հավաքել էին մի քանի շաբաթ առաջ ասես կենդանիների հոտի, և շատ սակավ քանակությամբ սնունդով: Նրանց թվում կային մի քանի տղամարդիկ, որոնց մեծ մասին քրդերը սպանեցին մինչև Խարպուտ հասնելը: Կանանցից ու երեխաներից շատերը նույնպես սպանվեցին, շատերը մահացան ճանապարհին: Նրանցից, ով սկզբից է եղել այս քարավանում, շատ քչերն են դեռ ողջ, բայց արագ տեմպերով մահանում են…Թուրք սպաներն ու այլ թուրքեր գալիս են ճամբար և ընտրում են գեղեցիկ աղջիկներին, հետո հրամայում են իրենց բժիշկներին զննել նրանց…Ճամբարի տարածքում հարյուրավոր դիեր կան ու մահամերձ մարդիկ…միջին տարիքի մի տղամարդու մարմին է, որն անկասկած մահացել է կամ սպանվել: Շատ են մեռած կանանց ու երեխաների մարմինները…Ծերունին նստած է ու ինչ-որ բան է քրթմնջում քթի տակ: Խճճված մազերով ու փոս ընկած աչքերով կանայք ցնորված հայացքով առաջ են նայում: Մեկը, ում դեմքը մինչ օրս հետապնդում է ինձ, այնքան էր հյուծվել, որ նրա գլուխն անկենդան գանգ էր հիշեցնում: Մյուսները հոգեվարքի մեջ են: Փքված որովայնով երեխաները թավալվում են կեղտի մեջ:

Ոմանք ջղաձիգ շարժումներ են անում: Ճամբարում բոլորին օգնություն է հարկավոր»: Խարբերդ, հուլիսի 24, 1915 թ.: ԱՄՆ դեսպան, հարգարժան Հենրի Մորգենթաուին, Կոստանդնուպոլիս.

-Սըր, պատիվ ունեմ հետևյալ լրացումն անելու հունիսի 30-ի և հուլիսի 11-ի իմ զեկուցումներում (թղթապանակ 840.1), որոնք վերաբերում են այդ շրջանի հայերի բռնագաղթին, ավելի ճիշտ կոտորածին…

«...այլևս գաղտնիք չէ՝ հատուկ ծրագրով նախատեսված է որպես ռասա, որպես ազգություն բնաջնջել բոլոր հայերին, սակայն կիրառվող մեթոդներն այնքան սառնարյուն ու բարբարոսական են, ավելին, այնքան արդյունավետ, որ սկզբում մենք նույնիսկ չէինք գուշակում, թե ինչ է կատարվում…

…ամբողջությամբ հաստավեց, որ գրեթե բոլոր արտաքսվածները քաղաքից դուրս գալուց մեկ-երկու օր անց անողոքաբար գնդակահարվեցին կամ կոտորվեցին: Ընդ որում դա անում էին ոչ միայն քրդերի ավազակախմբերը, այլ նաև ուղեկցող ժանդարմներն ու զինված չեթեի ջոկատները, բաղկացած կալանավորներից, որոնց ազատ էին արձակել բանտերից, արտաքսվող հայերին ոչնչացնելու համար…

…չեմ կարծում, որ համաշխարհային պատմությունը գիտի համատարած բնաջնջման որևէ այլ նման դեպք, առավել ևս չեմ հավատում, որ մարդկային գիտակցությունը կարող է ավելի ահասարսուռ ու սադիստական սխեմա մշակել…

…Կատարվածն այդպես կկոչվեր նույնիսկ, եթե բոլորին թույլ տային մեռնել ճանապարհին: Բայց քանի որ մեծ մասն անմիջապես կոտորվեց, կասկած չկա, որ իրագործվում է կառավարության հրամանը, չի կարող այլ անվանում ունենալ, քան համատարած ջարդ»: Ձեր խոնարհ ծառա, հյուպատոս Լեսլի Ա. Դևիս:

1915 թ. սեպտեմբերի 15-ին Հալեպի վալին հետևյալ բովանդակությամբ հեռագիր ստացավ.

«Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարությունը Ջեմիեթի հրամանով (այդպես էր կոչվում «Միասնություն և առաջընթաց» կուսակցության կոմիտեն) որոշել է երկրի երեսից ջնջել Թուրքիայում բնակվող բոլոր հայերին: Ով չենթարկվի այս հրամանին, չի կարող ծառայել ղեկավար մարմիններում: Հրամայված է վերջ տալ բոլորին՝ կանանց, երեխաներին, հիվանդներին ու հաշմվածներին, կանգ չառնելով ամենադաժան միջոցների առջև:

Դարեր շարունակ վտանգ ներկայացնող հայկական տարրը արդեն վաղուց խարխլում է մեր պետականության ամուր հիմքերը, ինչը մեր կառավարությունը չի կարող հանդուրժել: Հայերին բնաջնջելու մասին որոշումը ընդունվել էր նախապես, սակայն հանգամանքները հնարավորություն չէին տալիս իրականացնել այդ սուրբ մտադրությունը: Այժմ, երբ չկա այլևս ոչ մի խոչընդոտ, եկել է ժամը մաքրելու մեր հայրենիքն այդ վտանգավոր տարրից: Մենք պահանջում ենք անողոք լինել այդ թշվառների հանդեպ, ոչնչացնել նրանց, արմատախիլ անել Թուրքիայում նույնիսկ հայի անունը: Արեք ամեն ինչ, որպեսզի այս ծրագրի իրագործումը հանձնարարվի մեր հայրենիքի հավատարիմ հայրենասերներին»:

Փաստաթուղթը Հալեպ հասավ այն ժամանակ, երբ նահանգապետը Ջելալ բեյն էր: Ծանոթանալով բովանդակությանը՝ Ջելալը հեռագրեց Կոստանդնուպոլիս: «Ես նահանգապետ եմ, ոչ թե դահիճ»: Նա անմիջապես հեռացվեց պաշտոնից: Նույն կերպ վարվեցին Քյութահյայի ղեկավար Ֆաիկ Ալին, Կաստամոնի նահանգապետ Ռեշատ Բեյը, Յոզգատի ղեկավար Ջելալ բեյը, Էրզրումի նահանգապետ Թահսին բեյը: Մալաթիայի քաղաքապետ Ազիզօղլու Մուստաֆան նույնպես հրահանգ ստացավ հայերին ոչնչացնելու վերաբերյալ, սակայն շատերին թաքցրեց իր տանը: Թուրքերը նրան ևս սպանեցին՝ գյաուրներին պաշտպանելու համար:

«Թուրքիայում ապրելու և աշխատելու հայերի իրավունքն ամբողջովին վերացվում է: Կառավարությունը, որը ստանձնում է պատասխանատվությունը, հրամայել է ողջ չթողնել նույնիսկ օրորոցում քնած երեխային: Որոշ գավառներում այդ հրամանը կատարվել է: Սակայն Հալեպում, անհայտ պատճառներով, արվում են բացառություններ, մի շարք անձիք վտարվելու փոխարեն, մնում են իրենց բնակավայրում, ուստի կառավարության համար նոր դժվարություններ են առաջանում: Թող առանց որևէ հիմքի արտաքսվեն կանայք ու երեխաները, ով էլ որ լինեն, նույնիսկ նրանք, որ չեն կարողանում քայլել: Պաշտպանվելու ոչ մի առիթ չտաք բնակչությանը: Ես խնդրում եմ ամեն շաբաթ ծածկագրեր ուղարկել արդյունքների մասին»:

«Թեև ըստ հաղորդագրությունների կասկածելի անձանց ոչնչացման գործում մեծ եռանդ է ներդրվել, մեզ հայտնի է դարձել, որ նրանք վտարվել են կասկածելի վայրեր՝ Սիրիա ու Երուսաղեմ: Նման հանդուրժողականությունն աններելի սխալ է:

Խառնակիչների արտաքսման վերջնական վայրը Ոչինչը պետք է լինի: Ես խորհուրդ եմ տալիս գործել ըստ սույն ցուցումի»: Բոլոր մեջբերված հեռագրերը Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան է ուղարկել, դրանք առաջին անգամ ընթերցվել են Բեռլինում՝ Սողոմոն Թեյլերյանի դատավարության ժամանակ:

Մեկնաբանություններն, ըստ իս, ավելորդ են…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---