Համացանցի ապագան. Ավելին, քան տեղեկատվության աղբյուրը

Համացանցի ապագան. Ավելին, քան տեղեկատվության աղբյուրը

Շատ շուտով ինտերնետը կդառնա մարդու հիմնական պահանջներից մեկը` ավելի ու ավելի դեպի ներքև առաջանալով պահանջների բուրգում

Աշխարհում մարդկանց հսկայական քանակի համար ինտերնետը դարձել է առօրյա կյանքի անբաժան մասը: Լինելով տեղեկատվության անսպառ աղբյուր, համացանցը վերածվել է բիզնեսի և տնտեսական զարգացման հիմնական հարթակի: Եթե նախկինում երկրի տնտեսական բարեկեցությունն ավելի շատ կախված էր հարևան երկրներից, ապա գլոբալ համացանցի հետագա ընդլայնումը ինչ-որ իմաստով ջնջում է այդ պայմանականություններն ու սահմանները` պահանջարկ ունեցող թվային արտադրանքն իր գնորդին կգտնի մոլորակի ցանկացած անկյունում: Դա հատկապես ակտուալ է Հայաստանի համար, որը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: Ուստի, մի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և նոր բարձրորակ կադրերի առկայությունը մեր երկրում, մյուս կողմից` համացանցի ծածկույթի ընդլայնումը, մեր տնտեսական բարգավաճման հիմնական պայմաններն են:

PanARMENIAN.Net - Ամերիկյան Google կորպորացիան իր բազմամիլիարդանոց շահույթի առյուծի բաժինը ստանում է թվային ծառայություններ առաջարկելով համացանցում: Վերլուծաբանները վստահ են, որ պահանջարկն աճելու է, քանի որ ինտերնետին չմիացած մարդկանց քանակը նվազելու է: Ցանցի հիմնական առանձնահատկությունը 21-րդ դարի երկրորդ տասնամյակում նոր ճյուղի զարգացումն է` այժմ գոյություն ունի մեզ բոլորիս ծանոթ ինտերնետը, որին միացած են մարդիկ, և այսպես կոչված «իրերի ինտերնետը», որի օգնությամբ «շփվում են» ամբողջ աշխարհի միլիարդավոր սարքերը:

Իրերի ինտերնետը (անգլ. Internet of Things, IoT) ֆիզիկական օբյեկտների («իրերի») հաշվիչ ցանցի հայեցակարգն է, որը հագեցած է ներկառուցված տեխնոլոգիաներով միմյանց կամ արտաքին միջավայրի հետ փոխգործակցելու նպատակով, որը դիտարկում է նման ցանցերի կազմակերպումը որպես մի երևույթ, որը կարող է վերափոխել տնտեսական ու հասարակական գործընթացները` բացառելով գործողությունների որոշ մասում մարդու մասնակցության անհրաժեշտությունը: Հայեցակարգը ձևավորվել է 1999 թ. որպես ռադիոհաճախականության նույնականացման միջոցների լայն կիրառման հեռանկարների իմաստավորում` ապահովելու համար ֆիզիկական օբյեկտների փոխգործակցությունը միմյանց և արտաքին աշխարհի հետ: «Իրերի ինտերնետի» հայեցակարգի հագեցումը բազմազան տեխնոլոգիական բովանդակությամբ և պրակտիկ լուծումների ներմուծումը 2010-ականներից սկսած, համարվում է վերընթաց թրենդ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, առաջին հերթին, անլար ցանցերի համատարած զարգացման, ամպային հաշվարկների, սարքերի միջև փոխգործակցության, IPv6-ին ակտիվ անցման և ծրագրային կոնֆիգուրատիվ ցանցերի յուրացման շնորհիվ:

Իրերի ինտերնետի գրաֆիկական պատկերացումը

Այլ կերպ ասած, ինտերնետն ավելին է դառնում, քան զուտ տեղեկատվության աղբյուր: Այն կապ է ապահովում ինչպես մարդկանց, այնպես էլ մարդկանց ու սարքերի, բացառապես սարքերի միջև: Գլխավոր նպատակն է ավելի հարմարավետ դարձնել կյանքը «խելացի սարքերի» միջոցով` նման տեխնիկայով հագեցած տունը կարող է ապահովել բոլոր ֆունկցիաներն ու հարմարավետությունը, որին հասնելու համար նախկինում պահանջվում էին մարդկային ջանքեր: Օրինակ, «խելացի» սառնարանը գիտի, թե ինչ ապրանքներ են անհրաժեշտ ու գնում է դրանք ցանցի միջոցով, իսկ «իրերի ինտերնետի» հետ կապված ավտոմեքենան, գործակցելով մյուս սարքերի` սենսորների, լուսաֆորների, փողոցային տեսախցիկների հետ, ինքնուրույն կարող է կայանման տեղ գտնել ու կայանվել:

Խելացի սարքերի արտադրությամբ զբաղվող Nest ընկերության ղեկավար Թոնի Ֆադելը սյունյակ է գրել Wall Street Journal-ի համար, որտեղ ակնարկել է. շուտով ինտերնետը կդառնա մարդու հիմնական պահանջներից մեկը`ավելի ու ավելի դեպի ներքև առաջանալով Մասլոուի պահանջների բուրգում:

Պահանջների բուրգը մարդու պահանջների հիերարխիկ մոդելի համընդհանուր ընդունված անվանումն է, որը ներկայացնում է իրենից ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուի գաղափարների պարզունակ շարադրումը: Բուրգը բաղկացած է 5 հիմնական կատեգորիայից, որոնց կարևորությունը նվազում է վերևից դեպի ներքև: Ամենաներքևում ամենակարևոր ֆիզիոլոգիական պահանջներն են` սովը, ծարավը, սեռական գրավչությունը և այլն: Երկրորդ կատեգորիան անվտանգության պահանջն է` հարմարավետություն, կյանքի պայմանների կայունություն, երրորդը` սոցիալական` սոցցանցեր, շփում, կապվածություն, հոգատարություն դիմացինի նկատմամբ ու ուշադրություն սեփական անձի հանդեպ, համատեղ գործունեություն: Չորորդ կատեգորիան ներառում է` հեղինակությունը, ինքնահարգանք, հարգանք մյուսների կողմից, ճանաչում, հաջողություն և բարձր գնահատական, ծառայողական աճ: Եվ հինգերորդ, վերին աստիճան` հոգևոր պահանջներ, ճանաչում, ինքնաակտուալացում, ինքնադրսևորում, ինքնանույնականացում:

«Ինտերնետը դառնում է առաջին անհրաժեշտության առարկա նրանց համար, ով արդեն միացած է համացանցին: Մասլոուի «Պահանջների հիերարխիայի» բուրգում ինտերնետը գնալով ավելի ու ավելի է սերտանում առօրյա կյանքին ամենաստորին մասում, կերակուրից, ջրից ու ապաստանից անմիջապես հետո»,-գրում է Ֆադելը` նշելով, որ գլոբալ համացանցը գնալով ավելի մեծ տարածում է ստանում: Google-ը օդապարիկներ է մշակում, որոնք ինտերնետը կհասցնեն մոլորակի հեռավոր անկյունները, իսկ անցյալ տարի NASA-ն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայտարարեցին, որ լազերներ են ստեղծել, որոնք կարող են ճառագայթի միջոցով բարձր արագության միացություններ փոխանցել Լուսին:

Դրան զուգահեռ զարգանում է նաև «իրերի համացանցը», Gartner հետազոտական ընկերության գնահատականներով այս տարի միացած սարքերի քանակը հասել է 4,9 միլիարդի, իսկ 2020-ին դրանց թիվը կհասնի 25 միլիարդի: Պրոցեսորների նվազեցման, ցանցերի ընդլայնման, էներգիայի աղբյուրների ավելացման հետ շատ կարճ ժամանակում ամեն ինչ մեր շուրջը` ականջակալներից մինչև աթոռը, համակարգիչ կդառնա:

Թոնի Ֆադել

«2013-ին մարդիկ մոտ 4 զետաբայթ (1 զետաբայթը=1 տրլն գիգաբայթի) տվյալներ են ստեղծել: Ինչպես օրինակ, եթե պատկերացնենք, որ յուրաքանչյուր մարդ ԱՄՆ-ում ամեն վայրկյան լուսանկարներ աներ չորս ամիս շարունակ: Եվ այդ թիվը կրկնպատկվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ: Ի վերջո ապագայի համացանցը աշխատելու է ոչ թե երբ մենք խնդրենք, այլ մինչ այդ: Այսօր տեխնոլոգիաների մեծ մասը ռեակտիվ է. մենք հարց ենք տալիս ու պատասխան ստանում: Դա պրակտիկ է, սակայն սահմանափակումներ ունի: Ի՞նչ անել, եթե սխալ ենք հարցրել»:

Պատասխան` ապագայում նման փոխգործակցությունը մեծամասամբ ակտիվ կլինի: Ֆադելը պատմել է, թե ինչպես է ջրային դահուկներ քշել Կանադայում: Եթե նայելու լինենք ապագային ինտերնետի տեսակետից, ապա սմարթֆոնը կկարողանա միավորել առկա տեղեկատվությունը` GPS-տվյալները (լիճ, արագ տեղաշարժ), նրա բուժզննության պատմությունը (չորս վիրահատություն), ջերմաստիճանը (սառը), նրա ֆիթնես-թրեկերի տվյալները` կանխատեսելու համար դահուկներ քշելու նրա մտադրությունը և հաշվարկելու վնասվածք ստանալու շանսերն ու խորհրդատվություն հաղորդելով մինչ նա ջուրը կմտնի:

«Եթե ես ավելի համառ գտնվեմ, համակարգիչը, որը վերահսկում է նավակի դրոսելը, կարող է այնպես անել, որ շարժիչը շատ կտրուկ չքաշի, իսկ տվյալներ գրանցող ցուցիչները ճոպանի վրա կարող են նվազեցնել հզորությունը, եթե լարվածություն զգան: Դահուկներ քշելու որոշումը նախկինի պես իմը կլինի, բայց կստանամ բոլոր փաստերն ու օգնությունը, հասկանալու ու նվազագույնի հասցնելու համար բոլոր հնարավոր ռիսկերը մինչ լուրջ վնասվածքներ ստանալը»,-ասել է Nest ընկերության ղեկավարը:

Այսօր Հայաստանի 14 տարեկանից բարձր բնակչության կեսից ավելին միացած է ինտերնետին: Եվ վիճակահանությունը դեպի ավելացում է գնում: Ճոխություն լինելով այսօր, վաղը «խելացի» տները առօրյա կդառնան, ինչպես այսօր սովորական է դարձել շփումը ինտերնետի միջոցով: Դա հսկայական մի դաշտ է գաղափարների իրականացման համար, և մեր երկիրը, որը գերակա ուղղություն է հայտարարել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, իրեն դրսևորելու տեղ ունի:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---