NASA-ի հնարավոր ծրագրերը Լուսնի վրա. Վայրէջք և կայանի կառուցում 12 տարի անց

NASA-ի հնարավոր ծրագրերը Լուսնի վրա. Վայրէջք և կայանի կառուցում 12 տարի անց

ԱՄՆ աէրոտիեզերական գործակալությանն է ներկայացվել Լուսնի հետազոտման հերթական, շատ ավելի հավակնոտ ծրագիրը

Վերջին մարդատար թռիչքը դեպի Լուսին տեղի է ունեցել 1972 թ. դեկտեմբերին: «Ապոլոն-17»-ի աստղագնացներ կապիտան Ջին Սերնանը և դոկտոր Հարիսոն Շմիդտը այս պահի դրությամբ վերջին մարդիկ են, որոնք վայրէջք են կատարել Երկիր մոլորակի բնական արբանյակում: Շատ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ռուսաստանը, դիտարկում են Լուսնի վրա բնակելի կայանի ստեղծման հնարավորությունը գիտական հետազոտությունների և այլ նպատակների համար: Այս հավակնոտ ծրագիրը դեռ թղթի վրա է միայն: Սակայն Լուսնի հետազոտման հերթական, նախորդներից շատ ավելի հավակնոտ ծրագիր ներկայացվեց «Ապոլոն-17» գիտարշավի մասնակիցների Լուսնի վրա վայրէջք կատարելու 46-ամյակին նվիրված հանդիպման ժամանակ: Առանցքային գործոններն են` առաքելության իրագործման համար պահանջվող ծախսերի հնարավոր նվազումը և լայնածավալ միջազգային համագործակցությունը:

PanARMENIAN.Net - Նոր ծրագիրը NASA-ի աջակցությամբ NexGen Space LLC ընկերության փորձագետների անցկացրած հետազոտության արդյունքն է: Ըստ նրանց գնահատականի, վերադարձը Լուսին կարող է շատ ավելի հեշտ ու էժան լինել, քան համարվում էր մինչ օրս: Ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել առաջիկա 5-7 տարում, որից հետո մոտ 10-12 տարի կպահանջվի լիարժեք բնակելի կայան կառուցելու համար: Եվ այս ամենն առանց արդեն գործող տիեզերական ծրագրերի ֆինանսավորման շեշտակի ավելացման:

Գաղութ Լուսնի վրա, 1984 թ. հայեցակարգ, NASA

Օդագնացության և տիեզերական տարածքի հետազոտման ազգային վարչությունը (National Aeronautics and Space Administration` NASA) ԱՄՆ դաշնային կառավարությանը պատկանող գերատեսչություն է, որը ենթարկվում է անմիջապես ԱՄՆ փոխնախագահին: Այն պատասխանատու է քաղաքացիական տիեզերական ծրագրի, ինչպես նաև օդային և տիեզերական տարածքի հետազոտությունների համար: NASA-ի և ստորաբաժանումների ստացած պատկերներն ու տեսանյութերը, այդ թվում աստղադիտակների ու ինտերֆերաչափերի միջոցով, հրապարակվում են որպես հանրային սեփականություն և կարող են ազատ պատճենահանվել:

Նոր ծրագիրը հիմնված է մի մոտեցման վրա, որն արդեն փորձարկվել է ուղեծրային Միջազգային տիեզերական կայանի կառուցման և շահագործման ժամանակ: Այն ներառում է լայնածավալ միջպետական գործակցություն խոշորագույն մասնավոր ընկերությունների ռեսուրսների ներգրավմամբ, ինչպիսիք են, օրինակ, SpaceX, Orbital ATK և United Launch Alliance-ը: Ըստ NexGen-ի նախագահ Չարլզ Միլլերի, դա թույլ կտա զգալիորեն կրճատել Լուսին մուտք գործելու ծախսերը` NASA-ն ստիպված չի լինի դուրս գալ այժմյան բյուջեի սահմաններից, որը տարեկան մոտ 4 մլրդ դոլար է կազմում:

«Ապոլոն» ծրագրի և Saturn V հրթիռների ժամանակաշրջանում 1 կգ բեռի փոխադրման համար պահանջվում էր 46 հազար դոլար, իսկ «Շաթլ» ծրագրի շրջանակում ավելի շատ` մոտ 60 հազար դոլար: Այսօր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը 1 կգ համար գանձում է 4750 դոլար, ինչն իրոք շատ ավելի էժան է: SpaceX-ի Falcon Heavy հեռանկարային ծանր կրիչի ծառայությունները, որի մշակումն ընթանում է ամբողջ թափով, պետք է ավելի էժան լինեն, քան այսօրվա Falcon-9-ը: Բացի այդ, «Զարգացող լուսնային ճարտարապետություն» (Evolvable Lunar Architecture) ծրագիրը ենթադրում է Լուսնի տեղական ռեսուրսների ակտիվ օգտագործում, այդ թվում մերձբևեռային սառցադաշտերից ածխաջրածնի արդյունահանում այն հետագայում հրթիռային վառելիքի վերամշակելու հեռանկարով:

РН Falcon Heavy

Falcon Heavy կրող հրթիռի մշակման մասին SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարեց 2011-ի ապրիլի 5-ին Վաշինգտոնի Ազգային մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում: Նախատեսվում է, որ կրիչը կկարողանա մինչև 53 տոննա բեռ հասցնել ստորին հենակետային ուղեծիր, մինչև 21,2 տոննա` գեոանցումային ուղեծիր և 13,2 տոննա` մինչև Մարս: Առաջին գործարկումը նախատեսվում է 2016-ի գարնանը: Falcon Heavy-ի գործարկման հայտարարված արժեքը մի քանի անգամ փոխվել է: 2011-ին այն կազմում էր 80-125 մլն դոլար, 2012-ին` հայտարարվեց 83 մլն դոլարի մասին մինչև 6,4 տոննա օգտակար բեռնվածության դեպքում գեոանցումային ուղեծրում (ԳԱՈւ), 7 128 մլն դոլար 6,4 տոննայից ավելի բեռի դեպքում ԳԱՈւ-ում, իսկ 2013-ին նշվեց համապատասխանաբար 77,1 և 135 մլն դոլար: 2014-ից ընկերության կայքում նշվեց միայն գործարկման արժեքը մինչև 6,4 տոննա օգտակար բեռնվածության դեպքում գեոանցումային ուղեծրում` 85 մլն, որը 2015-ին հասավ 90 մլն դոլարի:

Ծրագիրը մոտ 10 մլրդ դոլարի ներդրում է ենթադրում NASA-ի կողմից 5-7 տարվա ընթացքում, գումարը նախատեսվում է հավասար կիսել 2 մրցակից մասնավոր մշակող խմբերի միջև: Նրանցից յուրաքանչյուրը կկարողանա աշխատել սեփական մարդատար տիեզերանավի, վայրէջքի սեփական մոդուլի ստեղծման վրա և այլն: «Մեկ խումբը բավարար չի լինի,-ասել է Միլլերը,- միշտ կարող է ինչ-որ բան չստացվել: Ավելին պետք է լինի»:

Լուսնային կայանը ժամանակակից պատկերացմամբ, NASA

Միջոցները կարելի է փոխառել NASA-ի Space Launch System (SLS) ծանր հրթիռների ստեղծման ծրագրից, որը դեռ առաջ չի գնում: SLS-ը գերծանր կրիչ հրթիռ է մերձմոլորակային ուղեծրից դուրս մարդատար գիտարշավների և այլ բեռների դուրս բերման համար, որը NASA-ն մշակում է «Арес-5» կրիչ հրթիռի փոխարեն, որը չեղյալ համարվեց «Համաստեղություն» ծրագրի հետ միասին: SLS-1/EM-1 կրիչ հրթիռի առաջին փորձնական թռիչքը նախանշված է 2018-ի ավարտին, թեև նախկինում ենթադրվում էր, որ գործարկումը իրականացվելու է 2017-ին:

РН SLS

NexGen-ն արդեն ներկայացրել է Լուսնի ապագա յուրացման իր կարծիքով առավել արդյունավետ «ճանապարհային քարտեզը»: Եթե գործակալությունն ընդունի ընկերության փորձագետների առաջարկներն, առաջին ռոբոտացված սարքերը կարող են վայրէջք կատարել արբանյակի մակերեսին արդեն 2 տարուց, 3 տարի անց կսկսվի ածխաջրածինների արդյունահանումը, իսկ 6 տարուց` 2021-ին, կայանի կառուցումը, որից հետո ենթակառուցվածքն արդեն կկարողանա ընդունել առաջին վերաբնակներին:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---