Միմիկան և ժեստերը

Միմիկան և ժեստերը

Շփում առանց բառերի

Բառերն արտահայտում են շփվելիս իրար փոխանցվող տեղեկատվության միայն 30 տոկոսը: Մնացածը` ոչ վերբալ ազդանշաններն են` մարմնի դիրքից մինչև ժեստեր և աչքերի արտահայտություն: Ոչ վերբալ շփումը կատարվում է առանց բառերի միջոցով շփվելու: Այն կարող է ուղեկցվել և լրացնել վերբալ շփումը, իսկ կարող է լինել որպես զրուցակցին տեղեկատվության փոխանցման առանձին ձև:

PanARMENIAN.Net - Մարդու միմիկան և ժեստերն բացահայտում են նրա իրական տրամադրությունն ու ամենախորքային, նույնիսկ ինքն իրենից թաքցվող մտքերը:

Ներքուստ մարդը հասկանում է ոչ վերբալ ուղերձները, սակայն, հասկանալու համար մարդկային արձագանքի նրբություններն անհրաժեշտ է մարդու հոգեբանության ավելի խորը իմացություն և փորձ: Հոգեբանական վիճակի «ընթերցումը» կոչվում է կալիբրովկա: Եվ այսպես, սկսենք.

Գլխի դիրքը

Բարձր պահած գլուխը վկայում է, որ մարդը վստահ է իր ուժերին, պատրաստ է շփվել ու բաց է շրջակա միջավայրի համար: Ընդգծված բարձր պահած գլուխը վկայում է մեծամտության և ինքնահավանության մասին:

Դեպի հետ գցած գլուխը մարտահրավեր է շրջապատի մարդկանց, ակտիվ գործողությունների պատրաստակամություն: Կողքի թեքած գլուխը փոխզիջման գնալու պատրաստակամության մասին է վկայում, առաջնորդի դիրքից հրաժարվելու, ենթարկվելու համաձայնություն է:

Կախ գլուխը թուլության, կամազրկության նշան է:

Դեմքի և աչքերի միմիկան

Լայն բացված աչքերը համապատասխանում են կենսախինդ բնավորությանը, լավ ընկալունակությանը: Կիսաբաց աչքերը վկայում են կամ գերհոգնածության մասին, կամ իներտության, անտարբերության, պասիվության նշան են:

Կկոցած հայացքը կամ սևեռուն ուշադրության, կամ խորամանկության, խարդավանքի, չար մտադրությունների նշան է: Զրուցակցին ուղղված ուղիղ հայացքը ցույց է տալիս մարդու հետաքրքրվածությունը, վստահությունը, բաց լինելը, համագործակցելու պատրաստակամությունը:

Հայացքը կողքից, աչքի «պոչով» վկայում է հոռետեսական տրամադրության, անվստահության, կասկածների մասին: Կախ գլխով ներքևից հառած հայացքը որոշակի ագրեսիայի վկայություն է, որը կարող է գործի դրվել:

Հայացքը ներքևից կորացած մեջքի դեպքում հնազանդության, ծառայություն մատուցելու պատրաստակամության նշան է: Վերևից ներքև ուղղված հայացքը ժեստերի հոգեբանության մեջ միշտ գերազանցության և մեծամտության վկայություն է, որը զրուցակցի հանդեպ քամահրանքի դրսևորում է:

Եթե զրուցակցի միմիկայի մեջ դուք տեսնում եք խուսափող հայացք, ապա, հավանաբար, դա անվստահության, ամաչկոտության կամ մեղքի զգացողության արտահայտություն է, կարող է նաև շփումից խուսափելու մասին վկայել:

Դեպի ներքև ուղղված բերանի անկյունները միմիկայում կյանքի հանդեպ բացասական վերաբերմունքի, հոռետեսության նշան են:

Դեպի վեր ուղղված բերանի անկյունները դրական, կենսախինդ ու ուրախ բնավորության խորհրդանիշ են:

Ժեստերի լեզու. ձեռքեր

Ժեստերի հոգեբանության մեջ մեծ տեղ է տրվում ձեռքերին: Դա կապված է նրա հետ, որ ձեռքերի շարժումներով մարդը բազում զգացմունքներ ու էմոցիաներ է փոխանցում, որոնք չի կարողանում փոխանցել բառերի միջոցով:

Դեպի վեր բացված ձեռքի ափը բացատրելու, համոզելու խորհուրդ ունի:

Մարմնի երկայնքով կախ ձեռքերը վկայում են պասիվության, կամքի բացակայության մասին

Մեջքի հետևում դրված ձեռքերը գործողությունների անպատրաստ լինելու, վախկոտության, ամաչկոտության, կասկածների մասին են վկայում:

Ձեռքերը գրպանում պահելը ինչ-որ բան թաքցնելու փորձ է, անվստահության դրսևորում:

Բռունցքված ձեռքը վկայում է ուշադրության կենտրոնացման, ինքնահաստատման մասին:

Ձեռքերը շփելը դրական զգացմունքների և բավարարվածության նշան է:

Ձեռքերով աչքերը կամ դեմքը փակելու ցանկությունը ինչ-որ բան թաքցնելու, խոսակցությունից խուսափելու փորձ է:

Ժեստերի լեզու. ուսեր

Վեր քաշած ուսերն ու կորացած մեջքը ժեստերի լեզվով նշանակում են վճռականության պակաս, անօգնական վիճակ, նյարդայնացում: Գոյություն ունեն նաև այլ օրինակներ, որոնք դասվում են անվստահության ժեստերին, որոնք մարդն ակամայից ցույց է տալիս, եթե կասկածում է որոշման ընդունման, ընտրություն կատարելու դեպքում, եթե նրան ինչ-որ բան մտահոգում է կամ տագնապի առիթ տալիս:

Դեպի առաջ թեքված ուսերը թուլության և ճնշվածության նշան են, անլիարժեքության բարդույթի վկայություն:

Ուսերի ազատ շարժումները ներքին վստահության, ներքին ազատության մասին են խոսում:

Դեպի հետ ուղղված ուսերը ժեստերի և միմիկայի հոգեբանության մեջ մեկնաբանվում են որպես գործելու ձգտում:

Դուրս ցցված կրծքավանդակը գերազանցված ինքնագնահատականի, կենսական ակտիվության վկայություն է:

Ներս ընկած կրծքավանդակը ինքնամփոփ մարդու և ճնշվածության նշան է:

Քայլվածքը

Ըստ հոգեբանների տվյալների, մարդու բնավորությունն ու նրա անձնային որակները արտահայտվում են մարդու կեցվածքի, քայլվածքի և նրա նախընտրած դիրքում: Դիտարկենք այդ պահերն ավելի մանրամասն: Թևերը թափահարելով արագ քայլվածքը համապատասխանում է այնպիսի որակներին, ինչպիսիք են նպատակասլացությունը, վստահությունը, ակտիվությունը:

Քայլվածքը, երբ ձեռքերը գրպաններում են, իսկ «ոտքերը քարշ են գալիս», վկայում է ինքնամփոփ բնավորության և ճնշված հոգեվիճակի մասին:

Մեծ քայլերը պարզ նպատակի, ձեռներեցության, էներգիայով լեցուն լինելու վկայություն են:

Փոքր քայլերը զսպվածության, զգուշավորության, հաշվենկատության վկայություն են:

Ազդրերի արտահայտված շարժումներով ռիթմիկ քայլվածքն ինքնավստահ և ինքնահավան մարդուն է հատուկ:

Ոտքերը քարշ տալով քայլող մարդու մոտ հոգեբանները նշում են թուլություն, ծուլության, դանդաղկոտություն:

«Գործնական» քայլվածքը ինքնաբավ և դրական մարդու հակտանիշ է:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---