Մեղուների լեզուն

Մեղուների լեզուն

Սիմվոլների միջոցով տեղեկատվություն կարող է փոխանցել ոչ միայն մարդը

Լեզուն, որպես տեղեկատվության փոխանցման միջոց, կյանքի և գոյատևման անհրաժեշտ պայմանն է: Կենդանի բնության մեջ տեղեկատվության մշտական փոխանակում է տեղի ունենում` բույսերից մինչև կենդանիներ:

PanARMENIAN.Net - Բնության լեզվի բազմազանությունն անսահման է. այն կարող է լինել քիմիական, էլեկտրամագնիսային, ձայնային, լուսային, մարմնի շարժումների և այլն:

Վերջին տասնամյակներում գիտնականները կարողացել են վերծանել բավականին լեզուներ, հասկանալու համար բնության մեջ հաղորդակցության բազմազանության էվոլյուցիոն ամբողջ բարդությունը:

Այդպես, նախորդ դարի 20-ականներին գերմանացի կենդանաբան Կառլ Ֆրիշը բացահայտել է մեղուների լեզուն: Այն փաստը, որ մեղուները կարող են տեղեկատվություն փոխանցել զանգվածային ծաղկման վայրի մասին և հետախույզ մեղուների կրկնվող շարժումների առկայությունն արձանագրվել են դեռ 1788-ին, սակայն Ֆրիշն առաջինն էր, որ ուսումնասիրեց այդ երևույթը որպես լեզու: Դա ձայների, ժեստերի, հոտերի լեզու է:

Պարզվում է, որ մեղուների շփումը տեղի է ունենում հատուկ ժեստերի ու շարժումների միջոցով, որոնք կարելի է պարի նմանեցնել: Այդպիսի յուրօրինակ պարով, օրինակ, հետախույզ մեղուն կարող է իր ցեղակիցներին հայտնել նեկտարով հարուստ ծաղիկներով լի մոտակա բացատի մասին, այդ թվում ուղղության և տարածության:

Հետախույզ մեղուն, հայտնաբերելով բերքատու դաշտը, հրում է իր ըներների բջիջները, հայտնում է նրանց իր բացահայտման մասին և սկսում է պարել` այս կամ այն կողմ շրջելով որովայնի վերջնամասը: Որքան մոտ է այդ վայրը փեթակից, այնքան ակտիվ են նրա շարժումները: Պարելով` նա մի քանի քայլ է անում որոշակի ուղղությամբ դեպի առաջ, հետո կտրուկ կողքի է թեքվում, հետո նորից է կրկնում պարը` և այդպես մինչև 20 անգամ:

Մութ փեթակում նրա ցեղակիցները չէին տեսնի հետախույզի պարը, սակայն նրանք դիպչում են պարողին բեղիկներով և կրկնում են այն, իսկ մի քանի կրկնությունից հետո թռչում են դեպի նշված վայրը: Տարածությունը նրանք որոշում են պարի ռիթմով, ֆիգուրների կատարման ժամանակով` ընդ որում, ժամանակը չափվում է ֆենոմենալ ճշգրտությամբ` մինչև 0,01 վայրկյան: Պարելաձևի սկիզբն ու վերջը պարող մեղուն գրանցում է թևիկների տզզոցով:

Հետախույզ մեղուն մեծ ճշգրտությամբ է ցույց տալիս բերքադաշտի դիրքն ու կողմնորոշվում է արևով: Եթե հողամասը գտնվում է արևի ուղղությամբ, ապա, պարելով, մեղուն շարժվում է վերևից ներքև, եթե արևից հակառակ ուղղությամբ` ներքևից վերև: Այլ ուղղությունների դեպքում մեղուն ցույց է տալիս անկյունն արևի դիրքի և սննդի աղբյուրի միջև: Անկյան մեծությունը, որը որոշվում է աչքի ֆասետներով, զարմանալիորեն փոխանցվում է ծանրության ուժի վրա, որը մեղուները լավ են տարբերում: Հորիզոնական բջիջներում դրա կարիքը չկա: Մեղուն ուղղակի նշում է սննդի աղբյուրի ուղղությունը: Եթե շրջենք բջիջները, չփոխելով հորիզոնական հարթությունը, ապա մեղուն, որպես կողմնացույցի մագնիսային սլաք, շրջվում է դեպի հայտնաբերած սնունդը: Եթե տարածությունը մինչև սննդի աղբյուրը չի գերազանցում 100 մ, ապա հետախույզը նշում է միայն ուղղությունը: Թե ինչ բույսեր այնտեղ կան, մեղուներն իմանում են այն բույրերից, որոնք բերում են մարմնի վրա: Եթե թռիչքը 100 մ ավելի է, ազդանշանով նշվում է ոչ միայն տարածությունն ու ուղղությունը, այլ նաև հանդիպակաց, կողային կամ հընթաց քամու ուժգնությունը: Մեղուները հաշվի են առնում այս գործոնը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք խանգարում կամ նպաստում են թռիչքին` մեղուների ազդանշաններում ուղղումներ են արվում.

տարածությունը փոքրանում է կամ մեծանում, կախված այն հանգամանքից, թե ինչ արգելքներ հարկ կլինի հաղթահարել ճանապարհին: Կենսաբանական տեսակետից դա միանգամայն հասկանալի է. մեղուների համար կարևոր է իմանալ, թե որքան ժամանակ ու ուժ կպահանջվի նպատակին հասնելու համար: Իսկ մեղուների կենսաբանական ժամացույցը հրաշալի է աշխատում:

Հետաքրքրական է, որ մեղուները ոչ միայն հստակ պահպանում են կուրսը, այլ նաև կողմնորոշվում են արևի դիրքով, եթե նույնիսկ այն ամպերի ետևում է: Այդ խորհրդավոր երևույթը բացատրվում է նրանով, որ մեղուներն առաջնորդվում են ուլտրամանուշակագույն և բնականորեն բևեռացված լույսով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթները, ինչպես ապացուցել է Կարլ Ֆրիշը 1959-ին, թափանցում են նույնիսկ խիտ ամպերի միջով և բևեռացված լույսը, որի ալիքները տատանվում են նույն հարթության վրա, անցնում են ամպերի միջև եղած նվազագույն անցքերով: Մեղվի աչքը, որը բաղկացած է 5 հազար ֆասետներից, վերլուծող օրգանի դեր ունի: Ունենալով այդպիսի հրաշալի օպտիկական սարք, մեղուն որոշում է արևի դիրքը հորիզոնում պարզ երկնքի ցանկացած հատվածով: Մարդը կարող է դա անել միայն սարքերի օգնությամբ:

Արևից բացի, մեղուների համար կողմնորոշիչ են նաև տեղանքի ռելյեֆը, հոտերը, տարբեր առարկաներն ու դրանց գույները: Մեղուն կարող է սխալվել և մտնել կողքի փեթակը, եթե այն այլ գույնով ներկել:

Պարերի ազդանշանային լեզուն անհրաժեշտ է մեղուների համար պարսման ժամանակ: Կացարանը լքելուց առաջ, հարկավոր է նոր, հարմարավետ կացարան գտնել և հետո նոր տեղափոխվել: Նոր տունը պետք է բավարար տարածք ունենա, այնտեղ պետք է ջուր մտնի և քամի խաղա, հարկավոր է, որ բուրի և մրջյուններ չլինեն: Նման կացարան գտնելու համար մեղուները թռչում են տարբեր ուղղություններով: Նրանք մանրակրկիտ ձևով ուսումնասիրում են փչակները, պատերի անցքերը: Յուրաքանչյուր հետախույզ մեղու զեկուցում է իր հետազոտության արդյունքների մասին: Քանի որ հարցը շատ կարևոր է, պարերը կարող են ոչ թե 1-2 րոպե տևել, ինչպես նեկտար հավաքելիս, այլ ժամեր` երբեմն մինչև 20 ժամ:

Ժամեր տևող այդ երևույթի ընթացքում արևն անցնում է երկնքով իր ճանապարհի մեծ մասը: Թվում է թե անկյունն արևի դիրքի և նոր տան ուղղության միջև, որը մատնանշում է մեղուն, պետք է շատ փոխված լինի և նրա տեղեկությունն արդեն արժեք չունի: Սակայն դա այդպես չէ: Ներքին կենսաբանական ժամացույցը մինչև վայրկյանի հարյուրերորդական ճշգրտությամբ հուշում է մեղվին, թե որքան ժամանակ է անցել փեթակ հասնելուց հետո և ինչ անկյունով կարող էր այդ ընթացքում փոխվել արևի դիրքը:

Ինչպես ցույց են տվել երկարամյա դիտարկումները, հետախույզ մեղուն, պարով հայտնելով ուղղության ազիմուտը, անդադար փոխում է ուղղությունն ըստ արևի տեղաշարժի:

Հարկ է նշել, որ Ֆրիշի բացահայտումը միանշանակ չի ընդունվել: 60-70-ականներին բուռն բանավեճ է եղել այն մասին, թե իրոք մեղուները տեղեկատվություն են փոխանցում հեռահար կողմնորոշման համակարգի միջոցով, որը ներառում է աբստրակտ սիմվոլներ, թե ինչ-որ կերպ օգտագործում են հոտավետ նյութեր: Ենթադրություն արվեց, որ վեճի իդեալական հանգուցալուծում կլինեին ռոբոտ-մեղվի օգնությամբ ստացած արդյունքները, որն այդպիսի պար կկատարեր մարդու հսկողությամբ:

1992-ին դանիացի գիտնականները ստեղծեցին ռոբոտ-մեղու, որին սովորեցրին «պարի» բոլոր շարժումները, որոնք նկարագրել էր Ֆրիշը: Եվ հետաքրքիր է, որ ռոբոտ-մեղվի պարին հետևող իսկական մեղուները թռան հենց այն վայրը, որը նշված էր ավստրալացի կենդանաբանի նկարագրության մեջ, որը գաղտնազերծել էր այդ զարմանալի միջատների լեզուն: Այդպես հաստատվեց մեղուների կողմից «պարի լեզվի» կիրառման փաստը: Այդ լեզվի վերծանումը մինչ օրս ավարտված չէ: Նոր հետազոտություններն այդ ոլորտում հետաքրքիր արդյունքներ են տալիս, բայց նաև նոր հարցեր են առաջացնում:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---