«Գազային խաղը» Հարավային Կովկասում

«Գազային խաղը» Հարավային Կովկասում

Ինչպես Կալաձեն գոլ խփեց Բաքվին և կանխեց «Գազպրոմի» հաջողությունը

«Միլանի» և Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին պաշտպան, Վրաստանի էներգետիկայի գործող նախարար Կախա Կալաձեն, հավանաբար, հաջող կարող է համարել իր վերջին «հանդիպումը» քաղաքական ասպարեզում տարածաշրջանի գազային դերակատարների հետ խաղում: Նախ, ապարդյուն ավարտվեցին «Գազպրոմի» նախաձեռնած բանակցությունները Հայաստան առաքվող գազի տարանցման համար արժույթով վճարելու շուրջ: Ռուսական ընկերությանն այդպես էլ չհաջողվեց վերանայել պայմանագրի դրույթները, որպեսզի վրացական կողմը ռուսական գազի տարանցման համար հատուցում ստանա արժույթով, ոչ թե առաքվող գազի 10 տոկոսի տեսքով, ինչպես ըստ գործող պայմանագրի է: Երկրորդը` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, հանկարծ փոխեց մտադրությունն ու որոշեց լրացուցիչ 500 մլն խմ գազ առաքել Վրաստան, չնայած, որ դեռ վերջերս հրաժարվում էր դա անել:

PanARMENIAN.Net - Վրաստանում գազի հավելյալ ծավալների կարիք առաջացավ, երբ մի քանի տարի առաջ սկսվեց բնակավայրերի գազաֆիկացումը: Ուստի, գազի պահանջարկը Վրաստանում տարեկան աճում է 10-15 տոկոսով: 2012-ից սկսած սպառվող գազի ծավալը երկրում աճել է 40% և կազմում է մոտ 2 մլրդ խմ: Մյուս կողմից, գազի որոշակի պակաս է զգում նաև Ադրբեջանը: Սակայն այդ խնդիրները Բաքուն լուծել և լուծում է նույն «Գազպրոմի» հաշվին:

Եվ ահա այս ֆոնին 2015-ին բազմակողմ բանակցություններ սկսվեցին Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և նույնիսկ Հայաստանի մասնակցությամբ: Միանգամից վերապահում անենք, որ բոլոր այդ բանակցությունների բովանդակությունը հույժ գաղտնի է պահվում և կարելի է միայն ենթադրել, թե ինչի մասին է խոսք գնացել: Հանրությանն ասվեց հետևյալը: Մի կողմից, «Գազպրոմը» փորձել է փոխել Վրաստանի տարածքով Հայաստան առաքվող ռուսական գազի տարանցման սխեման` «բնամթերքը» գազի 10 տոկոսի տեսքով փոխարինելով դրամական միջոցներով: Հաշվի առնելով, որ Հայաստանը գազը ստանում է զեղչով` 165 դոլար 1000 խմ գազի համար, սխեմայի փոփոխությունը կարող էր անշահավետ լինել վրացական կողմի համար, քանի որ այդ նույն գնով նա չէր կարողանա գնել ՀՀ առաքվող գազի 10 տոկոսը` 300 մլն խմ: Եվ երկրորդը` պակասուրդի պայմաններում երկրին հենց գազն էր հարկավոր, ոչ թե դրամական միջոցները:

Ռուսական կողմը փորձեց իր փաստարկներն ամրագրել նրանով, որ եթե վրացիները չհամաձայնվեն իրենց պայմաններին, ապա «Գազպրոմը» կարող է հրաժարվել տարանցման ծառայություններից և կարող է Հայաստանի գազի մատակարարումն ապահովել Իրանի տարածքով: Ինչպես ավելի ուշ պարզվեց, դա բլեֆ էր:

Ի դեպ Իրանի «առաքելությունն» այսքանով չավարտվեց. Կալաձեն, իր հերթին, սկսեց առաջ տանել պակասուրդի հաղթահարման գաղափարը նույն իրանական գազի առաքումների հաշվին` Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով տարանցման միջոցով: Վրաստանի էներգետիկայի նախարարը նույնիսկ Երևան ժամանեց, որտեղ նույնպես հրապարակեց այդ մտքերը: Եվ թեև մասնագետները հասկանում էին, որ նրա ասածներից շատ բան այսօրվա դրությամբ տեխնիկապես անհնար է իրագործել կամ գրեթե անհնար է, «գազի շուրջ խաղերը» շարունակվեցին:

Հետաքրքրական է, որ այդ գաղափարներից շատերը հրապարակվում էին ոչ թե հաջորդաբար, այլ գործնականում միաժամանակ և կախված էին ընթացիկ կոնյուկտուրայից: Եվ այդպես, հերթական խաղաքարտը դարձան Վրաստանի բանակցությունները Ռուսաստանի հետ արդեն «Գազպրոմի» միջոցով գազի ուղիղ առաքումների վերաբերյալ: Այստեղ, անշուշտ, իր կարծիքը չվարանեց հայտնել նաև վրացական ընդդիմությունը: Հաշվի առնելով վրացիների բարդ հարաբերությունները Ռուսաստանի հետ, «օկուպանտներից գազ գնելու դեմ» բողոքներն արձագանք ստացան բնակչության մի մասի մոտ, որը մասնակցեց բողոքի ակցիաներին:

Բոլոր այդ բանակցությունների, հայտարարությունների և ինսինուացիաների արդյունքում տեղի տվեցին Ադրբեջանի նյարդերը: Ինչպես հայտնում է Ռոսբալտը, «Ադրբեջանն, որն, ըստ Վրաստանի պաշտոնական աղբյուրների, մերժել էր Թբիլիսիին գազի լրացուցիչ ծավալներ մատակարարելու հարցում, շատ վիրավորվեց, երբ վրացական կողմը առաքումների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ բանակցություններ սկսեց Իրանի և ռուսական «Գազպրոմի» հետ: Բաքվում պաշտոնապես հայտարարեցին, որ Ադրբեջանը կարող է բավարարել Վրաստանի և նույնիսկ ամբողջ Եվրոպայի գազի պահանջարկն առաջիկա հարյուր տարում` փաստացի դավաճանության մեջ մեղադրելով Թբիլիսիին»: Դավաճանությունը դավաճանություն, բայց փետրվարի վերջում Կախա Կալաձեն հանդիպում ունեցավ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլլաևի հետ և սկզբունքային պայմանավորվածությունների հասավ գազի հավելյալ առաքումների մասին:

Կարելի է ենթադրել, որ «գազային խաղերը» հարկավոր էին վրացական կողմին Ադրբեջանից շահավետ պայմաններով գազի լրացուցիչ ծավալների առաքման հասնելու և «Գազպրոմի» հետ տարանցման վերաբերյալ պայմանագիրն անփոփոխ թողնելու համար: Եթե դա այդպես է, ապա Կալաձեն հասավ նպատակին: Անուղղակիորեն դա են վկայում Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի խոսքերը, որը կոչ արեց դադարեցնել երկրի էներգետիկ անվտանգության ապահովման շուրջ շահարկումները: Նա շնորհակալություն հայտնեց անձամբ Կալաձեին, որն ըստ Ուսուպաշվիլիի, երկրի համար լավագույն արդյունքով ավարտին հասցրեց «Գազպրոմի» հետ բանակցությունները, ինչպես էներգետիկ, այնպես էլ քաղաքական տեսակետից:

Սակայն, չի կարելի ասել, թե գազային խաղն ավարտված է մեկընդմիշտ: Արագ փոփոխվող կոնյուկտուրայի պատճառով իր վերջին խոսքը դեռ չի ասել «Գազպրոմը»: Ադրբեջանի գազային հույսը «Շախ Դենիզ» գազի հանքավայրն է, որի շահագործման երկրորդ փուլը նախանշված է 2016-17-ին, իսկ արդյունահանման ակնկալվող ծավալը 16 մլրդ խմ է: Սակայն, այդ գազին հավակնողները շատ են, և ավելին` նախորդ աշնանը Բաքուն արդեն պայմանավորվել էր «Գազպրոմի» հետ ՌԴ-ից գազի առաքումների վերաբերյալ` սեփական պակասուրդը ծածկելու համար: Իսկ քանի որ Ադրբեջանը ռուսական ընկերությունից կարող է գազ գնել ավելի էժան գնով, քան Վրաստանը, ապա համապատասխանաբար, Բաքուն կարող է զբաղվել է «երկնագույն վառելիքի» վերաարտահանմամբ: Սակայն «Գազպրոմը» միշտ կարող է արձագանքել այդ իրավիճակին` կրճատելով առաքումների ծավալը: Ռուսական ընկերությունը մի անգամ արդեն դիմել է այդ քայլին` 2013-ին, երբ իմացավ, որ Սլովակիան վերաարտահանում է գազն Ուկրաինա: Սակայն, ի վերջո, ի՞նչն է խանգարում «Գազպրոմին» վերադառնալ գազի սվոպային առաքմանը Հայաստան Իրանի տարածքով:

Ընթերցեք նաև` ԶԼՄ-ներ. «Գազպրոմը», հավանաբար, ստիպված կլինի երկարաձգել զեղչը ՀՀ համար և $50 մլն կկորցնի

Կարեն Արզումանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---