Ղարաբաղում Հաղթանակի օրը ոչ թե պատմություն է, այլ ներկա

Ղարաբաղում Հաղթանակի օրը ոչ թե պատմություն է, այլ ներկա

Արցախում տոն է, և բոլորը մեծից փոքր հստակ գիտեն. չլիներ այս հաղթանակը, ոչինչ չէր լինի: Ինչպես ասում էր ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադիրներից մեկը՝ Լեոնիդ Ազգալդյանը, «Ղարաբաղը մերն է և վերջ»:

Հաղթանակի օր… Ստեփանակերտում այս բառերն այլ կերպ են հնչում, քանի որ մայիսի 9-ն այստեղ ոչ թե պատմություն է, այլ ներկա: 23 տարի առաջ հայկական զորքերը ազատագրեցին Ղարաբաղի հինավուրց մայրաքաղաքը: Շուշիի ազատագրմամբ հասկացանք՝ սա մեր հողն է և ոչինչ ու ոչ ոք մեզ չի ստիպի հանուն ինչ-ինչ «շահերի» հրաժարվել Հաղթանակից:

PanARMENIAN.Net - 1992-ի մայիսի 9-ին ավարտվեց Ղարաբաղի հինավուրց մայրաքաղաք Շուշիի ավելի քան 70-ամյա օկուպացիան: Հենց Շուշիի ազատագրմամբ սկսվեց հայկական բանակի ու ժողովրդի հաղթական արշավը, որը ժողովրդին հավատացրեց, որ կորուստների շրջանն ավարտված է: Շուշիի գործողությունն իրավամբ ընդգրկվեց ռազմարվեստի դասագրքերում, սակայն ավելի կարևոր է մայիսի 9-ի հաղթանակի քաղաքական ու բարոյական ասպեկտը: Թշնամին ջախջախված է․ կարևոր չէ, թե որ: Կարևորն այն է, որ թշնամին այլևս այստեղ ոտք չի դնի:

Ըստ Արցախի պաշտպանության նախարար, ԼՂՀ pաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ՊԲ նվաճումների ու թերացումների ամենաճիշտ գնահատականը կարող է տալ միայն ժողովուրդը:

«Սակայն ամենաազնիվ պատասխանն այդ հարցին արդեն 20 տարի տևող փխրուն, բայց, այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղությունն է, ինչն առաջին հերթին պայմանավորված է մեր բանակի հաջողություններով»,- ասել է Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ հայոց բանակը եղել է և հանդիսանում է տարածաշրջանում խաղաղ և անվտանգ գոյությունն ապահովող կարևորագույն գործոններից մեկը:

Ամեն տարի Շուշիի ազատագրման մասնակիցները մայիսի 8-ին հավաքվում են բերդաքաղաքում ու կարծես նորովի կրկնում «Հարսանիք լեռներում» գործողությունը: 23 տարում նրանք մի քիչ ծերացել են, բայց աչքերում նույն փայլն է, երբ հիշում են Շուշիի ազատագրումը, Հաղթանակը՝ այն ամենն է, ինչ նրանց գոյության իմաստն էր ու իմաստն է այս օրհնյալ երկրում:

«Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ ամենանշանավոր տոներից մեկն է, որը խորհրդանշում է մեր ժողովրդին հատուկ հայրենասիրությունն ու արիությունը, ինքնազոհությունն ու հերոսությունը, հակազդեցությունն օտարի լծին ու անբեկանելի կամքն ու ձգտումը հաղթանակին: Այս ամենը դարերից է գալիս ու ևս մեկ անգամ հաստատվել է նաև Մեծ հայրենականի տարիներին, երբ ուս ուսի տարբեր ժողովրդների հետ մեր հայրերն ու պապերը պայքարում էին ֆաշիստական Գերմանիայի դեմ՝ փրկելով աշխարհը նացիզմից: Նրանց հերոսական դասը շարունակեց արդեն նոր սերունդը՝ Արցախյան ազատամարտում պաշտպանելով հայրենի հողն ու նոր հաղթանակներ կերտելով:

Պաշտպանության բանակի կազմավորումն ու Շուշիի ազատագրումն այն կարևոր նվաճումներն էին, որոնք մեր ապագա հաղթանակների հիմքը դարձան: Հայաստանի և Սփյուռքի եղբայրների ու քույրերի հետ միասին մեզ հաջողվեց ոչ միայն հաղթանակ տանել մեզ պարտադրված ծանր ու դաժան պատերազմում, այլև կառուցել ու շենացնել մեր հայրենիքը՝ շարունակելով հանուն հայրենիքի զոհված հայ ժողովրդի քաջարի որդիների գործն ու հավերժացնելով նրանց հիշատակը»,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Փխրուն խաղաղության պայմաններում ամբողջ հույսը բանակի վրա է: Հայտնի ասացվածքն ասում է՝ չես ուզում սեփական բանակդ կերակրել, օտարինը կկերակրես, ինչը միանգամայն ճիշտ է նաև ԼՂՀ պաշտպանության բանակի դեպքում: Ամեն տարի աճում են պաշտպանության համար ծախսերը, ավելի ճիշտ, ղարաբաղցիներին պարտադրում են սպառազինության մրցավազքը, հույս ունենալով, որ նրանք չեն դիմանա այդ ծանր բեռին ու անձնատուր կլինեն: Միանգամից ասենք՝ Ադրբեջանը կարող է երազել ինչ ուզում է, դա արգելված չէ: Բայց Ադրբեջանի դրոշը, ինչպես սիրում է ասել Իլհամ Ալիևը, երբեք չի փողփողա Ստեփանակերտի նախագահական նստավայրում: Դե, գուցե ինչ-որ տան վրա, որը կհատկացվի դեսպանության համար, բայց հազիվ թե: Ազերիների մի քանի սերունդ պետք է փոխվի, որոնք աշխարհին կնայեն ոչ թե ալիևյան կլանի, այլ սեփական աչքերով:

Մի կողմ թողնենք տխուր մտքերը: Արցախում տոն է և բոլորը մեծից փոքր հստակ գիտեն. չլիներ այս հաղթանակը, ոչինչ չէր լինի: Ինչպես ասում էր ԼՂՀ պաշտպանության բանակի հիմնադիրներից մեկը՝ Լեոնիդ Ազգալդյանը, «Ղարաբաղը մերն է և վերջ»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---