Մտավոր կարողություններով հաջորդը մարդուց հետո

Մտավոր կարողություններով հաջորդը մարդուց հետո

Դելֆինների հանճարեղ բանականությունը

Դելֆինը բանական կենդանի է: Այդ հիպոթեզի օգտին են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների վերջերս արված հետազոտությունների արդյունքները:

PanARMENIAN.Net - Մասնագետներն արդեն բավականին տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրում են դելֆինների լեզուն և ցնցող արդյունքներ են ստացել: Ինչպես հայտնի է, ձայնային ազդանշաններն առաջանում են դելֆինների քթանցքով օդի անցնելու արդյունքում:

Հաջողվել է պարզել, որ կենդանիներն օգտագործում են 60 հիմնարար ազդանշան և դրանց համադրման 5 մակարդակ: Դելֆինները կարող են 1012 բառից բաղկացած «բառարան» ստեղծել: Հազիվ թե դելֆիններն օգտագործեն այդ բոլոր «բառերը», սակայն նրանց ակտիվ «բառարանի» ծավալը ևս տպավորիչ է`մոտ 14 հազար ազդանշան: Համեմատության համար` նույնքան բառապաշար ունի միջին մարդը: Իսկ առօրյա կյանքում մարդկանց բավարար է 800-1000 բառը:

Դելֆինների շփումն արտահայտվում է հնչյունային իմպուլսներով և ուլտրաձայնով: Դելֆինները բազմազան հնչյուններ են արտաբերում` սուլոց, ծլվլոց, բզզոց, ծպծպոց, ճիչ, չփչփոց, խզոց, ճստճստոց, ոռնոց, գոռոց և այլն: Առավել արտահայտիչ է սուլոցը, որը մի քանի տասնյակ տարատեսակներ ունի: Յուրաքանչյուրը որոշակի արտահայտություն ունի` տագնապի ազդանշան, ցավի, կանչի, ողջույնի, զգուշացման և այլն: Ամերիկացի գիտնականները եկել են եզրակացության, որ դելֆիններից յուրաքանչյուրն իր անունն ունի և առանձնյակն արձագանքում է, երբ նրան են դիմում ցեղակիցները: Ոչ մի այլ կենդանու մոտ նման հատկություն չի հայտնաբերվել:

Դելֆինների մտավոր կարողությունները

Դելֆինի ուղեղը քաշով մոտ է մարդու ուղեղին: Չափն այս դեպքում նշանակություն չունի: Շվեյցարացի գիտնականները, որոնք հետազոտել են կենդանիների ունակությունները, հայտնաբերել են, որ մտավոր կարողությունների մակարդակով դելֆինները երկրորդ տեղն են զբաղեցնում մարդուց հետո: Երրորդ տեղում փղերն են, իսկ կապիկները միայն չորրորդ տեղում են հայտնվել: Չզիջելով քաշով հասուն մարդու ուղեղին` դելֆինի ուղեղը ծալքերի ավելի բարդ կառուցվածք ունի: Շատ գիտնականներ տարբեր փորձեր են անցկացնում դելֆինների հետ և անսպասելի եզրակացություններ անում: Մասնավորապես, կա տեսություն, ըստ որի դելֆիններն, ի տարբերություն կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների, «իրենց լեզուն» կիրառում են ոչ միայն գոյատևման բնազդի մակարդակով, այլ նաև տեղեկատվության զգալի ծավալների յուրացման համար: Հարց է առաջանում` նրանց ինչին է դա պետք, եթե նրանց մոտ բացակայում է «բանական կյանքը» մարդու ընկալմամբ: Այդ ուղղությամբ բազում հետազոտություններ են անցկացվում:

Կարևոր ասպեկտ` դելֆիններն ականջներով են «տեսնում»: Ուլտրաձայն արձակելով` նրանք հաշվարկում են առարկան, այդպիսով ինչ-որ վիզուալ պատկեր ստանալով: Այդ կաթնասունների լսողությունը հարյուր անգամ սուր է մարդու լսողությունից: Երկիր մոլորակի վրա ոչ մի կենդանի էակ նման լայն հաճախականության դիապազոն չունի: Տարածքի այսպես կոչված ակուստիկ զոնդավորման ժամանակ դելֆինները վայրկյանում մոտ 2-40 ձայն են արձակում` արտակարգ իրավիճակներում մինչև 500: Այսինքն ամեն վայրկյան մշակվում է ինֆորմացիա, որի բարդությունը համեմատելի է մարդու կողմից ստեղծված ամենաբարդ համակարգիչների հետ (Բորիս Ֆ. Սերգեև. «Կենդանի լոկատորներն օվկիանոսում»):

Ենթադրվում է, որ տեղեկատվական այդ տարափից վերարտադրվում է շրջակա տարածքը և առկա բոլոր առարկաները, ինչն իր ինֆորմատիվ հագեցվածությամբ անհամեմատելի է մեզ համար ընկալելի տեսողական ընկալման հետ:

Պետք է հաշվի առնել, որ մարդը տեղեկատվության 90 տոկոսը ստանում է տեսողական ազդանշանի մշակման միջոցով: Իսկ դելֆիններն ահա ստանում այն լսողական և էխոլոկացիոն ազդանշանների շնորհիվ: Ընդ որում, այնպիսի մակարդակով, որը դեռ անհասանելի է մարդու համար տեխնիկական սարքերի ստեծղման առումով:

Դելֆինների «լեզուն»

Դելֆինների «խոսքը», որն ըստ մարդու ընկալման «անիմաստ» հնչյունների հավաքածու է, հիմա, նույնպես գիտական փորձերի հիման վրա, բարդության մակարդակով ընկալվում է որպես համազոր ցանկացած մարդկային լեզվի: Ռուս գիտնականներ Մարկովն ու Օստրովսկայան, ուսումնասիրելով դելֆինների լեզուն, եկել են եզրակացության, որ այն գերազանցում է մարդու խոսքն իր բարդությամբ:

Ժամանակակից լեզուներն ունեն հետևյալ կառուցվածքը` հնչյուն, վանկ և բառ, որոնցից էլ կազմված է խոսքը: Դելֆինների արձակած հնչյունների վերլուծության արդյունքում ի հայտ է եկել բարդության 6 մակարդակ, որի կառուցվածքը նմանություն ունի հին, մոռացված լեզուների հետ: Այդ լեզուների հիմքում լեզվային հիերոգլիֆների նման ինչ-որ բան է` երբ հնչյունային մեկ միավորի` հնչյունի, վանկի, հետևում նման լեզուներում թաքնված է մեր ընկալմամբ իմաստային արտահայտության էկվիվալենտ: Դելֆինների դեպքում դա հատուկ սուլոցն է:

Դելֆինների խոսքում հայտնաբերվել են նաև մաթեմատիկական օրինաչափություններ, որոնք հատուկ են գրավոր տեքստերին տեղեկատվության բաշխման հիերարխիայով` արտահայտություն, պարբերություն, պարագրաֆ, գլուխ:

Սովորելու ունակություն

Ինչո՞ւմ են արտահայտվում դելֆինների մտավոր կարողությունները: Առաջին հերթին, պետք է նշել ծովային այդ կենդանիների սովորելու ունակությունը: Դելֆինները երբեմն շներից արագ են սովորում հրահանգներ կատարել: Բավական է դելֆինին 2-3 անգամ ցույց տալ հնարքը, և նա հեշտությամբ կկրկնի այն: Բացի այդ, դելֆինները նաև ստեղծարար ունակություններ ունեն: Կենդանին կարող է ոչ միայն կատարել վարժեցնողի առաջադրանքը, այլ նաև ընթացքում էլի ինչ-որ հնարքներ ցույց տալ: Զարմանալի է նաև դելֆինի ուղեղի մեկ այլ հատկություն ևս` նա երբեք չի քնում: Ուղեղի աջ և ձախ կիսագնդերը հերթով են հանգստանում: Չէ որ դելֆինը միշտ պետք է զգոն լինի` խուսափի գիշատիչներից և պարբերաբար դուրս գա ջրի երես շնչելու համար:

Դելֆիններն իրապես զարմանալի հատկություններով են օժտված: Հայտնի ամերիկացի նյարդաֆիզիոլոգ Ջոն Լիլլը, որն առաջիններից էր, ով սկսեց ուսումնասիրել ուղեղի ֆիզիոլոգիան Փենսիլվանիայի համալսարանում, դելֆիններին անվանել է «զուգահեռ քաղաքակրթություն»:

Ջոն Լիլլը մոտ էր դելֆինների հետ ձայնային կոնտակտ հաստատելուն: Ուսումնասիրելով ձայնագրությունները, որոնք արձանագրել էին բոլոր խոսակցություններն ու հնչյունները դելֆինարիումում` նա ուշադրություն էր դարձրել մի շարք պայթուցիկ ու զարկերակային ազդանշանների: Դա նման էր ծիծաղի: Ավելին, մագնիտոֆոնի ձայնագրություններում, որոնք արվել էին մարդկանց բացակայությամբ, շատ սեղմ ձևով որոշ բառեր էին հպանցիկ հնչում, որոնք օպերատորներն արտասանել էին աշխատանքային օրվա ընթացքում: Սակայն, դելֆիններին մարդկային լեզու սովորեցնելու գործընթացն առաջ չգնաց: Մտորելով պատճառների մասին` Լիլլն ապշեցուցիչ միտք արտահայտեց` մարդիկ ձանձրացրեցին դելֆիններին:

Դելֆինաթերապիա

Դելֆինաթերապիան ակտիվորեն օգտագործվում է ժամանակակից բժշկության մեջ: Պաշտոնական հետազոտությունները հաստատվում են հետևյալ փաստերով:

Այն, որ թերապիայի ժամանակ, հաճախորդը գտնվում է փոփոխված գիտակցության վիճակում, հաստատում են էլեկտրաէնցեֆալոգրամայի տվյալները` չափումները սովորաբար անցկացվում են մինչև սեանսը և դրանից անմիջապես հետո: Մարդու ուղեղի ռիթմերը զգալիորեն դանդաղում են, նվազում է էլեկտրաէնցեֆալոգրամայում իշխող հաճախականությունը, տեղի է ունենում ուղեղի երկու կիսագնդերի էլեկտրական ակտիվության սինխրոնիզացում: Այսպիսի վիճակը հատուկ է մեդիտացիային, աուտոգեն ընկղմմանը, հիպնոտիկ տրանսին, հոլոթրոփ շնչառությանը: Բացի այդ, հոգեիմունաբանական հետազոտություններն ապացուցել են, որ դելֆինաթերապիայի սեանսների ժամանակ զգալիորեն աճում է էնդորֆինների արտադրությունը: էնդորֆիններն օգնում են ներդաշնակեցնել նյարդային համակարգն ու ակտիվ և դրական աշխարհընկալման են տրամադրում:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---