Սահմանադրական շրջադարձ. Հետխորհրդային երկրների տատանումները նախագահական և խորհրդարանական կառավարման միջև

Սահմանադրական շրջադարձ. Հետխորհրդային երկրների տատանումները նախագահական և խորհրդարանական կառավարման միջև

Հետխորհրդային երկրների սահմանադրական բարեփոխումները հաճախ ընկալվում են որպես իշխանությունների վերարտադրման փորձ, թեև փոփոխությունները երբեմն դեմ են հենց նախաձեռնողների շահերին

Հոկտեմբերի 15-ին հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը Հայաստանում սահմանադրական բարեփոխման մասին: Հանձնաժողովը ողջունում է բարեփոխման գաղափարն ու հորդորում է ընդդիմությանը քննարկել նախագիծը: Բարեփոխումների հակառակորդներն, առաջին հերթին ոչ իշխանական ուժերի «եռյակը»՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», հայտարարում են, որ դեմ են բարեփոխման բուն գաղափարին և գործող իշխանությունների վերարտադրման փորձին: PanARMENIAN.Net-ը որոշել է հիշել, թե ինչպես էին անցնում հիմնական օրենքի քննարկումները որոշ հետխորհրդային երկրներում և ինչով դրանք ավարտվեցին:

PanARMENIAN.Net - 1992-1993 թթ. սահմանադրական ճգնաժամը Ռուսաստանում, փաստացի, կառավարման խորհրդային ձևի բռնի փոփոխություն էր: Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինն ու այն ժամանակ դեռ Ժողովրդական պատգամավորների համագումարը ծայրահեղ տարբեր մոտեցումներ ունեին ապագա սահմանադրության հարցում, որը պետք է ընդունվեր ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ: Ժողովրդական պատգամավորների համագումարը պնդում էր, որ ողջ իշխանությունը պետք է պահպանի համագումարը (փաստացի՝ կողմ էր խորհրդարանական կառավարմանը), Ելցինը հանդես էլ գալիս նախագահականի օգտին: Դիմակայությունը հասավ գագաթնակետին, երբ Ելցինը սահմանադրությանը հակասող որոշում կայացրեց Համագումարի լուծարման մասին, որի հետևանքով նրա լիազորությունները դե ֆակտո դադարեցվեցին: Մոսկվայի փողոցներ դուրս եկան տանկեր, գրավեցին «Օստանկինո» հեռուստակենտրոնն ու Մոսսովետը, գնդակոծվեց խորհրդարանը: Ըստ պաշտոնական տվյալների, բախումներում առնվազն 200 մարդ զահվեց, որոշ իրավապաշտպան կազմակերպություններ նշում են 1300 թիվը: Դիմակայության արդյունքում հաղթեց Ելցինը՝ նոր Ռուսաստանը նախագահական հանրապետություն դարձավ:

Դրամատիկ և շրջափուլերով հարուստ էր նաև Ուկրաինայի սահմանադրության ճակատագիրը: Այն ընդունվեց 1996 թ. առանց համաժողովրդական հանրաքվեի, խորհրդարանական քվեարկությամբ: Երկրի հիմնական օրենքում բավականին շատ էին հակասական ձևակերպումները, ինչը մշտական ճգնաժամերի ու դիմակայության առիթ հանդիսացավ իշխանական տարբեր թևերի միջև: Սահմանադրությունը փոխելու 5 փորձ եղավ: 2000-ին տեղի ունեցավ հանրաքվե միապալատ Ռադան երկպալատանի խորհրդարանի վերածելու, խորհրդարանը լուծարելու նախագահի իրավունքի, անձեռնմխելիությունից պատգամավորներին զրկելու, նրանց թիվը կրճատելու հարցերի վերաբերյալ: Բոլոր հարցերին ժողովուրդն «այո» ասաց, սակայն հանրաքվեի արդյունքներն այդպես էլ ուժի մեջ չմտան:

2003-2004 թթ. երկրի նախագահ Լեոնիդ Կուչման առաջ էր տանում հանրաքվեն, որով ենթադրվում էր թուլացնել նախագահի ինստիտուտն ու ուժեղացնել խորհրդարանի դերը պետության կյանքում: Բարեփոխմանը դեմ էր ընդդիմությունը, որը, ինչպես և հիմա Հայաստանի դեպքում, հայտարարեց, որ բարեփոխման բուն նպատակը իշխանությունը պահպանելն է նախագահական երկրորդ ժամկետից հետո: Իրավիճակը հանգուցալուծվեց «նարնջագույն հեղափոխությամբ», բարեփոխումներն ընդունվեցին նախագահական ընտրությունների «երրորդ փուլն» ընդունելու Կուչմայի համաձայնության դիմաց, որն ավարտվեց ընդդիմադիր Յուշչենկոյի հաղթանակով: Արդյունքում իրար բացառող դրույթներով իրավիճակ ստեղծվեց, երբ նախարարների մի մասին նախագահն էր նշանակում, մի մասին՝ խորհրդարանը, վարչապետն իրավունք ուներ ազատել աշխատանքից նախարարներին, որոնք նշանակված էին նախագահաի կողմից, իսկ նախագահը կարող էր վետո դնել խորհրդարանի որոշման վրա: 2007-ին նախագահ Յուշչենկոյի ու վարչապետ Յանուկովիչի դիմակայության ժամանակ կողմերից յուրաքանչյուրն օգտագործում էր իր համար շահավետ դրույթները, ինչը արդյունքում հանգեցրեց պետական համակարգի փոփոխմանը երկրում:

2010-ին արդեն երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չեղյալ համարեց 2004-ի սահմանադրական բարեփոխումը հօգուտ նախագահական բաղադրիչի հզորացման: Բարեփոխումն անցկացվել էր առանց խորհրդարանի քվեարկության, ՍԴ որոշմամբ ու նախագահի ստորագրությամբ, ինչը հակասում էր գործող հիմնական օրենքի դրույթներին և հարուցեց Վենետիկի հանձնաժողովի դժգոհությունը: Ընդդիմությունը հրաժարվեց ճանաչել որոշումների օրինականությունը: 2014-ի Կիևի Մայդանից, Յանուկովիչի տապալումից ու ընդդիմության իշխանության գալուց հետո 2004-ի բարեփոխման գործողությունը վերականգնվեց: Սակայն հիմա արդեն Ուկրաինայի սահմանադրության բարեփոխումը հօգուտ դաշնայնացման ու ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացման պահանջում էին երկրի արևելքում: Իշխանությունը չցանկացավ լսել ընդդիմադիրներին, իրավիճակն ավարտվեց պատերազմով՝ հազարավոր զոհերով ու հարյուր հազարավոր փախստականներով:

Բելառուսում, ի տարբերություն Ուկրաինայի, անցումներ խորհրդարանական համակարգից նախագահականին և հակառակը չեղան: Հիմնական օրենքի բոլոր փոփոխություններն ուղղված էին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության ամրապնդմանը, կարևորագույններն ամրագրվեցին 1995, 1996 և 2004 թվականների հանրաքվեներով: Առաջին հանրաքվեում (1995 թ.) բելառուսները մասնավորապես քվեարկեցին երկրում իշխանության վակուումի դեպքում խորհրդարանի լուծարման լիազորությունը նախագահին փոխանցելու օգտին: Որոշումը պետք եկավ Լուկաշենկոյին արդեն հաջորդ տարի՝ 1996-ին: Խորհրդարանի ու նախագահի միջև առճակատման պայմաններում անցկացվեց հերթական հանրաքվեն, որտեղ ընտրողները քվեարկեցին սահմանադրության Լուկաշենկոյի նախագծի օգտին, որով էլ ավելի մեծ շրջադարձ կատարվեց խորհրդարանա-նախագահական հանրապետությունից դեպի նախագահական:

«Բատկան» հնարավորություն ստացավ սեփական նախաձեռնությամբ հանրաքվեներ նշանակել, խորհրդարանը լուծարել, արտահերթ ընտրություններ նշանակել, նշանակել նախարարներին, ՍԴ անդամներին, նշանակալի քաշ ունեցող բոլոր պաշտոնյաներին: Ընտրությունների ընթացքն ու փոփոխություններն առաջացրեցին ընդդիմության հակազդեցությունը, որն ուներ խորհրդարանական մեծամասնություն և փորձեց նախագահի իմփիչմենթ հայտարարել: Ի պատասխան Լուկաշենկոն լուծարեց խորհրդարանը, դուրս արեց պատգամավորներին հատուկ ուժերի օգնությամբ և նոր ընտրություններ նշանակեց՝ ստանալով Ազգային ժողով առանց ընդդիմության: Արևմուտքը չճանաչեց ոչ հանրաքվեն, ոչ ընտրությունների արդյունքները՝ հենց այդ շրջանում էր, որ Լուկաշենկոն ստացավ Եվրոպայի վերջին բռնապետի «կոչումը»:

Այնուամենայնիվ, սահմանադրության մեջ մնաց այն դրույթը, որը սահմանափակում է նախագահին երկու 5-ամյա ժամկետով: 2004-ին Բելառուսի նախագահը ևս մեկ հանրաքվե անցկացրեց, որը թույլ տվեց իրեն ընտրվել կրկին առանց որևէ սահմանափակումների: Ավելի ուշ նա ընտրվեց ևս երկու անգամ՝ 2006-ին և 2010-ին և արդեն իսկ հայտարարել է 2015-ի ընտրություններում առաջադրվելու մասին: Արևմուտքը և սակավաթիվ ընդդիմադիրները մշտապես քննադատում են ինչպես Բելառուսի սահմանադրությունն, այնպես էլ Լուկաշենկոյի կառավարման մեթոդները, սակայն նա մնում է անդրդվելի:

Լուկաշենկոյի օրինակին հետևեց նաև հորից իշխանությունը ժառանգած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հիմնական օրենքից հանեցին այն կետը, որն արգելում էր երկու անգամից ավելի նախագահ ընտրվել և թույլ տվեցին նախագահին անորոշ ժամկետով հետաձգել ընտրությունները ռազմական գործողությունների դեպքում: Այլ կերպ ասած՝ թույլ տվեցին Ալիևին հավերժ իշխել: Ընդ որում իշխող կուսակցությունը հայտարարեց, որ երրորդ ժամեկտի համար առաջադրվելու արգելքը հակասում է ժողովրդավարությանն ու ժողովրդի կամարտահայտության ազատությանը: Արևմուտքն ու ընդդիմությունը, ինչպես և սպասվում էր, քննադատեցին այս փոփոխությունները, իսկ պաշտոնական Բաքուն քննադատությունն անտեսեց, ինչը ևս սպասելի էր:

Ամեն ինչ բոլորովին այլ ընթացք ունեցավ հարևան Վրաստանում. 2010 թ, բարեփոխումը, որը չդրվեց հանրաքվեի ու չդրվեց քվեարկության խորհրդարանում, վերադասավորեց դրույթները օրենսդիր մարմնի օգտին: Խորհրդարանին անցավ, օրինակ, կառավարություն ձևավորելու, դեսպաններին, տեղական ընտրություններից հետո մարզպետներին հաստատելու գործառույթները: Նախագահին վերապահվեց խորհրդարանը լուծարելու իրավունքը, սակայն միայն այն դեպքում, եթե երեք անգամ տապալվի վարչապետի նշանակման քվեարկությունը: Ընդդիմությունը հայտարարեց, որ նախագահ Սահակաշվիլին ընդամենը հող է նախապատրաստում «Միասնական ազգային շարժում» կուսակցության իշխանությունը պահպանելու համար նախագահական լիազորություններն ավարտին հասցնելուց հետո: Եթե կար էլ նման մտադրություն, ապա Սահակաշվիլիի գործողությունները չար կատակ խաղացին իր և նրա քաղաքական ուժի հետ՝ 2012-ին միավորված ընդդիմությունը Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում, իսկ նախկին ՄԱՇ-ը ընդամենը մեկ տարում այնքան թուլացավ, որ նրա թեկնածուն 2013-ի նախագահական ընտրություններում գրեթե երկու անգամ քիչ ձայն հավաքեց, քան կուսակցությունը 2012-ին: Սահակաշվիլիի դարաշրջանը Վրաստանում ավարտվեց, նախկին նախագահի հետախուզում հայտարարվեց, նա չի այցելում երկիր, իսկ նրա առանցքային կողմնակիցները դատապարտվել են երկար տարիների ազատազրկման կոռուպցիայի ու սպանությունների համար:

Սահմանադրությունը փոխելու մտադրություն կա նաև Մոլդովայում, որտեղ նախագահին ընտրում է խորհրդարանը, իսկ թեկնածուն պետք է 61 ձայն հավաքի 201-ից: 2009-ին, երբ ընդդիմությունը հաղթեց փոքր առավելությամբ, ազգային ժողովը չկարողացավ նախագահ ընտրել և երկիրը 3 տարի ապրեց առանց նախագահի: Երկրում քննարկվում է սահմանադրության փոփոխությունն ու պետության ղեկավարի ուղիղ ընտրություններին վերադառնալու տարբերակը, սակայն ոչ բարեփոխման ձևը, ոչ ժամկետները մինչ օրս որոշված չեն:

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---