«Խաղաղություն տարածքների դիմաց» մոդելը հնարավորներից ամենաարատավորն է

«Խաղաղություն տարածքների դիմաց» մոդելը հնարավորներից ամենաարատավորն է

Տարածքներ վերադարձնելու ու փոխանակելու ծրագրերում, չգիտես ինչու, անտեսվում է ագրեսիայից տուժած կողմը

Խաղաղ պայմանագրի բացակայության պայմաններում ցանկացած դեպքում առաջին հերթին հնչում են տարածքային հարցեր, այն է՝ օկուպացված (կամ գրավյալ) տարածքների վերադարձ, հատուցում և փախստականների վերադարձ: Այս պահանջները հայտնվում են այս կամ այն հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի հիմքում, որ կազմում են միջազգային միջնորդները:

PanARMENIAN.Net - Տարածքներ վերադարձնելու ու փոխանակելու ծրագրերում, չգիտես ինչու, անտեսվում է ագրեսիայից տուժած կողմը: Թեև, սա ամենեևին էլ նորություն չէ և սրա վրա չարժե կանգ առնել, առավել ևս որ խոսակցության թեման բավականին լուրջ է: 2004 թվականի հունիսին Իսրայելի կառավարության քննարկմանը ներկայացվեց «Զատման ծրագրի իրականացման մասին» օրինագիծը, որով որոշվում էր Գազայի հատվածի ու Սամարիայի հյուսիսի ավանների տարհանման կարգը, ինչպես նաև հատուցումների վճարման կարգը բնակիչներին: «Զատման» հեղինակն այժմ հանգուցյալ Արիել Շարոնն էր: Նշեմ, որ հազիվ թե պաղեստինցիները տուժող կողմ են հանդիսանում:

Օրինագծով նախատեսվում էին իրավաբանական պատժամիջոցներ տարհանմանը խոչընդոտող անձանց համար: Այդպես, ՑԱԽԱԼ-ի կողմից «փակ ռազմական գոտի» հայտարարված տարածք ներթափանցելու համար նախատեսվում է մինչև 3 տարվա ազատազրկում: Նմանատիպ պատժի են ենթակա նաև անձիք, որոնք «կխոչընդոտեն անվտանգության ուժերի ներկայացուցիչներին ստանձնած պարտավորությունների կատարման գործում»: Հրաժարվելու, ինչպես նաև «պասիվ դիմադրության» (օրինակ, նստացույց) համար նախատեսված են տարբեր պատիժներ ու տուգանքներ, ընդհուպ մինչև քրեական հետապնդում:

Պատժամիջոցներ են նախատեսված նաև «տարհանման ժամանակ հասարակական կարգը խախտելու համար» (զինվորականներին, ոստիկաններին ու արդարադատության նախարարության աշխատակիցներին վիրավորելու համար): 5 տարվա կալանք է նախատեսվում զենքի միջոցով տարհանմանը խոչընդոտելու համար՝ սառը զենքի կամ հրազենի, որը սպառնալիք է ստեղծել մարդկանց կյանքի համար: Ըստ օրինագծի, զատման ծրագրի համաձայն վերաբնակեցման ենթակա անձը իրավունք ունի հատուցման մասին դիմում ներկայացնել տարհանումից հետո երկու տարվա ընթացքում:

2004 թվականի հունիսի 6-ին Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց «Զատման մասին ծրագրի իրագործման վերաբերյալ» օրինագծին՝ Գազայի հատվածում ու Սամարիայի հյուսիսում բնակավայրերի տարհանման կարգի մասին, ինչպես նաև վերաբնակներին հատուցումների վճարման կարգի մասին: Նախարարների կաբինետը ձայների մեծամասնությամբ՝ 14 «կողմ», 7-«դեմ» հաստատեց Գազայի հատվածից տարհանման ծրագիրը: Վերապահում արվեց, որ ավանների ապամոնտաժման հարցն առանձին կքննարկվի:

Կառավարությունում մեծամասնություն ունենալու համար «Ազգային միասնություն» աջակողմյան դաշինքի առաջնորդներ Ավիգդոր Լիբերմանը (տրանսպորտի նախարար) և Բինյամին Էլոնը (զբոսաշրջության նախարար), որոնք դեմ էին զատման ծրագրին, 2004 թ. հունիսի 4-ին, այսինքն քվեարկության շեմին, ազատվեցին պաշտոններից: 2004 թ. հոկտեմբերի 26-ին Քնեսեթում տեղի ունեցավ քվեարկություն Պաղեստինի ինքնավարությունից ավանների անջատման ծրագրին աջակցելու վերաբերյալ հարցով:

«Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ղեկավար, շեյխ Հասան Նասրալլան հրեական ավանների տարհանման կապակցությամբ կոչ արեց պաղեստինցիներին շարունակել դիմադրությունը «իսրայելյան օկուպացիային»: Բնակավայրերի կազմաքանդումը Գազայի հատվածում միայն նպաստեց ՀԱՄԱՍ-ի ամրապնդմանը: Նույնը ցանկանում են անել Լեռնային Ղարաբաղի պարագայում: Թե՝ վերադարձրեք տարածքներն ու հանգիստ ապրեք: Առաջինը, վերադարձնելու ոչինչ չկա, ուղղակի Արևմուտքը, գնալով արդեն ծանոթ հունով, կրկին առաջ է քաշում անկենսունակ «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևը: Թե ինչպես է այդ «խաղաղությունը» հաստատվում, արդեն տեսել ենք Իսրայելի օրինակով: Իսրայելի բանակի սպառազինությունը մի քանի անգամ ավելին է, քան Ղարաբաղինը, բայց «Քասամ» հրթիռների ու պաղեստինցի ահաբեկիչների դեմ ոչինչ չի օգնում: Չկա ոչ մի երաշխիք, որ Ղարաբաղում այլ կերպ կլինի: Որքան էլ ցավալի է, բայց ուղիղ բանակցություններն Իսրայելի ու Պաղեստինի վարչակազմի միջև մարել են, չնայած ԱՄՆ ջանքերին: Իսկ գուցե հենց այդ ջանքերի շնորհիվ է, որ վերջնական կարգավորումը սառեցված է: Մինչ երկրները ուղիղ բանակցություններ սկսեցին, կես դար անցավ, ուրեմն ԼՂՀ-ն դեռ 30 տարի ունի…Իսկ եթե լուրջ, ապա տարածքների փոխանակումն ամենաարատավոր մոդելն է, որ կարելի է մտածել: Եվ փոխարենը ոչինչ չեն առաջարկում՝ ԼՂՀ դեպքում Փոլ Գոբլը ինչ-որ բան էր ասում Մեղրիում իրական տարածքների փոխանակման մասին, ինչը անհասկանալի ուրախությամբ ընդունեցին առաջին նախագահի թիմակիցները: Սակայն, փառք Աստծո, գործը միայն խոսակցություններով ավարտվեց:

Վերջերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր կառավարության տեսակետը ներկայացրեց տարածքների վերադարձի վերաբերյալ, բայց համապատասխան հակադարձումը ստացավ ԼՂՀ-ից: Խաղաղություն չի լինի, եթե նույնիսկ ԼՂՀ-ից միայն Ստեփանակերտը մնա: Եվ որքան էլ ջանա Ուորլիքը «իրենը պնդել», ոչինչ չի ստացվի, ինչպես չստացվեց նրա շեֆի՝ Ջոն Քերիի մոտ, որը տարեսկզբից արդեն 10 կամ 12 անգամ Մերձավոր Արևելք է այցելել: Արդյունքը զրոյական է՝ եթե չհաշվենք Իսրայելի որոշ միակողմանի մանր զիջումները, որոնք արտահայտվեցին բանտերից մի քանի տասնյակ ահաբեկիչների ազատ արձակելու մեջ: Այն նույն «դժբախտ ու խեղճ պաղեստինցիներին», որոնք կրկին կսկսեն գնդակոծել խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանի դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ եթե հիմա, հրադադարի կնքումից 20 տարի անց, ամեն օր առաջնագծում հայ զինվորներ են զոհվում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ԼՂՀ սահմանը սեղմվի, հասնի նախկին ԼՂԻՄ սահմաններին:

Եվ վերջում հավելեմ, որ, այո, երկու հակամարտությունների ընդհանրություններն այնքան էլ շատ չեն, բայց մի բան նրանց մերձեցնում է՝ Արևմուտքի համառ ցանկությունը ստիպել Իսրայելին ու ԼՂՀ-ին ենթարկվել խաղի իր կանոններին, որոնք այդ երկու պետությունները ուղիղ դեպի կործանում կտանեն:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---